ԿարևորՀասարակություն

Խորհրդարանն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը

«Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» եւ ՀՀ քրեական օրենսգրքում առաջարկվող լրացումներով կնախատեսվի քրեական պատասխանատվություն նաեւ թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ածանցյալների ապօրինի շրջանառության, իրացման, հափշտակության, շորթման, մաքսանենգության, դրանց գործածմանը մղելու, ներգրավելու, գործածմանը նպաստելու եւ դրանց ապօրինի կիրառության այլ դեպքերում: Օրենսդրական փաթեթն ԱԺ մայիսի 19-ի արտահերթ նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը:

ԱԺ պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշել է, որ Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերի փաթեթին տվել է դրական եզրակացություն:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է նաեւ Կառավարության հեղինակած «Ավիացիայի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններն ու լրացումները:

Ըստ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի՝ օրինագծի ընդունումը պայմանավորված է օրենքի մի շարք դրույթներ միջազգային համաձայնագրերին եւ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության չափորոշիչներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Հստակեցվում են ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից ավիացիոն գործունեության նորմատիվ կանոնակարգման գործընթացում օրենքից բխող ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման լիազորությունները: Կկարգավորվեն ցածր դասի օդանավ շահագործողների կողմից թռիչքային հարթակների կառուցման եւ դրանց հետագա շահագործման հետ կապված հարաբերությունները:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հայկ Ցիրունյանը տեղեկացրել է, որ օրինագիծը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:

«Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններով էլ գործադիրն առաջարկում է սահմանել քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին եւ կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների վերապատրաստման կարգը:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել է, որ այժմ ծառայողների վերապատրաստումն ու կատարողականի գնահատումն իրականացվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի համաձայն, սակայն հաստիքակազմի ստվար հատվածը ոչ թե քրեակատարողական համակարգում քաղաքացիական ծառայողներ են, այլ քրեակատարողական ծառայողներ: Այս ծառայությունն ունի որոշակի առաձնահատկություններ, որոնք պետք է հաշվի առնվեն կատարողականի գնահատման դեպքում: Փոխնախարարի տեղեկացմամբ՝ նախատեսվում է փոխել վերապատրաստումների կարգը՝ հիմքում ունենալով առանձնահատկությունների հաշվառմամբ իրականացված անհատական կարիքների գնահատումը եւ քրեակատորաղական ծառայողների մասնագիտական գիտելիքների ու հմտությունների զարգացման անհրաժեշտության դեպքում ոչ ուշ, քան երեք տարին մեկ անգամ պարբերական վերապատրաստման կառուցակարգը: Անցումային ժամանակահատվածի համար սահմանված անցումային դրույթով վերապատրաստման կարգը սահմանվելու է ոլորտը համակարգող արդարադատության նախարարի հրամանով:

Հարակից զեկույցում ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացության մասին բարձրաձայնել է Ալխաս Ղազարյանը:

Քննարկված հարցերն ընդունվել են առաջին ընթերցմամբ: Սպառելով օրակարգը՝ Ազգային ժողովն ավարտել է արտահերթ նիստի աշխատանքը:

Back to top button