ԿարևորՄշակույթ

«Նվիրում Կոմիտասին». Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին նվիրված ժամանակավոր ցուցադրութուն կբացվի

Կոմիտասի թանգարան-ինստիտուտի և Եղիշե Չարենցի տուն-թանգարանի նախաձեռնությամբ «Թանգարանների միջազգային օրը»՝ մայիսի 18-ին՝ ժամը 18:00-ին, Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կբացվի «Նվիրում Կոմիտասին» խորագրով ժամանակավոր ցուցադրութունը՝ նվիրված Եղիշե Չարենցի ծննդյան 125-ամյակին: Չարենց-Կոմիտաս առնչություններն արտացոլող այս ցուցադրությունը կգործի մինչև մայիսի 28-ը։

Ցուցադրության ընթացքում կներկայացվեն պատառիկներ Եղիշե Չարենցի «Կոմիտասի հիշատակին․ Requiem Aeternam» պոեմի ձեռագրից, որոնք նվիրաբերվել են Կոմիտասի թանգարան-ինստիտուտին։ Ձեռագրերի մասին տեղեկություններ կհաղորդի բանաստեղծի թոռնուհին՝ Գոհար Չարենցը։ Կցուցադրվի նաև Ջոտտոյի (Գևորգ Գրիգորյան) «Չարենցը և Կոմիտասը» կտավը։

Նույն օրը՝ ժամը 19:00-ին, տեղի կունենա համերգ Ա․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Երիտասարդական օպերային ծրագրի» մենակատարների մասնակցությամբ։

Կհնչեն Կոմիտասի, Վլադիլեն Բալյանի, Ավետ Տերտերյանի, Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի և Ռոբերտ Ամիրխանյանի ստեղծագործություններից։

Մեներգիչներ՝ Իրինա Զաքյան (ՀՀ վաստակավոր արտիստ), Նավասարդ Հակոբյան, Սիլվա Պետրոսյան, Ֆերդինանդ Մուրադյան, Լուսինե Ստեփանյան, Անի Ղուշչյան։
Նվագակցելու են Հասմիկ Անտոնյանը, Լիլիթ Աբովյանը, Լևոն Ջավադյանը։
Ծրագրի գեղարվեստական ղեկավարն է Լևոն Ջավադյանը։

Համերգի հատուկ հյուրն է ՀՀ ժողովրդական արտիստ Ռոբերտ Ամիրխանյանը։

Back to top button