ԿարևորՀասարակություն

Հուշարձանը ՅՈւՆԵՍԿՕ-ի ցուցակում է, բայց զուգարան չունի․ զբոսավարները խոսում են սանհանգույցների մշտական խնդրից

Հայաստանում հասարակական զուգարանների հարցը երկար տարիներ լուծում չի ստանում։ Հայաստան այցելող զբոսաշրջիկները, ինչպես զբոսավարներն են ասում, շատ են դժգոհում  անհարմարությունից։  Պատմամշակութային հուշարձանների տարածքում սանհանգույցների բացակայության խխնդրին ծանոթ է պատկան կառույցը՝ զբոսաշրջության կոմիտեն։ Սակայն դրա համար ոչ բյուջե, ոչ էլ ծրագիր  չունեն։ Առաջիկայում բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն որոշ հուշարձանների տարածքում և դրան զուգահեռ կշահագործվեն կառուցված, սակայն չգործող զուգարանները։

Հայաստանի տեսարժան վայրերով հիացած, դրանց մասին լսած, եկած-հասած զբոսաշրջիկներն, այնուամենայնիվ, երբեմն իրենց հետ տանում են տհաճ տպավորություն՝ ստացած պատմամշակութային վայրերում զուգարանների խնդրից։ Ու որքան էլ թվա, թե դա փոքր խնդիր է, դա երկրի մասին կարծիք է ստեղծում։ Իսկ  հանրային զուգարանների խնդիրը երկար տարիներ լուծում չի ստանում։ Ահազանգողը զբոսավարներն են։

17 տարվա զբոսավար Վարսենիկ Մելքումյանը խնդրից խոսում է արդեն տարիներ, բայց դեռ միայն խոսում է։ Օրինակ՝ Խոր Վիրապ այցելում է Հայաստան եկող զբոսաշրջիկների  մոտ 90 տոկոսը, բայց հասարակական զուգարանների վիճակը շատ վատ է։ Պետությունը  երկու տարի առաջ  մեծ գումար ծախսեց, ներկայանալի ենթակառուցվածք կառուցեց ավտոկայանատեղիի հարակից տարածքում, սակայն շահագործման չի հանձնել։ Պատճառն օդափոխության համակարգն է։

«Խոր Վիրապի վանական համալիրի տարածքում ներկայում գործում են 2 խցիկով շատ վատթար վիճակում գտնվող  և  ոչ այդքան պատշաճ զուգարաններ։  Խնդիրն այն է, որ այնտեղ միշտ կուտակումներ են և մեծ հոսք կա։ Եւ եթե կառուցվել է զուգարանը,  ուրեմն պետք է խնդրին մինչև վերջ լուծում տրվի։ Շինությունը ավտոկայանատեղիի հարակից տարածքում է, և կան զբոսաշրջիկներ, որոնք հենաշարժողական խնդիրներ ունեն և  վանքը ներքևից են տեսնում։ Վստահաբար, կա ներքևում  զուգարանի կարիք»։  

Մտահոգիչ վիճակ է նաև Սանահինում ու Հաղպատում․ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում  ընդգրկված վանական համալիրների տարածքում ևս չկան զուգարաններ։ Նման խնդրահարույց վիճակ շատ վայրերում է։ Վարսենիկ Մելքումյանն իր մասնագիտաան դիտարկումները հիմք ընդունելով նկատում է՝ այս հուշարձաններ այցելություններն ավելի կշատանան, եթե այս խնդիրները լուծվեն։ Սակայն սրանց կողքին բերում է նաև դրական օրինակներ։

«Մենք նաև իդեալական զուգարաններ ունենք, օրինակ, Տաթևի վանքի հարակից հատվածում, Մայր տաճարի շրջակայքում։ Որպես օրինակ հենց դրանք պետք է վերցնենք, որպեսզի նման զուգարաններ  ունենանք նաև մյուս տեղերում։ Կարիք կա երեքից չորս  խցիկներ ունեցող զուգարանների»։ 

Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանն էլ իր հերթին է խնդիրներից խոսում, օրինակ բերում Գյումրին։ Վերջին տարիներին դինամիկ զարգացող զբոսաշրջային ուղղություն է, սակայն այնտեղ կա հասարակական զուգարանների լուրջ խնդիր այն դեպքում, երբ պատմական հատվածն ակտիվ վերանորոգվում է։ 

«Երբ զբոսաշրջիկի հետ գնում ես Գյումրի, այնտեղ չկան հասարակական զուգարաններ, ինչը բավական մեծ խնդիր է նաև տարբեր հուշարձանների տարածքում։ Ամենաակտիվ  այցելվող հուշարձանների տարածքում կարծես խնդիրը մասամբ լուծվել է, սակայն  քիչ հայտնի հուշարձանների տարածքում աչքաթող վիճակ է։  Եթե որոշ տարածքներում կան զուգարաններ, ապա այնպիսի վիճակում են, որ չեղածի հաշիվ են»։

Յաշա Սոլոմոնյանը նշում է՝ խնդրի շուրջ ունեցել են բազմաթիվ հանդիպումներ ու քննարկումներ, որոշ դեպքերում սառույցը տեղից շարժվել է, որոշ դեպքերում՝ ոչ։  Զբոսաշրջության կոմիտեն տեղյակ է խնդրին, սակայն ո՛չ բյուջե, ո՛չ էլ նախագիծ չունի՝ «Ռադիոլուրին» ասաց զբոսաշրջության կոմիտեի զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդական Անահիտ Ոսկանյանը։ Պատմամշակութային հուշարձանների հարակից տարածքում սանհանգույցներ ստեղծելը կոմիտեի հիմնական գործառույթների ցանկում չէ՝ ասաց։ Պետք է լինեն լրացուցիչ օժանդակող ծրագրեր, որոնց շրջանակում լուծում կտրվի։ Կոմիտեի ներկայացուցիչը խնդրի լուծման այլընտրանքային տարբերակ  է առաջարկում։ Այն վայրերում, որտեղ չկան հասարակական զուգարաններ, կարող են օգտվել մայրուղու բենզալցակայաններից։

«Նախապես տուրը մեկնարկելուց առաջ  իրենք պիտի շատ լավ իմանան, որ Հաղպատում չկա, և այդ գազա-կամ բենզալցակայանում  պարտադիր կանգառ անեն, և այդ խնդիրը չառաջանան։ Եվ  ամեն անգամ չասեն, որ կոմիտեն այս հարցը չի լուծում։ Մեղավորներ չփնտրեն»։

Զբոսավարների ներկայացրած խնդրահարույց հուշարձանների մասին զբոսաշրջային արդյունքի զարգացման խորհրդականն ասում է՝ օրինակ՝ Սանահին-Հաղպատում որևէ լուրջ ենթակառուցվածք կառուցելու համար ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաձայնությունն է պետք։ Բացի այդ՝ Հաղպատում կա հյուրատուն, որտեղից զբոսաշրջիկները կարող են օգտվել՝ ասում է։ Իսկ Խոր Վիրապում  բարեկարգման երկրորդ շինարարական ծրագիրն է մեկնարկելու։  Դրա արդյունքում կլուծվի նաև կառուցված, բայց չշահագործվող հասարակական զուգարանի հարցը։

«Երկորդ շինարարական  փուլը  երբ շահագործման հանձնվի, զուգարանն էլ հետը կշահագործվի»։

Խոր Վիրապը միակը չէ, որտեղ բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն։  Նման ծրագրեր կիրականացվեն նաև Գառնիում։  Զուգահեռ կշահագործվի նաև Քարերի Աիմֆոնիա իջնող ճանապարհին կառուցված հասարակական զուգարանը։

Back to top button