ԿարևորՀասարակություն

Դրամահավաքը վերջին զանգի համա՞ր է, թե՞ ուսուցչի. նախարարությունը զգուշացնում է

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վերջին շրջանում ահազանգեր է ստացել  դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ: Բոլոր մարզպետարաններն ու նախարարության ենթակա հանրակրթական ուսումնական հաստատությունների և ոչ պետական դպրոցների տնօրենները խիստ զգուշացվել են՝բացառելու նման երևույթները:

Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը բացառում է դրամահավաքն իրենց դպրոցում ու կտրականապես հրաժարվում հարցազրույցից: Թեժ գծին ստացված զանգի հետ կապված էլ առաջարկում դիմել կրթական գերատեսչությանը։ «Գնացե՛ք, ծնողխորհուրդների արձանագրությունները նկարե՛ք, տեսե՛ք, մարդիկ ինչի համար են ստորագրել, իսկ ես հարցազրույց չեմ տալիս, դա իմ իրավունքն է»,-ասում է:

Ահազանգից հետո Խումարյանը ժողով է հրավիրել ու հայտարարել՝ դպրոցում վերջին զանգ ու վերջին դաս չի անցկացվի: 100-ից ավելի դժգոհ ծնողներ եղել են մարզպետարանում, ապա միանման արձանագրություններ ստորագրել, որ վերջին զանգի համար որևէ գումար չեն հավաքել: Ուշագրավ է, որ ծնողները չձայնագրվելու պայմանով նշում են, որ, այդուհանդերձ, վերջին զանգի հետ կապված որոշակի ծախսեր անելու են:

Դպրոցի բարձր դասարանցիներից մեկի մայրն, անանուն մնալու պայմանով, ասում է, որ միակ երեխայի վերջին զանգի համար շուրջ 20.000 դրամ է ծախսել. «Մի՞թե մեծ գումար է, որի համար արժեր աղմուկ բարձրացնել»: Մյուսն էլ, թե՝ ծնողխորհուրդը փորձել է այնպես անել, որ ոչ մի ծնող վատ վիճակում չհայտնվի: Այնպես չի, որ գումար չենք հավաքելու՝ 3-րդն է անկեղծանում՝ դարձյալ չձայնագրվելու պայմանով: «Շքեղություններ չենք նախատեսում, բայց ուսուցչին ծաղկեփունջ կնվիրենք»,-ասում է: 

«Ռադիոլուր»-ին ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացրին, որ այս ապրիլին Վանաձորի թիվ 4 դպրոցի հետ կապված թեժ գծին զանգ ստացել են: 9-րդ դասարանցու ծնողը բողոքել էրր, որ պարտադրում են տարեվերջյան միջոցառումների համար 10.000-ական դրամ հավաքել:  Ահազանգի հետքերով Լոռու մարզպետարանի կրթության վարչությունից եղել են թիվ 4 դպրոցում, պարզել, որ նման անուն ազգանունով ո՛չ աշակերտ ունեն, ո՛չ ծնող:

Արամ Գրիգորյան` Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ. «Մենք, հասկանալով ծնողնե րի մտավախությունը, որ գուցե չուզենալով իրենց երեխաների անունը շեշտվի, եղել ենք հետևողական: Դրամահավաքը դպրոցներում բացառվում է, նշանակություն չունի՝ որքան գումար, եթե իրենք կշարունակեն էլի դրամահավաքությունը, մենք այլ միջոցների կդիմենք»:

Վանաձորի թիվ 4 դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը կասկածի տակ է առնում զանգի իսկությունն ու առաջարկում իրավապահների հետ պարզել եղելությունը: Նախարարությունից հակադարձում են՝ հետամուտ են  թեժ գծին ստացված բոլոր զանգերին ու փորձում են չկորցնել վստահությունը: Վանաձորի թիվ 20 դպրոցի տնօրեն Կարինե Մարգարյանն ասում է, որ դասարան նորոգելու, կահավորելու կամ այլ կարիքների համար երբեք ծնողի «գրպանը չեն մտնում»: Վերջին զանգի մասով դպրոցի ծնողխորհուրդն ինքնուրույն է որոշում իր ծախսերը: Այս տարի էլ վերջին զանգը համեստ ու զուսպ կնշեն: Արգելել է ուսուցիչներին ծաղիկներ ու ծաղկեփնջեր նվիրելը:

Կարինե Մարգարյան` Վանաձորի Թիվ 20 դպրոցի տնօրեն. «Որպես այդպիսին՝ ավարտական դասարաններում է դրամահավաքի մասին խոսվում: Նրանց ծնողներին անձամբ կանչել եմ, ներկայացրել եմ՝ ինչն է կտրականապես արգելվում, իսկ մնացած հարցերը, թե ծնողները ի՞նչ կհագցնեն իրենց երեխաներին, իրենց խնդիրն է: Մենք իրավունք էլ չունենք որևէ կերպ դրան խառնվելու»։

Դրամահավաքը զգայուն թեմա է՝ ասում է 2 շրջանավարտների մայր Աստղիկ Ավետիսյանը: Ծնողական խորհուրդներում ներգրավված ծնողները պետք է գիտակցեն ներգրավվման նպատակը, որ այն ոչ թե կցորդ է, այլ դպրոցի կառավարմանն աջակցող: Իմ բախտը բերել է այդ հարցում, երբեք ոչինչ պարտադրված կամ ստիպողաբար չեմ արել՝ ասում է:

Աստղիկ Ավետիսյան. «Իմ տարիների փորձն այսպիսին է եղել: Մենք 2 տարբեր դպրոցներում որոշել ենք, որ ինքներս պիտի որոշենք, թե ինչ ենք անում: Եթե որևէ մեկը առանձին նվեր պիտի փոխանցի ուսուցչին, մենք այդ պրակտիկան վերացրել ենք, որովհետև պետք է հավասարության սկզբունքը գործեր»:

Վանաձորի «Էվրիկա» դպրոցի ծնող է Լիլիթ Դանիելյանը: 2 տղաներն էլ այնտեղ են սովորում: Գումար խիստ անհրաժեշտ դեպքում են հավաքում:

«Այդ դպրոցում դրամահավաք շատ քիչ է իրականացվում, միայն բոլոր ծնողների համաձայնությամբ և խիստ անհրաժեշտության դեպքում»:

Լոռու մարզի հիմնական դպրոցներից մեկի ծնողը, դարձյալ անանուն մնալու պայմանով, անկեղծանում է՝ կան ծնողներ, որոնց մոտ, իր խոսքով՝ մոլուցքի է հասնում գումար հավաքելու սովորույթը, որ դեռ մանկապարտեզից է գալիս: Չի թաքցնում՝ կոնֆլիկտային վիճակներում շատ է հայտնվել այսպես կոչված դրամահավաքների պատճառով, երբ առիթ-անառիթ գումար են հավաքել: Անգամ նախարարությանն է դիմել պարզելու՝ որքանո՞վ է իրավաչափ, օրինակ, ծնողխորհրդի կողմից վարագույրի համար գումար հավաքելը: Հաճախ հենց արտաբյուջետային միջոցների անվան տակ դպրոցներում դրամ են հավաքում, որի հետագա ծախսերն ուղղորդվում են ուսուցչի կամ տնօրենի կողմից: Մինչդեռ, ինչպես զրուցակիցս է պնդում, ծնողխորհուրդների անդամների մեծ մասը տեղյակ չէ կանոնադրությանն ու չի հետաքրքրվում՝ ինչի են ծառայելու այդ գումարները.

 «Ես 1-ին գծում բողոքողներից եմ, որ հարգելի ծնող,քեզ ընտրել ենք, որ մեր շահերը ներկայացնես, ոչ թե քեզ ինչ թելադրեն, գաս իմ վզին փաթաթես:  Որպես կանոն՝ ես էդ դպրոցում կազմակերպվող ոչ մի տեսակի դրամահավաքի չեմ մասնակցում: Ուսուցիչը կամ տնօրենն ուղղակիորեն չի ասում էս ինչ բանն արեք, ասում է, որ էսպես լինի, լավ կլինի»:

Նախարարությունը շրջաբերական նամակներով խիստ զգուշացրել է՝ բացառել դպրոցներում դրամահավաքները: Լոռու մարզպետարանի կրթության վարչության պետ Արամ Գրիգորյանի խոսքով՝ վերահսկման որևէ մեխանիզմ չունեն, ապավինում են տնօրենների բարեվարքությանը. 

«Որովհետև ունենք սոցիալական դժվար վիճակում գտնվող երեխաներ, ծնողներ: Ինչի պետք է մի երեխան նեղվի մյուսի ծնողի ճոխ մտահղացումներից: Բացառել ենք  և հետևողական ենք՝ պատահական այցերով դպրոցներ: Ստուգում ենք ոչ միայն դրամահավաքները, այլև դասապրոցեսը, ճաշարանը, սանհանգույցները»:

Մինչև ուսումնական տարեվերջ անակնկալ այցերը կշարունակվեն: Այցերի մասին գրություններով տեղեկացնում են մարզի ղեկավարին: Իսկ այս տարի մարզի 1629 շրջանավարտների համար վերջին զանգը կհնչի հունիսի 3-ին:

Back to top button