

Դժվար է պատկերացնել, թե ինչպիսին կլիներ աշխարհն առանց գրքերի: Հոգևոր և բարոյական արժեքների հսկայական շտեմարան է գրականությունը, ոգու և անհատականության դաստիարակության հզոր աղբյուր, ինքնակատարելագործման, աշխարհը ճանաչելու, ընկալելու ուղի, վիթխարի երևույթ, մարդկության լավագույն մտքերի, հետաքրքիր և հուզիչ իրադարձություններով լի անծայրածիր միջավայր, որտեղ չկան ժամանակի սահմաններ, կա հստակ պատկերացում բարու և չարի, ճշմարտության և կեղծիքի։
Հնագույն ժամանակներից ի վեր թարգմանությունը քաղաքակրթությունների, ազգերի, պետությունների, մշակույթների և մարդկանց միջև երկխոսության հիմքը դրեց:


Գեղարվեստական թարգմանությունը խոսքի արվեստ է, ստեղծագործական գործընթաց, որի ժամանակ թարգմանիչը, թափանցելով ստեղծագործության միջավայր, ուսումնասիրելով և ըմբռնելով յուրաքանչյուր բառի, մտքի, զգացմունքի նրբագույն երանգները, օգտագործելով լեզվի հնարավոր գեղարվեստական, էսթետիկական միջոցները, վերստեղծում է ստեղծագործությունը մեկ այլ լեզվում՝ չմոռանալով, որ թարգմանական աշխատանքի նպատակը բնագրի վերարտադրումն է և ոչ թե նոր գործ ստեղծելը:


Եվ հաճախ թարգմանական գրականության շնորհիվ է նաև ընթերցողը առնչվում համաշխարհային գրական գործընթացին:
Չնայած տեղեկատվական տեխնոլոգիաների նոր դարաշրջանը մարդկանց անսահմանափակ հասանելիություն տվեց մուտք դեպի աշխարհի լավագույն գրադարաններ և էլեկտրոնային գրքեր, բայց այսօր շարունակվում են ամբողջ աշխարհում լույս տեսնել հազարավոր գրքեր, որոնք դառնում են ընթերցասերների սիրելի ուղեկիցները, տարածվում են աշխարհով մեկ՝ վերածվելով համաշխարհային բեսթսելլերների:


Այդ հարցում մեծ ներդրում ունեն թարգմանիչները, որոնց հազվադեպ են հիշատակում, մինչդեռ նրանք արժանի են գովասանքի: