ԿարևորՔաղաքական

ԵՄ երկրների հետ վիզաների ազատականացման հարցում Երեւանը պետք է համոզիչ փաստարկներ ներկայացնի․ քաղաքագետ

Մայիսի 18-ին Բրյուսելում  տեղի կունենա  ԵՄ — Հայաստան գործընկերության խորհրդի 4-րդ նիստը, որին մասնակցելու է  Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Օրակարգում  Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և տնտեսական ու ներդրումային ծրագրի կատարման ընթացքին, ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության ուղղություններով համագործակցությանը վերաբերող  հարցեր են։ ՀՀ արտգործնախարարությունը տեղեկացնում է, որ Բրյուսելում Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԵՄ տարբեր պաշտոնյաների հետ:

Հայաստանի արտգործնախարարության տեղեկացմամբ՝ ԵՄ–ՀՀ գործընկերության խորհրդի՝ Բրյուսելում կայանալիք 4-րդ նիստի ընթացքում կտրվի եվրոպական երկրներ մուտքի արտոնագրերի ազատականացման վերաբերյալ երկխոսության մեկնարկը: Կքննարկվեն նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր, մտքեր կփոխանակվեն առևտրատնտեսական և ոլորտային փոխգործակցության հարցերի շուրջ։

Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Արարատ Միրզոյանը, իսկ Եվրամիության պատվիրակությունը՝ ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:

Հայաստանն ու Եվրամիությունը Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրել են 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Հայաստանի Ազգային ժողովը փաստաթուղթը միաձայն վավերացրել է 2018-ի ապրիլի 11-ին։ Համաձայնագրի ստորագրումից հետո ամենաքննարկվող թեմաներից մեկը  վիզաների ազատականացման հարցն է, որին անդրադարձ կլինի նաև  Բրյուսելում։ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը կարծում է, որ վիզաների ազատականացումը քաղաքական որոշման հարց է․  կան երկրներ, որոնք դեմ են անօրինական միգրանտների թվաքանակի հնարավոր ավելացմանը եւ դրանով պայմանավորված՝ չեն պաշտպանում  վիզաների ռեժիմի ազատականացման հեռանկարը։

«Վիզաների ազատականացման համար պետք է, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկրները համաձայն լինեն։ 95 տոկոսը համաձայն են, բայց կան մեկ–երկու երկրներ, որ համաձայն չեն։ Ես այդ երկրների անունը չեմ ասի, մենք հիմա աշխատում ենք այդ երկրների հետ»։

Այդ երկրների հետ աշխատանք տարվում է՝ վստահեցնում է Եղոյանը։ Ասում է, որ ապաստան հայցող հայաստանցիների թիվը վերջին տարվա ընթացքում  նվազել է։ Եթե 2017 թվականին  Եվրոպական երկրներում Հայաստանից ապաստան հայցել է շուրջ 6700 անձ, ապա 2021–ին այդ թիվը հասել է 1500–ի.

«Սա լուրջ փաստարկ է լինելու եվրոպական երկրների հետ խոսելու։ Կարծում եմ՝ մեզ կհաջողվի գալ ընդհանուր հայտարարի եւ համոզել մեր գործընկերներին, որ մենք կարող ենք ավելի նվազեցնել այս թիվը ու նաեւ թույլ չտալ, որ հետագայում աճի։ Գիտեք, որ այնտեղ շատ սուր է այս հարցը դրված, եւ նույնիսկ 1500 հոգու հարցը կարող է քաղաքական շահարկման թեմա դառնալ»։

Բրյուսելում  նախատեսված ԵՄ–ՀՀ գործընկերության խորհրդի 4-րդ նիստն անցկացվելու է ոչ ստանդարտ պայմաններում՝ ռուս–ուկրաինական պատերազմով պայմանավորված, եւ  պետք է ջանքեր գործադրել մտավախությունները փարատելու համար՝ ասում է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը.

«Ի վերջո, հայերը եվրոպացիներ են, եւ պատմականորեն կանխորոշված եմ համարում , որ Հայաստանի քաղաքացիները հնարավորություն ունենան առանց վիզայի այցելել ցանկացած եվրոպական երկիր եւ հակառակը՝ ցանկացած եվրոպացի պետք է ազատորեն այցելի Հայաստան»։

Քաղաքագետի կարծիքով շատ հարցերում Հայաստանի ու ԵՄ–յան դիրքորոշումները ոչ թե մոտ են, այլ անգամ  նույնական, ինչը քննարկումների եւ կոնկրետ պայմանավորվածությունների ձեռք բերման լավ հնարավորություն է։ Մասնավորապես, տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում ԵՄ ներգրավման անհրաժեշտության հարցում.

«ԵՄ–ն այսօր աննախադեպ ակտիվ դեր է ստանձնել  Ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում։ Մեր հարաբերությունները Թուրքիայի հետ նույնպես ԵՄ–ի ուշադրության կենտրոնում են, եւ, իհարկե, նաեւ Իրանի հարցը, որը օպտիմիստական սպասումներ է առաջացրել, բայց առայժմ իր վերջնակետին չի հասել։ Եվրոպան եւ Իրանը իրար կապող լավագույն եւ  ամենակարճ ճանապարհը Հայաստան–Վրաստան ճանապարհն է, եւ այստեղ շահերի եւ անելիքների ներդաշնակեցման հարցում անելիք կա»։

Բրյուսելում նախատեսված ՀՀ–ԵՄ գործընկերության խորհրդի 4-րդ նիստից սպասելիքները շատ են, արդյունքների մասին, սակայն, դեռ վաղ է խոսել։ 

Back to top button