ԿարևորՀասարակություն

Արմավիրի աջակցության կենտրոնը՝  հուսալի հենարան ընտանեկան բռնությունից տուժածների համար

Արմավիրի մարզում ընտանեկան բռնությանն առնչվող ամենահնչեղ դեպքը գրանցվեց 2017-ին։ Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության հանգամանքների քննությունը պարզեց, որ դաժան միջադեպի հիմքում ընտանեկան խնդիրներն են․տարիներ շարունակ բռնություն ենթարկված կինը սպանել էր քնած  ամուսնուն: Մարզում բռնության խնդիրներով զբաղվող կազմակերպություններն արձանագրում են, որ սա միակ  դեպքը չէ, իսկ միջադեպերի թիվը տարիների ընթացքում չի նվազում։

Վիճակագրական տվյալները փաստում են, որ Հայաստանում ընտանեկան բռնության դեպքերի մեծ մասը գրանցվում է Արմավիրի մարզում. հիմնականում  բռնության են ենթարկվում կանայք ու երեխաները, միջադեպերը երբեմն ողբերգական հետևանքներ են ունենում:  Արմավիրում ընտանեկան բռնության դեպքերով արդեն  2 տարի զբաղվում է «Երիտասարդական  ավանգարդ» հասարակական կազմակերպությունը: Նախագահ Սուսաննա Մատինյանն ասում է, որ տարեկան սպասարկում են 100 ավելի շահառուների։

«Մենք մարզի բոլոր համայնքներում ընտանեկան բռնության ենթարկված անձանց տրամադրում ենք իրավաբանական, հոգեբանական և սոցիալական աջակցություն: Աջակցության կենտրոնն աշխատում  է համագործակցության ցանցի միջոցով. ներգրավված են Արմավիրի մարզպետարանը, համայնքների հոգաբարձության և խնամակալության մարմինները, ոստիկանությունը, միասնական սոցիալական ծառայությունը, որոնք մեզ տեղեկություն են փոխանցում ընտանեկան բռնության ենթարկված անձանց մասին»:

Նշված կառույցներն ընտանեկան բռնության դեպքերի մասին հաճախ ուշ են տեղեկացնում  կենտրոնին, ինչը բարդացնում է աշխատանքը: Մյուս կողմից էլ՝ հաճախ ավանդույթները  թույլ չեն տալիս  բարձրաձայնել ընտանեկան բռնությունների դեպքերի մասին: Բռնությունից խուսափելու և իրենց իրավունքները  պաշտպանելու նպատակով  Արմավիրի  աջակցության կենտրոնը շուրջ  20 համայնքում  իրականացնում է իրազեկման  արշավներ:

«Իրազեկման դասընթացներին մասնակցում են համայնքապետարանների, մանկապարտեզների, դպրոցների աշխատակիցները, համայնքի բնակիչները, քանի որ ամենամեծ տեղակատվությանն իրենք են տիրապետում և կարող են իրենց շրջապատին ևս տեղեկացնել  մեր աջակցության կենտրոնի մասին»:

Իրազեկման դասընթացին մասնակցում են նաև բարձր դասարանների աշակերտները: Հերթական հանդիպումը Վաղարշապատի համայնքապետարանում էր: Խաղ-վարժանքների միջոցով  մասնակիցները կարծիք են հայտնում ընտանիքում  կին-տղամարդ փոխհարաբերությունների մասին,  ծանոթանում բռնության տեսակներին.

«Ես կարծում եմ, որ կինը տղամարդուց հոգեբանորեն ավելի ուժեղ է, բայց միևնույն ժամանակ թույլ էակ, իսկ տղամարդն ուժեղ է ֆիզիկապես:»

«Կինն իմ պատկերացմամբ թևերն է, տղամարդը՝ թիկունքը:»

«Ես առաջինը հասկանում եմ ընտանիք, կինը տալիս է ջերմություն, հոգատարություն, խնամք, իսկ տղամարդը՝ ուժ»:

Արմավիրի աջակցության կենտրոնն այս տարի 37 շահառուի  իրավաբանական, հոգեբանական  աջակցություն ու  խորհրդատվություն է տրամադրել: Առավել սուր իրավիճակներում կենտրոնը տուժածին ուղարկում է ապաստարան: Անձնական տվյալների գաղտնիությունը պահպանվում է:

Կանանց նկատմամբ բռնության կանխարգելման նպատակով ինովացիոն լուծում է գտել Մարիամ Թորոսյանը՝ ստեղծելով  « Safe you» բջջային հավելվածը:

« Safe you»  վիրտուալ ապահով տարածք է կանանց համար: Այն ունի մի շարք գործիքներ, որոնք տարբեր կերպ հզորացնում և պաշտպանում են կնոջը:Առաջինը կանչ կոճակն է, որի հնարավորությունն օգտագործելով կինը կարող է հեշտությամբ և արագ օգնության կանչել մինչև 3 հաղորդակցվող անձանց իր ընտանիքից, երեք տարբեր կազմակերպություններից և ոստիկանությունից»:

Հավելվածը ներբեռնելուց հետո խորհուրդ է տրվում ակտիվացնել բոլոր 7 հաղորդակցվող անձանց, նշել տեղակայումը, կանչի դեպքում ակտիվանում է նաև ձայնագրությունը, Մարիամ Թորոսյանն ասում է, որ հարթակը  աջակցության ամբողջական ցանց է բռնության ենթարկված անձանց համար։

«Մենք ունենք մի քանի հարյուրից ավելի կանչեր միայն ընտանիքի անդամներին և ընկերներին: Մեր խնդիրն է, որ զանգերն ավելի շատ  ուղղված լինեն ոստիկանությանը,  հասարակական կազմակերպություններին, որպեսզի նրանք էլ հետամուտ լինեն և գործերը վերցնեն վարույթ: Միայն ահազանգելը բավարար չէ»:

Փրկության կանչը հնարավորություն է տալիս օգտատիրոջը նաև նկարահանել ուրիշի նկատմամբ կիրառվող  բռնությունը և ուղարկել  նշված կառույցներին։

Back to top button