Բնական ընտրություն

Բույսերից՝ խատուտիկը, կենդանիներից՝ թռչող սկյուռները․ պարաշյուտը բնության մեջ․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Ակնհայտ իրականություն․ խատուտիկի սերմերի թռիչքից մինչև պարաշյուտի հայտնագործում»

Ֆրանսիացի ամուսիններ Ժաննա Լյաբրոսն ու Անդրե-Ժան Գառներենը աշխարհի առաջին պարաշյուտիստներն են։ Արդեն 1797 թվականին Անդրեն կատարում է մարդկության պատմության մեջ պարաշյուտով առաջին թռիչքը՝ Փարիզի արվարձաններից մեկում։ Նախքան թռիչքը Անդրեն պատրաստել էր օդում թռչող փոքրիկ պարաշյուտ՝ բամբուկի ձողով և կտորով։ Առաջին պարաշյուտի թռիչքից շուրջ 300 տարի առաջ, սակայն, Լեոնարդո դա Վինչին արդեն նախագծել էր պարաշյուտ։ Ավելին, նրա գծագրերում կարելի է հանդիպել, թե ինչպես է Վերածննդի դարաշրջանի մարդը պարաշյուտ երևակայելիս այն համեմատել խատուտիկի հետ․

«Բնության մեջ խատուտիկի անալոգիան կիրառվեց պարաշյուտ ստեղծելիս, բայց այստեղ միայն սերմերի թռիչքի ֆիզիկան չէ, սերմերի վերևում մանրաթելեր կան խատուտիկի, որոնք պատված են օդի շերտով և շրջապատի օդն ավելի նոսր է, քան ներթափանցողինը և դա է պատճառը, որ ստացվում է ավելի ճիշտ վայրէջք կատարել և այս մեխանիզմը հարմարեցվել է նաև պարաշյուտի դեպքում, որպեսզի ավելի բարձր թռիչքների դեպքում վայրէջքը խնդիր չառաջացնի և այլն»,-նշում է Լիլիթ Եգանյանը։

Իմ զրուցակիցը ֆիզիկոս Լիլիթ Եգանյանն է, ասում է՝ միջին քաշով մարդու համար ազատ անկման արագությունը մոտ 200 կմ/ժ է և զարգանում է թռիչքի պահից ընդամենը 10 վայրկյան անց։ Ահա այդ արագությունն է անհրաժեշտ նվազեցնել մինչև մարդու համար անվտանգ մեծություն։ Ճիշտ նույն ֆիզիկան գործում է խատուտիկների պարագայում։ Ի դեպ, առաջին անգամ խատուտիկի թռիչքը մանրադիտակի տակ ուսումնասիրել են Շոտլանդիայի Էդինբուրգի համալսարանի գիտնականները և համեմատելով պարզել, թե որքան նման է պարաշյուտի թռիչքը խատուտիկի սերմերի թռիչքին։ Լիլիթ Եգանյանին լսենք․

«Գիտնականների մոտ հետաքրքրությունն առաջացել է այն ժամանակ, երբ նկատել են մանրադիտակային ուսումնասիրությունների արդյունքում, որ խատուտիկի մանր սերմերը կարողանում են թռչել շատ երկար տարածություններ՝ 50-150 կմ։ Այստեղ հարց է առաջանում, որովհետև պարզ է, որ այստեղ ֆիզիկա է գործում։ Ուսումնասիրությունները թույլ են տվել պարզել, որ խատուտիկի գլխի մոտ շրջապտույտի պատճառով գոյանում է օդային ամպ, ինչն էլ թույլ է տալիս իրեն երկար ժամանակ մնալ օդում»,-ասում է ֆիզիկոսը։

Կենսաբան Նորայր Գաբրիելյանը ներկայացնում է բարդածաղկավորների ընտանիքին պատկանող այդ բույսի՝ խատուտիկի կառուցվածքային առանձնահատկությունները, որոնց անալոգիան կիրառվել է պարաշյուտ ստեղծելիս։ Խատուտիկի տերևները նշտարաձև կամ երկարավուն են, ատամնավոր եզրերով։ Ծաղկաբույլը զամբյուղ է, ծաղիկները լեզվակաձև։ Սերմիկները թխավուն են կամ գորշ, բնորոշ սպիտակ խորոմով, որի օգնությամբ քամու միջոցով սերմերը պարաշյուտի նման թռչում, տարածվում են ամենուր․

«Խատուտիկն այն բույսն է, որի օրինակով մարդը գծագրել է պարաշյուտը, ամենապարզ օրինակով՝ պարաշյուտի ծանրությունը մարդն է, իսկ խատուտիկինն իր ձողը, անզեն աչքով նման են նաև արտաքին կառուցվածքով»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Պարաշյուտի թռիչքի մեխանիզմը բնության մեջ միայն բուսական աշխարհում չէ, որ ունի իր կրկնօրինակը։ Այն կարելի է հանդիպել նաև կենդանական աշխարհում, խոսքը թռչող սկյուռների մասին է։ Բիոինժեներ, Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի բջջի կենսաբանության և վիրուսաբանության լաբորատորիայի ավագ լաբորանտ Բագրատ Բաղդասարյանի խոսքով, թռչող սկյուռների մաշկի թաղանթներն աշխատում են պարաշյուտի պես և թույլ են տալիս նրանց այսպես ասած ճախրել մի ծառից մյուսը ՝ օգտագործելով օդային հոսանքները: Թռչող սկյուռն իր «թևերի» շնորհիվ ի վիճակի է հաղթահարել մինչեւ 60-70 մետր հեռավորություն, ինչը իսկապես շատ է նման փոքր կենդանու համար․

«Պարաշյուտն ունի իր այսպես ասած կրկնօրինակները բնության մեջ, և դրանցից առաջինը խատուտիկն է, երկրորդը՝ թռչող սկյուռներն են, որոնց թևերի կառուցվածքը, թռիչքի մեխանիզմն ամբողջովին նույնն է, ինչ պարաշյուտի դեպքում։ Օդն օգտագործվում է որպես հենման մակերես, և մարդը բնության այս երևույթը վերածել է տեխնոլոգիայի»,-ասում է Բագրատ Բաղդասարյանը։

Օդում թռիչքը մարդկության համար վաղուց այլևս երազանք չէ, իսկ օդում թռչելու բազմաթիվ գաղտնիքներ մարդն արդեն գտել է բնության մեջ ու կենդանի մեխանիզմները վերածել տեխնոլոգիաների։

Back to top button