ԿարևորՀասարակություն

Առաջարկվում է վերանայել  Վճռաբեկ դատարանի և ՍԴ դատավորներին տրվող վարձատրության համակարգը

Կառավարությունը հավանություն է տվել  «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերին: Օրինագծերի ընդունումը  պայմանավորված է Վճռաբեկ դատարանի և Սահմանադրական դատարանի դատավորներին տրվող վարձատրության համակարգի վերանայման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է Սահմանադրական դատարանի դատավորի, փոխնախագահի և նախագահի հավելավճարը սահմանել 80 տոկոսի չափով, իսկ Վճռաբեկ դատարանի դատավորների (այդ թվում՝ նախագահի և պալատի նախագահի) համար սահմանել պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում որպես Սահմանադրության 164 հոդվածի 10-րդ մասով նախատեսված նրանց բարձր կարգավիճակին և պատասխանատվությանը համապատասխան վարձատրություն։ Բացի այդ, եթե դատավորի համար օրենքով սահմանված հավելավճարի չափը գերազանցում է պաշտոնային դրույքաչափի 30 տոկոսը, ապա նրա կենսաթոշակի հաշվարկի մեջ ընդգրկվում է հավելավճարի գումարի 30 տոկոսը:

Ինչպես նշել է  հարցը զեկուցող Արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը, փոփոխությունները բխում են ՀՀ դատական և իրավական ռազմավարությունից, որով նախատեսվել են դատավորի աշխատավարձի և դրա նկատմամբ սահմանված հավելավճարների օրենդրական փոփոխություններ:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հաճախ նման նախագծերը քննադատության առարկա են դառնում: «Գիտեմ, որ շատ մարդիկ ասելու են՝ այս սոցիալական ծանր իրավիճակում  դատավորների և Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձն են բարձրացնում: Ես ինչպես նախկինում ասել եմ՝ մենք այս որոշումները կայացնում ենք առաջին հերթին ոչ թե հանուն դատավորների, այլ հանուն այն քաղաքացիների, ովքեր առնչվում են այդ դատարանների հետ: Արդարությունը և պատշաճ արդարադատությունն ամենակարևոր հնարավորությունն է, որ մենք երկրում պետք է ունենանք: Սա ունի և՛ սոցիալական, և՛ քաղաքական, և՛ իրավական նշանակություն: Մենք հետևողականորեն պետք է գնանք այս ճանապարհով, որովհետև ուզում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում լինի այնպիսի դատական համակարգ, որը, պայմանականորեն ասած, նայում է մարդկանց աչքերին և ոչ թե մարդկանց ձեռքերին: Սա շատ կարևոր արձանագրում է: Սրանից շղթայական շատ մեծ գործընթացներ են տեղի ունենում, որոնք ազդում են մարդկանց սոցիալական,  բարոյական վիճակի, ընդհանուր ինքնազգացողության վրա», —ասել է վարչապետը:

Այդ համատեքստում կառավարության ղեկավարն ընգծել է այդ ճանապարհով հետևողականորեն առաջ  գնալու կարևորությունը. «Մենք այս որոշումները կայացնում ենք նաև այն պատճառով, որ երբ  ասում ենք, հայտարարում ենք, որ ուզում ենք երկրում լինի իսկապես անկախ դատական համակարգ՝ դա ձև չէ,  քաղաքական կարգախոս չէ: Դա համոզմունք է, ցանկություն է, նպատակ է, որին մենք հետևողականորեն պետք է հասնենք: Եվ մենք, իհարկե, գիտենք, որ կան բազմաթիվ դատավորներ, ովքեր առաջնորդվում են իրենց խղճով և օրենքներով, ուստի  մենք նաև այս մարդկանց պետք է աջակցենք և քաջալերենք որպես հանրություն, որպես կառավարություն, որպես երկիր:  Այստեղ միայն ֆինանսական  հարց  չէ,  սա նաև որոշակի հանրային քաղաքական աջակցության ձև է բոլոր այն դատավորներին, ովքեր ծառայում են իրենց խղճին, իրենց համոզմունքին, Սահմանադրությանը, օրենքին և այսպիսով՝ ժողովրդին: Շատ կարևոր է, որ ունենանք վճռականություն այս միջոցներն իրականացնելու, ինչքան էլ հասկանում ենք, որ դրանք ոչ, ինչպես ասում են, պոպուլյար որոշումներ են, բայց դրանք շատ կարևոր որոշումներ են»:

Back to top button