ԿարևորՏնտեսական

Հայկական դրամը մոսկովյան բորսայում ի՞նչ կշահի Հայաստանը  

Ռուս–ուկրաինական պատերազմն ու արևմտյան պատժամիջոցները Ռուսաստանին ստիպում են  ստեղծված  իրավիճակից դուրս գալու նոր ելքեր փնտրել։ Այժմ քննարկվում է Մոսկվայի բորսայում հայկական դրամի առքուվաճառքի գործարկման հնարավորությունը։ Փորձագիտական դաշտում պատճառները գիտեն՝ մի քանի անգամ նվազել են բորսայական գործարքները, ուստի ՌԴ–ն եկամտի նոր աղբյուրներ է փնտրում։ Պատժամիջոցների խստացման ֆոնին Ռուսաստանը նաև սկսել է գազի դիմաց վճարումներն ընդունել ռուսական ռուբլով։ Ի՞նչ կտա Հայաստանի ֆինանսական ու տնտեսական համակարգերին ռուբլով գործարքների ու մոսկովյան բորսայում հայկական դրամի, այսպես ասենք, ակտիվացումը։

Ի՞նչ կշահի հայկական դրամն ու ընդհանրապես ֆինանսական համակարգը, եթե Մոսկվայի բորսայում մեր ազգային արժույթի առքուվաճառքը գործարկվի։ Փորձագիտական դաշտում կարծում են՝ այս պահին՝ դեռ ոչինչ։ Հետագայում գուցե ռուբլի–դրամ փոխարկման հիմք դառնա։  Իսկ այս պահին այդ հարցն օրակարգում է, քանի որ Մոսկովյան ֆինանսական շուկան եկամտի նոր աղբյուրներ է փնտրում՝ կարծում է «Ամբերդ» հետազոտական  կենտրոնի փորձագետ Էդգար Աղաբեկյանը՝ բացատրելով՝ առևտրի ծավալներն են պակասել։ Դոլար-ռուբլի առեւտրի միջին օրական ծավալը, ըստ Մոսկվայի բորսայի տվյալների հիման վրա RBC-ի հաշվարկների, 2022 թվականի ապրիլին կազմել է 81,5 միլիարդ ռուբլի, մինչդեռ 2021 թվականի ապրիլին՝ 242,9 միլիարդ ռուբլի էր: Կտրուկ անկումը պայմանավորված է ոչ ռեզիդենտների համար ռուսաստանյան արժեթղթերով գործարքների արգելքով.

«Դրանով, ըստ էության, բորսայում ներդրողների գործն են հեշտացնում։ Ինչ վերաբերում է հարցին, թե ինչ կտա բանկային ու ֆինանսական համակարգին, այս պահին էական նշանակություն չունի։ Մեր ներքին շուկայում փոխարժեքը որոշվում է միայն դրամ–դոլար հարաբերակցությունը։ Մնացած  փոխարժեքները, ըստ էության, որոշվում են կրոս կուրսերի միջոցով։ Սա  երկու արժույթների հաշվարկային կուրսն է՝ երրորդ արժույթի միջոցով»։

Այժմ մոսկովյան բորսայում հասանելի է ռուբլու փոխանակումը 10 արտարժույթով՝ ԱՄՆ դոլար, եվրո, թուրքական լիրա, Հոնկոնգի դոլար, բելառուսական ռուբլի, ղազախական տենգե, շվեյցարական ֆրանկ, բրիտանական ֆունտ, ճապոնական իեն եւ չինական յուան։

Ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Հայաստանը ռուսական գազի դիմաց վճարումները սկսել է կատարել ռուբլով։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներից մեկին ասել էր Հայաստանի էկոնոմիկայի նախարարը։ Վահան Քերոբյանը նաև հստակեցրել էր՝  որքանով տեղյակ է, վերջին մի քանի վճարումներն արվել են ռուբլով,  բայց համապատասխան փոխարժեքով։ Գնագոյացումը կատարվում է դոլարով, սակայն վճարումն իրականացվում է ռուբլով։ Արդյո՞ք սա նշանակում է, որ տարեվերջին Հայաստանը պահուստավորված ավելի շատ դոլար կունենա։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանն ընդգծում է՝ դրամի՝ այլ արտարժույթների նկատմամբ միջին փոխարժեքները ձևավորվում են դրամ և այլ արժույթներ շուկայում։ Կարևոր է, որ երկու երկրների ֆինանսական ուղիղ շուկա ձևավորվի՝ ասում է։

«Մենք մեծ առևտուր ու դրամական փոխանցումներ ունենք ՌԴ–ի հետ, դրանց կեսից ավելին  հենց ռուսական ռուբլով են ստանում։ Կարևոր է, որ ձևավորվի առանձին՝ ՀՀ դրամ –ռուբլի շուկան՝ առանց կրոս փոխարկումների, որը իրացվելիություն կապահովի ներքին շուկայում։ Որքան այդ իրացվելիությունը մեծ լինի, այնքան ավելի լավ տնտեսվարողների համար»։ 

Բորսայական փոխանցումներով ֆիզիկական անձինք չեն կարողանա փոխարկումներ անել, բայց  Մոսկվայի բորսայում հայկական դրամի առքուվաճառքի գործարկումը կարող է ռուսական բանկերի համար հիմք ստեղծել, որպեսզի ՌԴ–ում աշխատող քաղաքացիները կարողանան փոխարկումը տեղում իրականացնել՝ ասում է  տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը։ 

Ընթացիկ տարվա  մարտին ՀՀ առևտրային բանկերի միջոցով ֆիզիկական անձինք ստացել են 252.7 մլն դոլարի չափով դրամական փոխանցումներ, ինչը նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշից բարձր է 58.5%-ով, 2020թ.-ի մարտինից՝ ավելի քան 2 անգամ։ Կենտրոնական բանկի վիճակագրության համաձայն՝ մարտին Ռուսաստանից Հայաստան ներհոսքըկազմել է 115.8 մլն ԱՄՆ դոլար՝ 40%-ով ավելի նախորդ ամսվա, 84.4%-ով ավելի նախորդ տարվա ցուցանիշից: Մարտին Հայաստան ներհոսքի մեջ Ռուսաստանին բաժին է ընկել ընդհանուր ծավալի 46%–ը:

Փորձագետներն ասում են՝ գործընթացը մի քանի ենթաշերտ ունի։ Շահառուների հիմնական խումբն արտահանողներն են։ Նրանց  համար իրավիճակը շահեկան  կլինի, եթե  գնված ապրանքի դիմաց վճարումը ուղիղ ռուբլով կատարեն՝ ասում է տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը՝ բացատրելով՝ այս դեպքում կրոս փոխարկումներից կախվածությունը կվերանա։ Բայց այս պահին բանկերն իրենց վրա նման ռիսկ դեռ չեն վերցնի՝ ընդգծում է։

«Քանի որ հոսքերն այս պահին մեծ են, բանկերը չեն կարող իրենց վրա բեռ վերցնել ,  երկար կամ կարճ դիրքեր ձևավորել։ Ավելի երկար ժամանակ  պահանջող  գործընթաց է նման ներքին շուկայի ձևավորումը»։

Փոխվում է նաև ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական «լեզուն»․առաջարկվում է  դոլարի փոխարեն առեւտուր անել ազգային արժույթով։ 2021-ին ԵԱՏՄ-ում փոխադարձ առևտուրն ավելացել է ավելի քան 35 տոկոսով՝ կազմելով  72․6 մլրդ դոլար։ Առևտուրն առավելապես ՌԴ հետ է՝ հիշեցնում է տնտեսագետ Համլետ Մկրտչյանը.

«Հայաստանի ապրանքաշրջանառության 30 տոկոսը ՌԴ–ի հետ է։ 2021թվականին ՌԴ ենք արտահանել 850 մլն դոլարի ապրանք, ներմուծել՝ շուրջ 2 մլրդ դոլարի։ Ըստ էության՝ ՀՀ–ի հիմնական գործընկերը ԵԱՏՄ շրջանակում ՌԴ–ն է»։

Ի ՞նչ արժույթով առևտուր կանի Հայաստանը ԵԱՏՄ մյուս երկրների հետ։ Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նկատում է՝ այս դեպքում երկրներն իրենք կընտրեն արժույթը.

«Ցանկալի է, եթե դա հայկական կամ բելառուսական արժույթը չէ, լինի ռուսականը։ Այս դեպքում չեմ կարծում, որ մեր տնտեսություններին շատ օգուտ կտանք, եթե ընտրենք ԵԱՏՄ-ից դուրս արժույթ։ Հաստատ դա մեր կամ գոնե ԵԱՏՄ շահերից չի բխի։ Սովորաբար տրամաբանությունն ու մասնագիտական մոտեցումները հուշում են, որ, օրինակ, եթե ՀՀ–ն միրգ է արտահանում Բելառուս, այս դեպքում բելառուսական ընկերությունները պետք է այն գնեն դրամով։ Ներմուծումը, հակառակը, պետք է կատարվի բելառուսական արժույթով»։

Արդեն մի քանի տարի ԵԱՏՄ շրջանակում քննարկում են միասնական արժույթի անցնելու հարցը՝ որպես ամենահավանական տարբերակ դիտարկելով ռուբլին։ Թեման առկախված էր, բայց ռուս-ուկրաինական լարվածությունը ստիպեց շատ ավելի արագ նոր մեխանիզմ ներդնել, այն է՝ փոխադարձ առեւտրում ազգային արժույթով վճարումները։ Փորձագիտական դաշտում փորձում են հաշվարկել՝ եթե օրինակ անցյալ տարվա 850 մլն դոլարի առեւտուրը ՌԴ-ի հետ արվեր ոչ թե դրամը դոլարի, հետո դոլարը ռուբլու փոխակերպելով, այլ միանգամից դրամ-ռուբլով, ապա շուրջ 16 մլն դոլար կտնտեսվեր ։ 

Back to top button