ԿարևորՀասարակություն

Պատերազմ սկսելու դուռը միշտ բաց պահել․ ադրբեջանական ապատեղեկատվության բացատրությունը՝ ըստ փորձագետի

Վերջին շրջանում Բաքվից ավելի հաճախ տարածվող ապատեղեկատվությունը, թե հայկական կողմը գնդակոծում կամ  հրետակոծում է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող տարածքները,  հատուկ նպատակ ունի։ Վերլուծաբանները կարծում են՝ այդ կերպ Ադրբեջանը փորձում է բաց պահել պատերազմ սկսելու հավանականությունը ՝ ուշադիր հետևելով  ռուս-ուկրաինական զարգացումներին։ 

Ադրբեջանական կողմը վերջին շրջանում սկսել է ավելի հաճախ մեղադրել հայկական կողմին ադրբեջանական դիրքերը իբր հրետակոծելու կամ գնդակոծելու մեջ։ Վերջին ապատեղեկատվությունը տարածվեց մայիսի 18–ին։ Հայաստանի պաշտպանություն նախարարության արձագանքը չուշացավ։ Գերատեսչությունը հերքում է տեղեկությունը, թե մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը։

«Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ»,-ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ: Մինչդեռ, ըստ Բաքվի, «հայկական կողմը Վարդենիսի շրջանի  դիրքերից ընդմիջումներով կրակոցներ է արձակել Քարվաճառի  շրջանի ադրբեջանական դիրքերի ուղղությամբ»։  Ընդ որում՝  հաղորդագրությունում  տեղանունները նշվում են ադրբեջանական տարբերակներով։ Եվս մի հաղորդագրություն տարածվել էր մայիսի 14-ին։ Դրանում խոսվում էր Վերին Շորժայի կողմից գնդակոծության մասին, ինչը 7ս Հայաստանի ՊՆ-ն հերքեց։  Ինչո՞վ է պայմանավորված այս շրջանում նման ապատեղեկատվության տարածումը։

Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը կարծում է՝ այս կերպ Ադրբեջանը փորձում միշտ բաց թողնել ապագա պատերազմի հնարավորության դուռը։

«Սա արվում է նրա համար, որ երբ ապագայում փորձեն պատերազմ սանձազերձել, դրա համար «բարոյական հիմք» ունենան պատասխան գործողություններ ձեռնարկելու։ Միայն սա է  բացատրությունը․ եթե Ուկրաինայում Ռուսաստանի գործերը վատանան, իսկ դրանք հիմա  փայլուն չեն, Ադրբոջանը կփորձի այստեղ երկրորդ ճակատ բացել և այդ ժամանակ շատ հեշտ կասի, որ հայկական կողմը երկու ամիս շարունակ պրովոկացիա էր անում, իսկ մենք հերոսաբար, համբերատար դիմացանք ու էլ չենք դիմանում և․․․

Գործնականում վստահ եմ, որ Փառուխի դեպքերի ժամանակ երկրորդ ճակատ բացելու խնդիր կար, ուղղակի ինչևոր պահի Ալիևին չհերիքեց վճռականությունը կամ ավանտյուրիզմի պակաս զգացվեց։ Ամեն դեպքում միշտ էդ վտանգը կա»։

Բաքուն միշտ պատրաստ է հարձակման և ուշադիր հետևում է ռուս-ուկրաինական զարգացումներին, իսկ պաշտոնական Երևանը, զրուցակցիս կարծիքով, անում է այն, ինչ հնարավոր է։ Որևէ մեկը չգիտի, թե ինչ հանգուցալուծում կարող է ունենալ  ռուս–ուկրաինական  պատերազմը, իսկ Հայաստանը, վտանգավոր հարևաններով շրջապատված, պետք է միշտ պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման՝ ասում է Մհեր Հակոբյանը․

«Այս պահին արցախյան գործընթացը այնպիսի անորոշության մեջ է, որ չգիտենք հստակ՝ ՄԽ–ն գործո՞ւմ է, թե՞ չի գործում։ Օրինաչափություններ չկան, բոլորն իրենց համար տարբերակներ են պահում ապագա հնարավոր սցենարների համար։  Այս պահին պաշտոնական Երևանն անում է այն, ինչ հնարավոր է անել՝ ուկրաինական ճգնաժամի առումով։ Մեր ազատագրական պայքարը շարունակվում է, և այժմ ավարտվելու որևէ մտադրություն չունի։ Մենք քաղաքակրթությունների բախման տարածաշրջանում ենք ապրում»։

Մհեր Հակոբյանը սահմանային լարված իրավիճակի մասին կեղծ տեղեկությունները պաշտոնական հանդիպումներով չի պայմանավորում։ Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն վերջերս չէր  բացառել Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների վերջին հանդիպումը կայացել է մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում։

Քննարկումների առանցքում 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և 2021 թ. նոյեմբերի 26-ի փաստաթղթերով   ձեռք բերված եռակողմ համաձայնությունների  իրագործումն է, որոնցից մի քանիսը  Բաքուն համառորեն անտեսում է։ Մինչ օրս այդ երկիրը դեռ գերիներ է պահում, թեև պարտավորություն է ստանձնել վերադարձնել պահվող բոլոր անձանց։

Back to top button