ԿարևորՀասարակություն

Բնակվարձի, ուսման վարձի փոխհատուցում և միանվագ ֆինանսական աջակցություն․ ուկրաինահայերին օգնում է մասնավորը

Ռուս–ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ուկրաինահայերը հիմնականում բնակարանի, կեցավայրի և ֆինանսական խնդրներ ունեն․ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն ամփոփում է՝ 2022-ի առաջին 4 ամիսներին գրասենյակը շուրջ 4000 դիմում է ստացել, որոնք վերաբերել են հայրենադարձության խնդիրներին, մասնավորապես՝ քաղաքացիություն ստանալու ընթացակարգին, կրթությունը շարունակելու հնարավորություններին։ Գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը նկատում է՝ դիմումների այս քանակն արդեն իսկ գերազանցում է 2021-ի տարեկան ցուցանիշը։

«2021թ-ին մենք ունեցել ենք ՀՀ քաղաքացիություն ձեռք բերած շուրջ 7300 հայրենակից աշխարհի 45 երկրից։ Դիմումների քանակով առաջատարը Ռուսաստանն է՝ 2000-ից ավելի քաղաքացիություն, երկրորդ տեղում Լիբանանն է՝ 2000-ից մի փոքր պակաս, այնուհետև Իրանը և Վրաստանը։ Բացի դրանից՝ անցյալ տարի շուրջ 2070 մեր հայրենակից ձեռք են բերել նաև ՀՀ-ում մշտական կացության կարգավիճակ»,-ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատու Հովհաննես Ալեքսանյանը։

Ռուս–ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր ՀՀ սահմանը հատել է Ուկրաինայի շուրջ 6000 քաղաքացի։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում արձանագրում են՝ Հայաստան են եկել մեծամասամբ Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող ազգությամբ հայերը։ Հովհաննես Ալեքսանյանը հիշեցնում է՝ Ուկրաինայի հայկական համայնքը մեծությամբ աշխարհում չորրորդն է․ մինչ պատերազմը այնտեղ շուրջ կես միլիոն հայ էր ապրում։ Այս պահին դեռ ամբողջական տվյալներ չկան, թե պատերազմի ու ռազմական գործողությունների հետևանքով քանի հայ է տուժել կամ դուրս եկել երկրից, բայց գրասենյակում վստահեցնում են՝ մինչև այսօր էլ կան  բազմաթիվ հայ ընտանիքներ, որոնք շարունակում են մնալ Ուկրաինայում։

«Մենք ունենք բազմահազար ուկրաինահայեր, որոնք չեն պատրաստվում Ուկրաինայից դուրս գալ․ նրանցից շատերը ունեն զինապարտ ամուսիններ, որդիներ, շատերն ունեն գույք, ունեցվածք, սեփական տուն և շեշտում են, որ չեն ցանկանում այդ ամենը թողնել և հեռանալ»,- մանրամասնում է Ալեքսանյանը։

Այնուամենայնիվ, ՀՀ այն քաղաքացիներին, որոնք Ուկրաինայից տեղափոխվել են ԵՄ երկրներ և ցանկանում են վերադառնալ հայրենիք, ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել ավիատոմս ձեռք բերելու հարցում։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձության հարցերի պատասխանատուն հիշեցնում է՝ աջակցությունից օգտվելու համար պետք է դիմել տվյալ երկրի դեսպանատուն։ Այս աջակցության համար հիմնականում դիմել են Ռումինիայում և Լեհաստանում ապաստանած ուկրաինահայերը, քանի որ պատերազմից հետո վերագործարկվել էր Վարշավա-Երևան ուղիղ չվերթը։

«Այսօր Գերմանիայի կառավարությունն ինքն է ֆինանսավորում վերադարձի ծրագիրը։ Մեր այն հայրենակիցները, որոնք ՀՀ քաղաքացիներ են և ժամանակավորապես ապաստանել են Գերմանիայում, կարող են դիմել Գերմանիայի կառավարությանը և ստանալ ֆինանսական աջակցություն․ հասկանալի է, որ ԵՄ երկրներն էլ շահագրգռված են, որ Ուկրաինայի քաղաքացի չհանդիսացող փախստականները վերադառնան իրենց երկրները»,-ասում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։

Արդեն հայրենիքում ուկրաինահայերը հիմնականում բնակարանի և ֆինանսական խնդիրներ ունեն։ Պետական մակարդակում օժանդակության ծրագրեր Ուկրաինայից Հայաստան տեղափոխվածների համար դեռ չկան, փոխարենը կան աջակցություն առաջարկող մասնավոր ընկերություններ։ Հովհաննես Ալեքսանյանն ասում է՝ գրասենյակի հետ համագործակցությամբ օգնություն է հատկացնում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցությունը։

«Այս ծրագիրն ունի 4 բաղադրիչ․ առաջին հերթին բնակվարձի եռամսյա մինչև 70000 դրամի փոխհատուցում է առաջարկում Ուկրաինայից եկած այն հայրենակիցներին, որոնք բնակարան են վարձակալել։ Երկրորդ բաղադրիչը կրթական է․ փոխհատուցում է առաջարկում այն ընտանիքներին, որոնց երեխաները բարձրագույն կրթությունը կշարունակեն Հայաստանում։ Երրորդն առողջապահական ծառայություններից օգտվելու համար ֆինանսական աջակցություն է, և վերջին կետը միանվագ դրամական աջակցություն է այն քաղաքացիներին, որոնք նախորդ մի քանի կետից չեն կարող օգտվել»,-մանրամասնում է հովհաննես Ալեքսանյանը։

Այս աջակցությունից արդեն շուրջ 80 ընտանիք է օգտվել, ևս 300-ը, ըստ գրասենյակի տվյալների, դիմել և դեռ սպասում են։ Ռազմական հակամարտության հետևանքով Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների ինտեգրումն ավելի հեշտ կազմակերպելու համար գրասենյակում նաև մայրենիի, հայոց լեզվի դասընթացներ է կարզմակերպել։ Շուրջ 3 հարյուր հայրենադարձ մասնակցում է այդ դասընթացներին։

Back to top button