ԿարևորՀասարակություն

Սուղ ժամկե՞տ, թե՞ թերի աշխատանք․ ԱԺ քննիչ հանձնաժողովների կեսից ավելին իր ժամկետում չի ավարտել աշխատանքը

Գործող և նախորդ խորհրդարաններում ընդհանուր առմամբ ձևավորվել է 11 քննիչ հանձնաժողով, որոնք պետք է քննեին և հանրությանը ներկայացնեին առավել մեծ հնչեղություն ունեցող հարցերի պատասխանները։ Հանձնաժողովների կեսից ավելին, սակայն, այդպես էլ կիսատ թողեցին աշխատանքը և անգամ եզրակացություն չկազմեցին։

Խորհրդարանն առաջիկայում փորձելու է օրենսդրական լուծումներ տալ՝ քննիչ հանձնաժողովների աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու համար։ Որպես առաջին քայլ դիտարկվում է գործունեության ժամկետերի ավելացումը։

Գործող 8-րդ գումարման ԱԺ-ում ձևավորվել է 3 քննիչ հանձնաժողով, որոնք պետք է ուսումնասիրեն և պարզաբանումներ ներկայացնեն հանրությանը հետաքրքրող առավել հնչեղ հարցերի ու պրոբլեմատիկ իրավիճակների վերաբերյալ։

«Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքած եւ երկրի պետբյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը նոր խորհրդարանում ձևավորվեց առաջինը։ Այն արդեն հասցրել է սպառել իրեն հատկացված 6 ամիսը։ Այս ընթացքում մի քանի նիստ արդեն գումարել է, բայց տեխնիկական հարցերից բովանդակայինի դեռ չի էլ հասել։ Կա աշխատանքը ևս 6 ամսով երկարաձգելու հնարավորություն եւ ակնկալիք, որ հիմնադրամի հավաքած միջոցների ծախսման արդյունավետության հետ կապված ի վերջո պարզաբանումներ կհնչեն։

Սահմանված առաջին 6 ամսում, ըստ ամենայնի, պատրաստ չի լինի նաև 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը։ Առաջին 6 ամսվա կեսն անցել է, բայց այս հանձնաժողովը եւս տեխնիկական քննարկումներից այն կողմ դեռ չի անցել։ Հարցերը բազմաթիվ են ու բազմակողմանի, քննարկվելիք հարցերը՝ խիստ զգայուն։ Բայց մինչ դրանց շուրջ բուն քննարկումները կսկսվեն, երկար ժամանակ դեռ փորձ էր արվում լուծել քննիչ հանձնաժողովի կազմի հետ կապված խնդիրները։ Ընդդիմությունը հենց սկզբից բոյկոտեց հանձնաժողովը նման տրամաբանությամբ ստեղծելը՝ պնդելով՝ դա պետք է իրենց գործիքը լինի, ոչ թե իշխանության, որը կարող է կոծկել հարցերի պատասխանները։ Հանձնաժողովում, ըստ մամուլի, շփոթություն կար՝ ինչից սկսել, ինչով շարունակել։ Իսկ այս ընթացքում որպես անկախ խորհրդատու հրավիրված Սամվել Բաբայանը հայտարարեց հանձնաժողովի աշխատանքներին չմասնակցելու որոշման մասին։

Երրորդ քննիչ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր դատարաններում գործերի մակագրման խախտումները։ Դեռ անցյալ հոկտեմբերին օրենքի ուժով ստեղծված հանձնաժողովի կազմավորումն այդպես էլ անավարտ մնաց։

Ընդհանուր առմամբ նախորդ և գործող խորհրդարաններում ձևավորված 11 քննիչ հանձնաժողովների միայն կեսն է կարողացել ավատին հասցնել աշխատանքները։ Այս հիմքով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն առաջարկում է օրենքով ավելի երկար ժամկետ սահմանել քննիչ հանձնաժողովների աշխատանքի համար։ Ինքը՝ Բագրատյանը, ժամանակին ղեկավարել է քննիչ հանձնաժողովներից մեկը, որով պետք է ուսումնասիրվեր մետաղական հանքերի շահագործումը։ Եզրակացություն հանձնաժողովը այդպես էլ չպատրաստեց․

«Ես պաշտոնյաների անուններ չեմ հնչեցնի, բայց եղել է՝ մենք դիմել ենք կոնկրետ պաշտոնյայի՝ խնդրելով մասնակցել քննիչ հանձնաժողովի նիստերին, բայց առանց հարգելի պատճառի, առանց որևէ հիմնավորվածության չեն ներկայացել։ Եթե մենք նայում ենք՝ որևէ գործիքակազմ չունի քննիչ հանձնաժողովը, որ կարողանա տվյալ պաշտոնյայից պահանջել, որ անպայման ներկայանա։ Պարադոքսալ խնդիր կա․ հաճախ հենց այդ պաշտոնյային առնչվող խնդիր ենք ուսումնասիրում, այսինքն՝ այդ պաշտոնյան իր այցը կարող է ձգձգել այն հույսով, որ հանձնաժողովի ժամկետը կարող է լրանալ, և այն խնդիրները, որ պետք է պարզաբանեի, կարող եմ չպարզաբանել։ Գործիքակազմերը պետք է հարստացնենք, որովհետև քննիչ հանձնաժողովը, լավ գործիք լինելով, բավարար լիազորություններ չունի»։

Նոր նախագծով առաջարկվելու է քննիչ հանձնաժողովի լիազորությունների ժամկետը գործող 6 ամսից դարձնել 1 տարի՝ հետագայում մինչեւ 6 ամսով մեկ անգամ երկարաձգելու հնարավորությամբ։ Թեև պատգամավորը չի նախատեսել, որ փոփոխությունը կազդի արդեն ձևավորված հանձնաժողովների վրա, բայց արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանը և խորհրդարանական մեծամասնությունից Արփի Դավոյանն այլ կարգավորման մասին են խոսում։

Գրիգոր Մինասյան. «Համոզմունք ունեմ, որ գործողների հանդեպ խտրական վերաբերմունք կլինի, ու հենց այս նախագծով կլուծենք ընթացիկ խնդիրները, քանի որ քաղաքական բավական էլեմենտ ունի իր մեջ»։

Արփի Դավոյան. «Կան հարցեր, որոնք հանդեպ հանրային հնչեղությունը այդպես էլ չի մարում, ու մենք հիմա ունենք նման քննիչ հանձնաժողով։ Կարծում եմ՝ հենց այդ քննիչ հանձնաժողովի հետ կապված պետք է հասկանանք, թե ինչպիսի կարգավորումներ կարող ենք բերել, և որքան հնարավոր է ավելի ամբողջական ներառող այն գործընթացները, որոնք քննիչ հանձնաժողովը ուսումնասիրում է»։

Ակնհայտ է, որ փոխնախարարն ու պատգամավորը նկատի ունեն 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը։ Առաջարկում են լրամշակել նախագծի հիմնավորումները, նաեւ հստակեցնել անցումային դրույթները, որով էլ կլուծվի իրենց բարձրացված հարցը։

44–օրյա քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ներկայացմամբ՝ հանձնաժողովի աշխատանքը բնականոն շարունակվում է։ Փաստերի հավաքագրման փուլում են, թեեւ դեռ չեն կազմել հրավիրվող պաշտոնյաների ցանկն ու հարցաշարերը։ Քոչարյանն նաեւ քառօրյա պատերազմի քննիչ հանձնաժողովն էր ղեկավարում։ Սա այն 5 քննիչ հանձնաժողովներից մեկն է, որը հասցրել է ավարտին հասցնել իր աշխատանքը և կազմել եզրակացություն, որը, սակայն, այդպես էլ չհրապարակվեց։ 44-օրյայի ժամկետերից, սակայն, Քոչարյանը դեռ չի խոսում։

«Քառօրյայինը ո՞նց էր։ 3 ամիս առնվազն տևեց, երբ սկսեցինք արդեն մեզ հետաքրքրող պաշտոնյաներին կանչել։ Իսկ այստեղ պաշտոնյաների քանակը տասնապատիկ անգամ ավելի շատ է լինելու։ Ինֆորմացիայի հավաքագրման փուլում ենք։ Շատ–շատ զոհվածների ծնողներ պատերազմից հետո հսկայական ինֆորմացիա են հավաքել՝ կապված իրենց զավակների գտնվելու վայրի, նրանց տեղակայման մասին, նույնիսկ մինչև մահվան պահը։ Հսկայական այդ տեղեկատվությունը տեղափոխվում է հիմա մեր հանձնաժողով»։

Քննիչ հանձնաժողովների աշխատանքի հետ կապված կա նաև այլ խնդիր․ պատգամավորները բարձրաձայնում են հանրությանը հաշվետու լինելու անհրաժեշտությունը, անգամ պնդում, որ առաջին ժամկետի ավարտից հետո ներկայացվի՝ ինչ աշխատանք է արվել, ինչը չի արվել և ում պատճառով։ Սա անհրաժեշտ են համարում, քանի որ հանձնաժողովները խիստ զգայուն ու հնչեղ հարցերով են զբաղվում։  

Քննիչ հանձնաժողովների աշխատանքին առնչվող նախագիծը լայն քննարկման կդրվի առաջիկա լիագումար նիստի ընթացքում։

Back to top button