ԿարևորՄշակույթ

Հետաքրքիր գիշեր՝ հագեցած մշակույթով ու Չարենցով. թանգարանները կբացեն դռները

Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական ակցիայի շրջանակում Հայաստանի և Արցախի 125 մշակութային հաստատություններ այցելուներին բաց դռներ ու հետաքրքի մշակութային միջոցառումներ են խոստանում։ Այս տարի «Թանգարանների գիշերվա»  միջոցառումները համեմված են նաև չարենցյան նոտաներով, քանի որ լրանում է մեծ պոետի ծննդյան 125-ամյակը։

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, իսկ «Թանգարանների գիշեր» ակցիան՝ մայիսի 21-ին: Այդ օրերին թանգարանների մուտքն անվճար է: Շուրջ երկու տասնամյակ է՝ Հայաստանը միացել է համաեվրոպական այս նախաձեռնությանը: Տոնին թանգարանները պատրաստվել են բազմաբովանդակ միջոցառումներով՝ 122 մշտական և ժամանակավոր ցուցադրություն, 30 կրթական, 40 համերգային և 124 մշակութային ծրագրեր։ Սա՝ թանգարանային գիշերվա մասով, իսկ մինչ գիշերը կգա, ԿԳՄՍ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը ներկայացնում է թանգարանների վերջին մեկ տարվա  կյանքն ու խնդիրները։  

«Նախարարության ենթակայության տակ գործող թանգարանները սպասարկել են շուրջ 1 մլն այցելուի, ընդունել են 210 հազար աշակերտի, ֆոնդերը համալրել են 10 հազարից ավելի նմուշներով, պատրաստել են 2000-ից ավելի գիտակրթական ծրագրեր: Այդ ժամանակահատվածում մոտ 1 մլրդ դրամ պետական բյուջեից տրամադրվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Հայաստանի պատմության թանգարանի օդափոխման համակարգերի արդիականացմանը:

Տոնական օրով՝ ոչ տոնական հարցեր․ Քոչարյանը խոսեց նաև թանգարանների խնդիրներից՝  շատ են, որոշները՝ հրատապ, հատկապես միասնական տոմսային համակարգի հարցը, որը թույլ կտա առցանց ձեռք բերել բոլոր թանգարանների տոմսերը: Այս հարցերը լուծում են պահանջում, բայց, չմոռանանք, առջևում հետաքրքիր գիշեր է՝ թանգարանային։  Հետաքրքիր միջոցառումներ են սպասվում այցելուներին։

Չարենցի տուն-թանգարանի տնօրեն․ «Մայիսի 18-ի երեկոյան Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը՝ նվիրված Չարենցի ծննդյան 125-ամյակին: Ցուցադրությանը կհաջորդի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երիտասարդական օպերային ծրագրի մենակատարների համերգը: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը»։

Մայիսի 18-ին մեկնարկելու է նաև «Չարենց. երկու հասցե» կրթական ծրագիրը՝ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի հետ  գործակցությամբ: Ակցիայի շրջանակում մայիսի 21-ին բաց կլինի թանգարանի մշտական ցուցադրությունը։ Նախատեսվում է նաև «Տաղարանական էսքիզներ» գրական-երաժշտական երեկոն Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Օպերային պատրաստման ամբիոնի ներկայացուցիչների մասնակցությամբ, իսկ մինչ այդ՝ «Տաղարան» գրքի շնորհանդեսը, որը Չարենցը նվիրել է իր առաջին կնոջը՝ Արփենիկին: Երեկոն Չարենցի տուն-թանգարանում կավարտվի PROJECT LA-ի համերգով, կհնչի Չարենց՝ երգ դարձած։  

Back to top button