ԿարևորՀասարակություն

Վճարվող գործ, բայց ոչ բիզնես․ հոգեզավակների թիվն ավելանում է

Հայաստանում կան ընտանիքներ, որոնք 4 երեխա են վերցրել իրենց խնամակալության տակ։ Սա երկրում խնամատարության ինստիտուտի զարգացման ցուցիչներից է՝ ասում է աշխատանքի և սոցիալական հարցրեի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Հովհաննիսյանը։ Արդեն 15 տարի գործող համակարգը վերջին շրջանում ակտիվացել է, քանի որ պետությունն առաջնահերթությունների շարքում է դասել երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումը։ Նախարարությունից պատմում են երեխային խնամակալ դառնալու և որդեգրելու տարբերությունները։

«Խնամակալությունը, թեև կարճաժամկետ, բայց խնամքի եղանակ է՝ միտված երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացմանը։ Այնուամենայնիվ, եթե խնամատարության ընթացքում հնարավորություն է լինում երեխային վերամիավորել կենսաբանական ընտանիքի հետ, երեխան վերամիավորվում է և շարունակում է ապրել կենսաբանական ընտանիքի հետ՝ ի տարբերություն որդեգրման, որի դեպքում դատական վճիռն ուժի մեջ մտնելուց հետո կենսաբանական ընտանիքի հետ վերամիավորման մասին խոսք լինել չի կարող»։

Որդեգրման և խնամատարության ինստիտուտների տարբերությունը նաև գումարային բաղադրիչում է։ Իր խնամքի տակ հոգեզավակ վերցրած ընտանիքը ստանում է ամսական 130 000 դրամ աշխատավարձ։ Հաշմանդամություն կամ առողջական խնդիրներ ունեցող երեխայի խնամակալ դառնալու դեպքում գործում է 30 տոկոս հավելավճար։ Սա իսկապես աշխատավարձ է՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ խնամակալության տարիները համարվում են աշխատանքային ստաժ։ Այս դեպքում առաջ է գալիս նաև երեխայի խնամքը շահադիտական նպատակներով ստանձնելու ռիսկը։ Նախարարությունում սրա դեմ պայքարելու 3 մեխանիզմ ունեն։

«Մինչև խնամատար ծնող դառնալը խնամատար ծնող դառնալ ցանկացող անձինք անցում են վերապատրաստման դասընթացներ, որի ընթացքում ծանոթանում են ամբողջ խնամատարության էությանը և իրավակարգավորումներին։ Սա ռիսկերի մեղմման մեկ մեխանիզմ է։ Երկրորդը վերահսկողությունն է, որն իրականացվում է մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կողմից։ Սրանցից բացի՝ ռիսկերի նվազեցման երրորդ բաղադիչը համադրման գործընթացն է, որի ժամանակ, երեխայի լավագույն շահից ելնելով, ընտրվում է համապատասխան խնամատար ընտանիքը, այսինքն՝ այս բոլոր անհանգստանցնող հարցերը համադրման հանձնաժողովը ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվում է»։

Այս պահին խնամատար 61 ընտանիքներում ապրում է 93 երեխա։ Այս ընտանիքներին մինչև հոգեզավակ երեխա տալը մանրամասն ուսումնասիրել են, համոզվել նրանց բարոյական և անձնական հատկանիշների, խնամակալի պարտականությունները կատարելու ունակությունների մեջ, դիտարկել երեխայի նկատմամբ խնամակալ ընտանիքի անդամների վերաբերմունքը, ինչպես նաև երեխայի ցանկությունը, եթե դա հնարավոր է։ Նրանք սովորաբար իրենց խնամքի տակ են վերցնում մեկից ավելի երեխաներ։

«Միջինում 2, 3, ընտանիք ունենք՝ 4, մենք ունենք տենդենց՝ հավելյալ 2-րդ 3-րդ հոգեզավակների խնամքը ստանձնելու ցանկության։ Վերապատրաստումներին մասնակցում են այնպիսի ընտանիքներ, որոնք իրենց խնամքի տակ արդեն ունեն երեխա»։

Սոցապտնախարարության ներկայացուցիչը նշում է՝ խնամակալ դառնալ ցանկացող ընտանիքների թիվն աճի միտում ունի։ Սա, առաջին հերթին, բացատրում են մարդկանց իրազեկվածության բարձրացմամբ։ Մյուս կողմից՝ նախարարությունն անում է ամեն ինչ երեխային ընտանիք վերադարձնելու, իսկ դրա անհնարինության դեպքում որդեգրման կամ խնամակալության միջոցով երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի իրացումն ապահովելու համար։

Back to top button