ԿարևորՀասարակություն

ArmeniaWorks4U ծրագրով ընտրված 40 հայազգի մասնակից Ռուսաստանից և Բելառուսից տեղափոխվում է Հայաստան

2022 թ.- ի մարտի սկզբին մեկնարկած «Armenia Works 4U» ծրագրով ընտրված 40 հայազգի մասնակիցներից արդեն 23-ը տեղափոխվել են Հայաստան՝ Ռուսաստանի Դաշնությունից և Բելառուսից: Ծրագիրը բաց էր նաև Ուկրաինայի հայազգի մասնակիցների համար, սակայն դիմորդների թիվը բարձր չէր: Նրանցից 4-ն արդեն աշխատանք են գտել տեղեկատվական տեխնոլոգիաների, մարքեթինգի, վաճառքի և գրաֆիկական դիզայնի գծով: Ծրագիրրն իրականացվում է «Repat Armenia» հիմնադրամի կողմից:

«Armenia Works 4U» ծրագրի շրջանակներում մասնակիցներին որպես օգնություն տրամադրվում է դեպի Հայաստան ավիատոմսի արժեքի փոխհատուցում մինչև 145.000 դրամ սահմանաչափով, դիմավորում Զվարթնոց օդանավակայանում, ամսական 100,000 դրամի սուբսիդավորում բնակարանների վարձակալության համար՝ 1-3 ամիս տևողությամբ, ինչպես նաև աջակցություն պոտենցիալ գործատուների հետ հարցազրույցներ կազմակերպելու և աշխատանքի տեղավորման հարցում (8 18 HR Consulting-ի հետ միասին) և հայոց լեզվի դասընթացներ: Կազմակերպվում են նաև միջոցառումներ՝ միտված հայրենադարձների համայնքում մասնակիցների ինտեգրմանը և ակտիվ մասնագիտական ցանցի ստեղծմանը, ինչպես նաև աջակցություն հիմնական պետական ​​ինտեգրացիոն գործընթացների (իրավական կարգավիճակ, կրթություն, առողջապահություն, անձնական ունեցվածքի փոխադրում և այլն) և անհատական աջակցություն «Repat Armenia» հիմնադրամի թիմի կողմից:

Ծրագրին մասնակցելու համար դիմել են 111 մասնակից, 83-ի հետ անց է կացվել առցանց հարցազրույց: Ծրագիրը հովանավորվում է «Հ. Հովնանյան ընտանեկան հիմնադրամ»-ի կողմից:

Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի՝ 2021 թվականի վերջին հաջողությամբ իրականացրած «Armenia Works 4U» պիլոտային ծրագիրի մոդելով: Այն լիբանանահայ մասնագետների ​​հայրենադարձությանն էր ուղղված: Այս ծրագրով հայրենադարձվածների 80%-ն այժմ իրենց կարիերան շարունակում են Հայաստանում։

Հաշվի առնելով հայրենադարձության նկատմամբ աճող հետաքրքրությունը և երկրի հզորացման համար դրա բացառիկ կարևորությունը՝ «Repat Armenia»-ն ընդլայնում է այս ծրագիրը Ռուսաստանում, Ուկրաինայում և Բելառուսում բնակվող հայերի համար։

Repat Armenia Foundation (հայերեն՝ «Վերադարձ Հայաստան» հիմնադրամ), ստեղծվել է 2012թ. նպատակ ունենալով աջակցել փորձառու մասնագետների հայրենադարձության գործընթացին, խթանել հայրենադարձների ինտեգրումը եւ հայրենադարձության համար բարենպաստ միջավայրի ձեւավորումը:

Back to top button