Դպրություն

Նորարարությունների ներմուծմամբ կորցնո՞ւմ ենք, թե՞ շահում․ «Դպրություն»

Ժամանակակից պայմաններում յուրաքանչյուր ուսումնական հաստատության գործունեության մրցակցային ռեսուրսը ոչ այնքան հատուկ գիտելիքն է, տեղեկատվական գիտելիքները, ուսուցման և դաստիարակության յուրացված տեխնոլոգիաները, որքան ընդհանուր և մասնագիտական-մանկավարժական մշակույթը։

Տվերի պետական համալսարանի (Ռուսաստան), Նավոյի պետական մանկավարժական ինստիտուտի (Ուզբեկստան) և Հայաստանի եվրոպական համալսարանի (Հայաստան) համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «Ավանդույթներն ու նորարարությունները մանկավարժի մասնագիտական վերապատրաստման և գործունեության մեջ» խորագրով 4-րդ միջազգային գիտաժողովը։

Ուսուցչի մասնագիտական և մանկավարժական մշակույթը որքանո՞վ է զարգացած մեզ մոտ և ի՞նչ ազդեցություն են ունենում միջազգային գիտաժողովները կրթական գործընթացի վրա։

Դպրություն հաղորդաշարի տաղավարում են՝ Հայաստանի եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ա.գ.թ., դոցենտ Գոռ Մանասյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ դասախոս, հ.գ.թ. Մարի Քելոյանը և Երևանի Խ.Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աննա Մելքումյանը։

Երևանի Խ.Աբովյանի անվան համար 2 հիմնական դպրոցի ուսուցչուհի Աննա Մելքումյանն ասում է․ «21–րդ դարի աշակերտը, այնուհետև ուսանողը, չի կարող հին ավանդույթներով շարժվել առաջ։ Չի կարելի դոփել տեղում։ Պետք է պատրաստ լինել ժամանակի մարտահրավերներին»։

Հայաստանի եվրոպական համալսարանի հոգեբանության ամբիոնի վարիչ, ՀՊՄՀ դասախոս, հ.գ.թ. Մարի Քելոյանն ասում է․ «Առանց ազգային ինքնության, էթնիկական ինքնության, անձը չի կարող լինել ամբողջական և լիարժեք։ Ինչքան էլ նորամուծությունները բերում են թարմություն, առաջընթաց՝ գլոբալիզացիայի միտումները պետք է անպայման համադրենք մեր ավանդականի հետ»։

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, ա.գ.թ., դոցենտ Գոռ Մանասյանն ասում է․ «Թե՛ ուսուցչի, թե՛ դասախոսի, որպես կրթության և դաստիարակության կրողի ու պատասխանատուի, գլխավոր խնդիրներից մեկը պետք է հանդիսանա պատասխանատու քաղաքացու ձևավորումը»։

Ցուցադրել ավելի
Back to top button