ԿարևորՀասարակություն

Թոշակ ու նպաստ ստացողի ծախսերի մի մասը կվերադարձնեն

Հուլիսի 1-ից Հայաստանում կենսաթոշակառուներն ու նպաստառուները անկանխիկ առևտուր կատարելիս ամիս հաջորդ հետվճար կստանան, բայց ոչ ավելի, քան 5000 դրամ։ Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ ծախսերի վճարումների վրա, եթե դրանք կատարվել են կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատով:

Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության շրջանակում, որտեղ պետությունը և բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ։

Ինչպե՞ս նվազեցնել կանխկիկ շրջանառությունը, խրախուսել անկանխիկ առևտուրը․ կառավարությունում  ուղին գտել են՝ կփորձեն մարդկանց գրպանն, այսպես ասենք, շոյելու միջոցով։ Հուլիսի 1-ից  թոշակ և նպաստ ստացող մեր քաղաքացիները եթե կանխիկով վճարելու փոխարեն վճարում անեն բանկային իրենց քարտով, հաջորդ ամիս քարտով առևտրի 10 տոկոսի չափով գումար հետ կստանան։

ԱՍՀՆ Նարեկ Մկրտչյանի տեղեկացմամբ. «Հուլիսի 1-ից գործընկեր բանկերի քարտապան կենսաթոշակառուներն ու նպաստառուները, որոնք ՀՀ տարածքում գործող առևտրի կետերում կամ ծառայություններ մատուցող կազմակերպությունների մոտ տեղադրված վճարային քարտերով և վճարում ընդունող սարքերով կկատարեն գնումներ և վճարումներ, հաջորդ ամիս կստանան 10 տոկոսի չափով հետվճար՝ նախորդ ամսվա ընթացքում կատարված անկանխիկ գործարքների հանրագումարից: Հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5 000 դրամը՝ անկախ, թե ինչ գումարի շրջանակում են կատարվել գործարքները»։

Հետվճարը տարածվելու է նաև կոմունալ ծախսերի վրա, եթե դրանք վճարվել են նույն բանկի բանկոմատով, որի քարտը և ունի թոշակառուն կամ նպաստառուն։ Հետվճարը ձևավորվում է պետություն-բանկ սոցիալական պատասխանատվության շրջանակում։ Պետությունը և բանկը մասնակցում են 5-ական տոկոս համամասնությամբ: Գործընկեր բանկերի ցանկը կհրապարակվի մինչև հունիսի 1-ը։

Վարչապետ Փաշինյանը հետաքրքրվում է նախարարից․

Փաստորեն, ցանկացած տեղում անկանխիկ գործարքի և նաև կոմունալ վճարներ կատարելու պարագայում այդ 10 տոկոսի հաշվառումն իրականացվելո՞ւ է:

Այո։ Կոմունալ վճարումներ կատարելու հետ կապված՝ այն բանկերի բանկոմատների միջոցով, որոնց միջոցով նրանք կոմունալ վճարները կկատարեն, բանկը կտրամադրի դրա հետվճարը»:

Ծրագիրը փորձնական է՝ 6 ամսով։ Կվերլուծեն ու կհասկանան, թե ինչ  հնարավորություններ և ինչ թերություններ կան:  Իսկ թե ինչու է 5 000 դրամի չափը դրվել՝ վարչապետն արձագանքեց․

«Հաշվարկել են միջին կենսաթոշակների չափը:  Կան քաղաքացիներ, որոնք  մինչև 200 հազար դրամ և ավելի կենսաթոշակ են ստանում: Մենք այստեղ չենք ուզում դիսբալանս ստեղծել: Բայց, իհարկե, կդիտարկենք, թե ինչ լավարկումներ են հնարավոր»:

Ծրագիրն ունի առանձնահատկություն՝ հստակեցնում է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պարզաբանելով․ «Եթե թոշակառուն ուզում է անկանխիկ վճարելով 10 տոկոսը հետ ստանալ, թոշակը ստանալու առաջին օրերին պետք է կանխիկացում չանեն, քանի որ եթե գումարը հանում են, մուտք անել այլևս հնարավոր չէ այդ քարտերին»:

Ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վճարային քարտերի քանակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1 տոկոսով։ Վճարային  քարտերով կատարված գործարքների թիվն աճել է գրեթե 40 տոկոսով։  Բանկերի միության գործադիր տնօրենի  տեղակալ Արման  Սարգսյանը նկատում է՝ և իրավաբանական, և ֆիզիկական անձանց հաշիվներն ավելացել են։

«Ավելացել է շուրջ 28 200 քարտ։ Քարտերի գերակշիռ մասը՝ շուրջ 45 տոկոսը, visa քարտեր են, և գրեթե հավասար են arqa և  master քարտերը։ Արձանագրենք, որ վերջին տասը տարում 200 տոկոսով աճել է քարտերի քանակը»։

Հունվար-մարտին ՀՀ-ում թողարկված քարտերը ևս կտրուկ ավելացել են՝ 41 տոկոսով։ Դրանցով արտերկրում  արված գործարքները  միայն այս եռամսյակում 100 տոկոսով են ավելացել։ Մասնագետներն այս աճը պայմանավորում են ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան եկած այցելուներով։

Վերադառնալով կանխիկ վճարումներից անկանխիկի անցնելու մտադրությանը։ Կառավարությունում բացատրում են՝ նպատակը նաև  նպաստ կամ թոշակ ստացողների գնողունակության որոշակի բարձրացումն է՝  հատկապես վերջին շրջանի բարձր գնաճի պայմաններում։ Սա բյուջեին մոտ 5,6 մլրդ դրամ կարժենա։ Ակնկալվում է, որ փաստացի շահառու կդառնա և առնվազն 3 ամիս անընդմեջ նախատեսված հետվճարը կստանա բանկային քարտով կենսաթոշակ ստացող կենսաթոշակառուների 80 տոկոսը՝ մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը։

Գործադիրում կարևորում են երկու հանգամանք էլ։ Նախ, որ մարդիկ հասկանան՝ քարտի վրա գումար պահելն ավելի անվտանգ է։ Եվ երկրորդ, ակնկալում են, որ կենտրոնական բանկի հետ համատեղ տվյալներ կկուտակեն ու կվերլուծեն՝ հասկանալու, թե  կենսաթոշակառուներն ինչի համար են հատկապես գումար ծախսում:  

Այս պարագայում, սակայն, որոշ հարցեր են ծագում։ Արդյո՞ք մարզերում ու հատկապես գյուղերում բանկային քարտով վճարման հնարավորությունները հասանելի են, արդյոք գումարի վերադարձը սահուն կստացվի, և ի վերջո, ինչու է պետությունը ցանկանում մանրակրկիտ ուսումնասիրել մարդկանց բոլոր ծախսերը։ Որոշ փորձագետներ այս հարցում զգուշավոր կանխատեսումներ են անում։

Ցուցադրել ավելի
Back to top button