ԿարևորՀասարակություն

44-օրյայից մնացած վախերը կկառավարվեն թվային տեխնոլոգիաներով

Պատերազմից հետո հոգեբանական տրավմաները կարող են հաճախ ավելի վտանգավոր լինել ու լուրջ հետեւանքներ առաջացնել, քան ֆիզիկական վնասվածքները․ մասնագիտական հենց այս դիտարկման հիմքով դեռ նախորդ  դեկտեմբերին Հայաստանում հիմնադրվեց ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնը։ Նպատակը, բուժման հիմնական մեթոդներին զուգահեռ, վիրավոր զինվորների հոգեբանական վերականգնումն է։ Ամիսներ անց կենտրոնում ամփոփում են՝  արդեն ավելի քան 200 շահառու են ունեցել՝ բուժման շուրջ 40 դրական ելքով։ «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնի գլխավոր հոգեբան Լիանա Թերզյանն ասում է՝ պատերազմի մասնակիցների հետ աշխատանքը ցույց է տվել՝ խնդիրները բազմազան են, տղաներն էլ հաճախ ուշացած են դիմում մասնագետի օգնությանը։

«Սկզբնական փուլում իրենք հիմնականում ունենում են պատերազմից մնացած պատկերներ, այսինքն՝ անցանկալի, անհանգստացնող հուշեր, որոնք կարծես հետապնդում են իրենց։ Երկրորդ խումբը քնի խանգարումներն են, այսինքն՝ գրեթե բոլորն ունեն քնի խանգարումներ, մղձավանջներ։ Հաճախ ունենում են նաև սոցիալականացվելու խնդիրներ, չեն կարողանում հեշտ շփվել, հարցերից նյարդայնանում են։ Հաճախ նաև ապագայի հետ կապված խնդիրներ են ունենում, չեն պատկերացնում՝ ինչպես են շարունակելու իրենց կյանքը»,– պատմում է Լիանա Թերզյանը։

Հոգեբանը նկատում է՝ այս բոլոր խնդիրների հիմքում պատերազմից մնացած վախն է։ Փորձը ցույց է տալիս՝ միայն հոգեբանական զրույցները և արդեն իսկ կիրառվող տեխնիկան բավարար չեն․ ուսումնասիրել են ոլորտի արևմտյան փորձը և տեղայնացրել այն կենտրոնում։

«Արդեն արևմուտքում վախերի հաղթահարման համար կիրառում են VR տեխնոլոգիաներ։ Այս տեխնոլոգիաների շնորհիվ մենք կարողանում ենք, այսպես ասած, ակտիվացնել վախերը «այստեղ և հիմա» տարբերակով, և հենց հոգեբանի օգնությամբ կարողանում ենք տեղում դա հաղթահարել։ Արդյունքում հոգեբանի աշխատանքը մի քանի անգամ ավելի արդյունավետ է ստացվում»,– մանրամասնում է հոգեբանը։

Այլ կերպ ասած՝ կենտրոնը վախերի հոգեբանական բուժում է իրականացնում թվային տեխնոլոգիաներով։ Վախերի կառավարման թվայնացված բուժական սենյակը կրում է Ապրիլյան քառօրյայի հերոս Քյարամ Սլոյանի անունը։ Կենտրոնի ստեղծման նախաձեռնության հեղինակ Սուրեն Արեենցի խոսքով՝ անվանակոչությունը պատահական չէ․ Քյարամը հենց մարտի դաշտում վախն արհամարհեց և կռվեց մինչև վերջ։

«Քյարամն իրական հերոս է և վախերի կառավարման լավագույն օրինակ։ Սենյակն առանձնահատում է նրանով, որ այստեղ թվայնացված տեխնոլոգիաների միջոցով ուսումնասիրում ենք մարդու հոգին, փորձում ենք վախերն ու խնդիրները հասկանալ և այդ խնդիրներին տալիս ենք թվայնացված լուծումներ։ Այս սարքերը լիցենզավորված են, 90% ճշգրտություն ունեն, որով կփորձենք մեր զինվորներին ոտքի կանգնեցնել»,– ասում է Սուրեն Արեենցը։

Կենտրոնի տվյալներով՝ 2020թ 44-օրյա պատերազմից հետո շուրջ 15 հազար մարդ ունի հոգեբանական աջակցության կարիք, այդ թվում՝ նաև զինծառայողների և անմահացած հերոսների ծնողները։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Հերոսների վերականգնողական քաղաք» կենտրոնում իրականացվող աշխատանքներին ծանոթանալուց հետո շեշտում է՝ կարևոր է մասնավոր–պետություն համագործակցությունը շոշափելի արդյունքի հասնելու համար։

«Ես ուրախ եմ, որ այս դեպքում իսկապես տեխնոլոգիաները մարդկանց օգնելու համար են․ օգնելու են հաղթահարել վախերը, հաղթահարելու խնդիրները, որ կան պատերազմից հետո։ Իհարկե, այս ամենը՝ մեր որակյալ մասնագետների հետ  գործակցությամբ»,– ասում է նախարարը։

Կենտրոնի ծրագրերը շատ են, առաջիկայում նախատեսում են ընդլայնել տարածքը, բացել նաեւ մանկական հոգեբանական սենյակ, որտեղ անվճար բուժում կստանան զոհված զինծառայողների՝ հոգեբանական խնդիրներ ունեցող երեխաները։ «Քաղաքում» բացվել է նաև առաջին հացատունը, որտեղ աշխատելու են զինծառայողների ծնողները։

Back to top button