ԿարևորՀասարակություն

Վեբ-ծրագրավորումից կահույքագործություն․ նոր մասնագիտություն սովորելու հնարավորություն՝ մարզերում

Գյումրեցի Արմինե Ղալաչյանը ամուսնուն կորցրել է 44-օրյա պատերազմի ժամանակ, 2 անչափահաս աղջիկներին միայնակ է խնամում։ Երկար տարիներ մատնահարդարմամբ զբաղվող Արմինեն այժմ «Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում»  ծրագրի շրջանակում սովորում է վեբ ծրագրավորում։ Դասընթացն իրականացվում է Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում։ Առաջիկայում Արմինեն իրեն հաջողակ ծրագրավորողի դերում է տեսնում։

«Արդեն մեկ ամիս վեբ ծրագրավորում եմ սովորում։ Իհարկե, շատ բարդ է, բայց օրս դասավորում եմ այնպես, որ կարողանամ սովորել, շատ եմ ուզում իմ աղջիկներին հասցնել իրենց բոլոր նպատակներին, ընդ որում այնպես, ինչպես նրանց հայրիկը կուզենար դա անել»,-ասում է Արմինե Ղալաչյանը։

«Կանանց տնտեսական զորեղացումը՝ բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում» ծրագիրն իրականացնում է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ Հայաստանում Արաբական միացյալ էմիրությունների դեսպանատան, «Զայեդ» բարեգործական և հումանիտար հիմնադրամի աջակցությամբ ՝ համագործակցելով  Շիրակի մարզպետարանի և Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ։  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետի տեղակալ Թամարա Թորոսյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում մանրամասնում է՝ ծրագրի նպատակը Շիրակի մարզի ոչ լիարժեք ընտանիքների աշխատունակ մայրերի զբաղվածությունն ապահովելն է։

 «100-ից ավելի հայտեր ենք ունեցել, ընտրության արդյունքում 42 շահառու կանայք դասընթացներ են անցնում տեխնոլոգիական ոլորտում, որպեսզի կարողանան հմտանալ և աշխատանքի տեղավորվել»,-ասում է Թամարա Թորոսյանը։

Զբաղվածության ապահովմանը խթանել փորձում է նաև վերջերս մեկնարկած աշխատանքային պրակտիկայի ծրագիրը, որն իրականացվում է Կոտայքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում բնակվող երիտասարդների ու կանանց համար։ Թամարա Թորոսյանի խոսքով՝ այս դեպքում էլ նպատակը մարզաբնակների աշխատանքային փորձի ձեռքբերումն ու աշխատաշուկայում մրցունակության ապահովումն է։ 3 ամիս ծրագրի շահառուներին հնարավորություն կտրվի ամսական 100 հազար դրամ աշխատավարձով պրակտիկա անցնել տարբեր ոլորտներում՝ դիմահարդարում, հաշվապահություն, ծրագրավորում, հրուշակագործություն, կահույքագործություն և այլն․

«3 ամսից հետո շահառուներին հնարավորություն կտրվի աշխատանքի անցնել գործատուի մոտ, բայց եթե անգամ հնարավորություն չստեղծվի տվյալ գործատուի մոտ աշխատանքի անցնելու, նրանք արդեն բավականաչափ մրցունակ կլինեն և կունենան աշխատանքային փորձ տվյալ ոլորտում ինքնաիրացվելու համար»,-ասում է Թամարա Թորոսյանը։

Ծրագրի շրջանակում նախապատվությունը տրվելու է 44-օրյա պատերազմին մասնակիցներին, նրանց կանանց, ընդհանրապես  աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին, հաշմանդամություն ունեցող անձանց և  բազմազավակներին։ Զբաղվածության ապահովման այս ծրագիրն աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իրականացնում է Միասնական սոցիալական ծառայության ու «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության միջև ստորագրված փոխգործակցության հուշագրի շրջանակում՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ։

Back to top button