ԿարևորՀասարակություն

Լարսը բաց է քաղաքացիների ազատ տեղաշարժի համար․ աննախադեպ հոսքերն առջևում են

Ռուս-վրացական սահմանին աննախադեպ հոսքեր են սպասվում հատկապես այս օրերին․ ցամաքային սահմանն այսուհետ բաց է քաղաքացիների ազատ տեղաշարժի համար։

Այսպիսով, Հայաստանի քաղաքացիների Ռուսաստան ելումուտը Վրաստանի տարածքով ազատ է, հանվել է աշխատանքի, բժշկական կամ ընտանիքի միավորման հիմնավորումը։

Քաղաքացիների ազատ տեղաշարժի համար մոտ երկու տարի առաջ փակված վրաց-ռուսական  ցամաքային սահմանը (Կազբեգի-Վերին Լարսը) այսուհետ բաց է։

Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի բնակիչները, որ կապված են Ռուսաստանի հետ, ասում են՝ շատերը շուրջ երկու տարի զրկված էին եկամտի հիմնական աղբյուրից (Ռուսաստանում սեզոնային աշխատանքից) և հարազատներին տեսնելու հնարավորությունից։

Ախալքալաքից Ժենյա Մկրտչյանն ասում է, որ հաճախ է մեկնում Ռուսաստան։ Վրաց-ռուսական ցամաքային սահմանի փակ լինելու պատճառով վերջին շրջանում Հայաստանով՝ օդային ճանապարհով (Վրաստան-Ռուսաստան ավիահաղորդակցությունը ամբողջովին ընդհատվել է 2019-ին) էր մեկնում՝ վճարելով երեք անգամ ավել․

«Ես 2-3 ամիսը մեկ մեկնում են Ռուսաստան, հարազատներս այնտեղ են։ Դա ուրախալի լուր է, որովհետև Հայաստանով Ռուսաստան մեկնելը շատ ծախսերի հետ է կապված, այժմ կարող եմ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհով գնալ»։  

Համավարակի պատճառով ցամաքային սահմանը բացառիկ դեպքերում հատելու թույլտվության մասին որոշումը չեղարկված է, ինչը նշանակում է և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի քաղաքացիներն գրեթե ազատ կարող են տեղաշարժվել Վերին Լարսով․ Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Արամ Թանանյանը «Ռադիոլուրին» ասաց․

«Ռուսաստանի քաղաքացիները այսուհետ կարող են մեկնել Վրաստան՝ անցակետերում ներկայացնելով միայն COVID-19-ի դեմ ամբողջական (երկու դոզա) պատվաստման սերտիֆիկատ, կամ դրա բացակայության դեպքում՝ PCR թեստի բացասական պատասխան:

Վրաստանի ցամաքային սահմանով Հայաստանի քաղաքացիները ևս սեփական ավտոմեքենայով, ավտոբուսով դեպի Ռուսաստան և հակառակ ուղղությամբ կարող են ազատ տեղաշարժվել՝ ներկայացնելով միայն պատվաստման սերտիֆիկատ կամ PCR թեստի բացասական պատասխան»:

Ռուսաստանի հետ ցամաքային կապը համավարակի ողջ ընթացքում բեռնատարների համար ազատ էր, քաղաքացիների համար ընթանում էր բացառիկ դեպքերում՝ բարդ թղթաբանությամբ։

Վրաց-ռուսական սահմանն այս պահին շարունակում է խիստ ծանրաբեռնված մնալ․ երկու կողմում էլ հազարավոր բեռնատարներ են դեռևս կուտակված, պատճառը վերջին օրերի եղանակային անբարենպաստ պայմաններն ու ռուսական կողմում իրականացվող շինարարական աշխատանքներն են։ Թանանյանի խոսքով, ռուսական կողմում հերթերը որոշ չափով թեթևացել են․

«Հիմա հերթում ընդամենը 1200-1300 մեքենա է։ Մեծ կուտակումներ են Վրաստանում, աշխատում ենք Վրաստանից մեծ քանակությամբ մեքենաների մուտքը Ռուսաստան ապահովելու ուղղությամբ՝ կանխասպասելով նաև Հայաստանից մրգերի արտահանման ակտիվ շրջանը»։

Այսպիսով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման ամբողջական կուրսն ավարտած, կամ թեստի բացասական պատասխան ունեցող Հայաստանի քաղաքացիների համար բաց են և՛ Վրաստանի, և՛ Ռուսաստանի սահմանները։

Ցուցադրել ավելի
Back to top button