

Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանն ունի հատուկ և ներառական կրթության ֆակուլտետ, որտեղ կրթություն են ստանում և մանկավարժ են դառնում նրանք, ովքեր պետք է զբաղվեն տեսողական, լսողական, խոսքի և կամ հենա-շարժողական խնդիրներ ունեցող երեխաների կրթությամբ և դաստիարակությամբ։
Այս տարի իր 100-ամյակը նշող համալսարանի երիտասարդ ֆակուլտետներից է սա, բայց արդեն ունի հաջողություններ այս դժվարին ոլորտում։
Չէ՞ որ աշխատանք պետք է տարվի ոչ միայն երեխաների, այլև նրանց ծնողների և առհասարակ ողջ հասարակության հետ։
«Հատուկ» երեխաների նկատմամբ վերաբերմունքը տարբեր է։ Մեզանում ընդունված է եղել խղճալ նրանց, թաքցնել, այնպես անել, որ քիչ մարդիկ տեսնեն նրանց, բայց նաև դժվարություններ կան նրանց հետ շփվելու հարցում։
Աստիճանաբար վերաբերմունքը այսպիսի երեխաների հանդեպ փոխվում է նաև ներառական կրթության շնորհիվ, երբ որևէ խնդիր ունեցող երեխան սովորում է սովորական երեխաների հետ միևնույն դասարանում։ Չէ՞ որ նրանց պետք է ներառել հասարակության մեջ, մասնագիտություն սովորեցնել, այնպես անել, որ նրանք լիարժեք մարդ զգան իրենց։
Ֆակուլտետի մասնագետներն օգնում են նաև հասուն մարդկանց, ովքեր կյանքի ամենատարբեր հանգամանքների բերումով ֆիզիկական որևէ խեղում են ստացել։