Հասարակություն

Արարատ Միրզոյանի հայտարարությունը՝ Հայաստան-ԵՄ գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հայտարարությունը և պատասխանը լրագրողների հարցերին` Հայաստան-Եվրամիություն գործընկերության խորհրդի նիստին ընդառաջ․

«Բարև ձեզ, հարգելի՛ գործընկերներ,

Ուրախ եմ այսօր գտնվել այստեղ՝ Բրյուսելում, նախագահելու Հայաստան-ԵՄ Գործընկերության խորհրդի չորրորդ նիստը։ Անչափ գոհացնող է, որ չնայած առկա իրողություններին և բազմաթիվ մարտահրավերներին, մեզ հաջողվում է ապահովել տարբեր մակարդակներում մեր բանակցությունների և համագործակցության շարունակականությունը։

Հայաստան-Եվրամիություն Գործընկերության խորհուրդը, իսկապես, եզակի հարթակ է, որտեղ մենք խորքային քննարկումներ ենք ունենում և մտքեր փոխանակում տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Հայաստան-ԵՄ երկկողմ օրակարգի կոնկրետ ասպեկտներից մինչև տարածաշրջանային և քաղաքական հարցեր։ Եվ ես ակնկալում եմ, որ արդեն իսկ հաստատված ավանդույթներին համահունչ, մենք կունենանք բաց և ընդգրկուն երկխոսություն:

Հատկանշական է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Եվրամիության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, և խորհրդանշական է, որ այս տարի լրանում է նաև ՀԸԳՀ-ի՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ուժի մեջ մտնելու 1-ամյակը։
Մենք, անշուշտ, կանդրադառնանք նաև այս համաձայնագրի իրականացմանը:

Այսօր մենք կխոսենք նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակի, Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման գործընթացի մասին: Եվ մենք ակնկալում ենք Եվրամիության աջակցությունը խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի համաձայն:

Այսօր կքննարկվեն նաև դեռևս չլուծված հումանիտար խնդիրները, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և պատանդների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգության պահպանության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ այլ խնդիրներ:

Ընդհանուր առմամբ, կցանկանայի նշել, որ այսօրվա հանդիպումը ևս մեկ կարևոր քայլ է դեպի առավել ամուր փոխըմբռնում, գործընկերության, ինչպես նաև մեր քաղաքացիների համար խաղաղության և բարեկեցության ավելի բարձր մակարդակ»,- ասված է ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Back to top button