ԿարևորՀասարակություն

Ոստիկանության «ռեկորդները» և փոփոխված քաղաքական մարտավարություններ

Հայաստանի ոստիկանությունում այս պահին 31 ծառայողական քննություն է ընթանում ոչ միայն անհամաչափ ուժ կիրառելու, այլեւ առհասարակ ոստիկանական ուժերի վերջին օրերի գործողությունների առնչությամբ։ 20 դեպքով նախապատրաստվում են նյութեր, 2 քրեական գործ արդեն պատրաստ է։ Եվս երկուսը  ոստիկանի կողմից ցուցարարին հարվածելու փաստով են՝ ԱԺ-ում լրագրողներին ասել է փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։  

Ընդդիմությունը պնդում է, որ վերջին օրերին ոստիկանությունն ուժեղացրել է բիրտ ուժը ցուցարարների նկատմամբ, իսկ փոխոստիկանապետը հակադարձում է՝ բացի մեկ դեպքից, երբ օգտագործվել են վահաններ, այլ հատուկ միջոցներ չեն կիրառել։

Մայրաքաղաքի տարբեր հատվածներում շարունակվում են անհնազանդության ակցիաները, իսկ խորհրդարանի ղեկավարությունը նշում է՝ ցուցարարներին առաջնորդող պատգամավորներից ոմանք արդեն  թույլատրելիից ավելի են բացակայել, ինչը հետագա գործողություններ է ենթադրում։   

Որոշ ժամանակով կաթվածահար մետրո և որոշ փողոցներ․ ընդդիմությունը շարունակում է վարչապետի հրաժարականի պահանջով ակցիաները, իսկ ոստիկանությունը փորձում է վերականգնել կարգ ու կանոնը։ Երբեմն չեն հասցնում և ստիպված են վազքով հասնել ակցիայի վայրից հեռացող ցուցարարներին։  

Ոստիկան-Սա նոր պայմանավորվածություն է, հենց գան՝ փախեք։

Արամ Վարդևանյան-Բացարձակ։ Իհարկե, դուք երեկ ռեկորդ եք սահմանել՝ 400-ից ավելի բերման ենթարկվածներ։

Ոստիկան-Այսօր նոր ռեկորդ ենք սահմանելու, անպայման։

400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018-ի հեղափոխության ամենաթեժ օրերին․ ոստիկանության ռեկորդի մասին սոցցանցում գրել է ամեն օր ընդդիմադիր հավաքների մասնակիցների թիվը հաշվող «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Իսկ Մարդու իրավունքների պաշտպանն անընդունելի է համարել համատարած ակցիայի վայրից կամ  հարող տարածքից անձանց ազատությունը սահմանափակելու գործելաոճը։ Հայտարարությամբ նաեւ նշել է՝ ակնհայտ է, որ երբ ոստիկանները ճանապարհների երթևեկելի մասն ազատելու պահանջից հետո ակցիայի մասնակիցներին տրամադրել են ողջամիտ՝ 5 րոպե ժամանակ, հիմնականում անձանց վարչական ձերբակալման անհրաժեշտություն չի առաջանում։

Ընդդիմադիր ակցիաների ընթացքում ոստիկանական գործողությունների կիզակետում են հայտնվել ինչպես նախկին պաշտոնյաներ ու պատգամավորներ, այդպես էլ գործողները։ Ընդդիմության առաջնորդներից ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ձեւակերպմամբ ապօրինի, անհամաչափ ուժ  կիրառելու դեպքեր է մատնանշում․

«Կան արդեն հստակ փաստեր և տվյալներ Արծվիկ Մինասյանի, Վահե Հակոբյանի, մի շարք պատգամավորների նկատմամբ ակնհայտ ուժ է կիրառվել։ Կան մի քանի հարյուր բերման ենթարկվածներ, բաժիններում արդեն տեղ չկա»։

Նախօրեին Սաղաթելյանը բացահայտել էր իրենց մարտավարությունից մի հատված՝ անել այնպես, որ ոստիկանությունն այսպես ասած հյուծվի, բաժիններում տեղ չմնա։

Եթե ոստիկանների գործողությունները մի կողմից գնահատվում են որպես բիրտ ուժի կիրառում նաև կանանց և տարեցների նկատմամբ, ապա մյուս կողմը հակադարձում է։ Փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը ոստիկանության գործողությունները բնութագրում է որպես գրագետ և պրոֆեսիոնալ, ընդգծում, որ ոչ մի հատուկ միջոց չի կիրառվում՝ բացառությամբ մեկ դեպքի, երբ ոստիկանությունը վահաններ է օգտագործել։ Ո՛չ քաղաքը, ո՛չ որևէ պետական կառույց պարալիզացված չէ՝ ասում է․  

«Որ այսքան աղաղակվում և բարձաձայնվում է, որ ոստիկանությունը անհամաչափ ուժ է կիրառում, դա այդպես չէ։ Բացառիկ դեպքեր են։ Ինքնին բերման ենթարկելն իրենից ներկայացնում է որոշակի ուժի կիրառում, և այնպես է, որ մեր համաքաղաքացիներն ամեն կերպ փորձում են և դիմադրում են ոստիկանությանը բերման ենթարկվելիս։ Երեկ մենք հերթական անգամ ականատես եղանք մի իրավիճակի, երբ որոշ անձինք, օգտվելով իրենց կարգավիճակից, ամեն կերպ խոչընդոտում են ոստիկանության օրինական գործողություններին։ Ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ արդյո՞ք հարց չի ծագել որևէ մեկիս մոտ, թե ինչպես է ստացվել, որ առաջին շարքերում միշտ հայտնվում են կանայք, միշտ հայտնվում են պատգամավորները, միշտ հայտնվում են ծերերը և, բնականաբար, ոստիկանության գործողություններն այս առումով որպես ծառայողներ, որպես մարդ սահմանափակվում են»։

Այս պահին ոստիկանությունում հենց ոստիկանների հանդեպ 31 ծառայողական քննություն է ընթանում վերջին օրերի գործողությունների առնչությամբ։ 20 դեպքով նախապատրաստվում են նյութեր, 2 քրեական գործ արդեն պատրաստ է՝ երկուսն էլ ոստիկանի կողմից ցուցարարին հարվածելու փաստով։

Բողոքի ակցիաներին զուգահեռ նյութեր են նախապատրաստվում նաև ԱԺ-ում՝ փորձելով լուծել անհարգելի բացակայող  պատգամավորների մանդատների հարցը։ Ընդդիմադիր 10 պատգամավոր արդեն թույլատրելիից ավելի է բացակայել։  ԱԺ-ի նախագահն ասում է՝ ինքն անձամբ խիստ է տրամադրված։ Փաստերը կդիտարկի, գործընկերների հետ կորոշեն՝ ինչ ճանապարհով գնան։  

Եթե «Դիմադրություն» շարժումը հիմնավորում է, որ փողոցային պայքարի է դուրս եկել երկրի փրկության և ապագայի համար, ապա խորհրդարանական մեծամասնությունից պատգամավորներ Արփի Դավոյանը և Վահագն Ալեքսանյանը այլ կերպ են ընկալում ընդդիմադիրների պայքարը։

Արփի Դավոյան ․ «Պետաիրավական հանձնաժողովում քննարկվում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Այսօր հանձնաժողովի նիստին ներկա չեն գտնվում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները, որոնցից շատերը, կարծում եմ, այս օրենքի շահառուներից են։ Ուզում եմ մեր հայրենակիցներին տեղյակ պահել, որ այս օրենքի հետ կապված ամենաշատ խնդիր ունեցող մարդիկ այսօր գտնվում են փողոցում և պայքարում են ինչ-որ անհասկանալի բաների դեմ»։

Վահագն Ալեքսանյան ․ «Ինչ-որ փոքր խուլիգանախմբեր են կազմվում, որոնք, օրինակ, Գյումրիում ծեծում են պապիկների, օրինակ՝ երեկ շշով տվեցին մի պատահական վարորդի քիթ կոտրեցին, մի ուրիշ տեղ ուղղակի հարվածում էին անցնող մեքենաներին։ Այդ ամեն ինչն ընդհանրապես ոչ մի կապ չունի «խաղաղ ցույց» հասկացության հետ, որովհետև խաղաղ ցույցն իրենից ենթադրում է խաղաղություն, ոչ թե այլատյացություն, այլակարծների նկատմամբ ատելություն, երբ 20-30 կամ, եթե բախտները բերում է, մի քիչ շատ են լինում՝ 100 հոգով փողոցով անցնող քաղաքացու հետևից գոռում են թուրք ու հարձակվում են վրան»։

Վարչապետի հրաժարականի պահանջով հայաստանյան իրադարձություններին արձագանքում են նաև արտերկրից։ ԵՄ-ն եւ Ռուսաստանը հավասարաչափ զուսպ և չեզոք են արձագանքել Հայաստանի ներքաղաքական հարցերին։

Հայաստանում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այս հարցերը քննարկել է Հայաստանի արդարադատության նախարարի հետ ու գտնում, որ իրավապահ մարմինները պետք է ձեռնպահ մնան անհամաչափ ուժի կիրառումից, եւ որ մարդիկ կարողանան ազատ արտահայտել իրենց կարծիքը, լրատվամիջոցներն ազատ կատարեն իրենց մասնագիտական պարտականությունները և որ բոլոր կողմերը դատապարտեն բռնության ցանկացած ձև, որը բխում է 2 կողմից էլ:

Պաշտոնական Ռուսաստանի դիրքորոշումը փոխանցել է Ռուսաստանի արտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, ասել է, որ Մոսկվան տեղի ունեցողը դիտարկում է որպես երկրի ներքին գործ։ «Մենք չենք միջամտում այդ գործընթացներին»,-ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարարը։

Back to top button