ԿարևորՄշակույթ

50 արվեստագետ ու 3500 դպրոցական կհանդիպեն «Քո արվեստը դպրոցում» ծրագրի շրջանակում

Հայաստանի մշակույթի գործիչներին ավելի ճանաչելի դարձնելու , աշակերտներին արվեստին առավել մոտեցնելու, նրանց գիտելիքները հարստացնելու և մասնագիտական կողմնորոշմանը նպաստելու նպատակով ԿԳՄՍ նախարարությունը սկսել է «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը: Աշակերտները հանդիպումներ են ունենալու 50 արվեստագետների հետ ու լսելու են նրանց դասախոսությունները։ Դասընթացներն անցկացվելու են մշակութային հաստատություններում, ինտերակտիվ ձևաչափով։

Արամ Խաչատրյանի «Սուսերով պարը» նվագում են  միջազգային մրցույթների դափնեկիրներ, դաշնակահարներ Արթուր Գրիգորյանն և Արմեն  Պուչինյանը: Հանդիսատեսը լրագրողներն  են ու ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչները։  Մեկնարկում է  «Քո արվեստը դպրոցում. մասնագիտության որոնումներում» հանրապետական ծրագիրը:

ԿԳՄՍ նախարարությունն այն իրականացնում է՝  համագործակցելով Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի հետ։ Փորձ է արվում հանրակրթությունը փոխկապակցել արտադպրոցական կրթության հետ՝ ասում է  ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։

«Դպրոցը չի կարող իր առջև դրված խնդիրը լուծել միայնակ և պետք կարողանանք մեր ջանքերը միավորել՝ դարձնելով կրթական միջավայրը ամբողջական սովորելու միջավայր, և այդ միջավայրում յուրահատուկ տեղ պետք է ունենա մշակութային կրթությունը»։

Ծրագրի շրջանակում Երևանի և տարբեր մարզերի աշակերտները կհանդիպեն այնպիսի արվեստագետների հետ, որոնք իրենց անցած ճանապարհով, իրենց գործունեությամբ այդ հաջողության ու արժեքների հաստատողն են: Ծրագրին մասնակցելու է շուրջ 50 արվեստագետ, որոնք   աշակերտներին   համար կբացահայտեն կերպարվեստի, երգարվեստի, պարի, թատրոնի, գրականության և արվեստի այլ ճյուղերի գաղտնիքները: Նախաձեռնությանը կմասնակցի շուրջ 3 500 դպրոցական՝ 450 դպրոցից,  Երևանից և ՀՀ մարզերից։

«Այս ճանապարհով առաջինը մշակութային ժամանցի, մշակութային  գիտելիքի, մշակութային խնդիրն ենք կարգավորում։ Մենք այսպես լուծում ենք մեր արվեստագետների ճանաչելիության ու հանրային վարկանիշի խնդիրը»,–ասում է ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը։

Հանդիպումներն անցնելու են  ինտերակտիվ ձևաչափով։

«Ենթադրենք՝ Նարինե Գրիգորյանը, որը պետք է հանդիպի աշակերտների հետ, խաղում է մի հատված իր մոնոներկայացումից։ Եվ խաղի ազդեցության տակ սկսում է բացատրել մասնագիտության գաղտնիքները։»

Դասընթացներն  անցկացվելու են մշակութային հաստատություններում: Բոլոր հանդիպումները նկարահանվելու են, դրանց հիման վրա հեռուստահաղորդումներ են պատրաստվելու, որոնք կընդգրկեն նաև արվեստագետների մասին պատմող ճանաչողական տեսահոլովակներ:

Back to top button