ԿարևորՄշակույթ

Նրա կանանց անհնար է շփոթել․ գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանի գործերը՝ Նկարիչների միությունում

Նկարիչների միությունում բացվել է գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանի գեղանկարների ցուցահանդեսը՝ «Ժամանակի ու տարածության միջով» խորագրով։ Գեղանկարիչը ներկայացել է նոր կոնցեպցիայով ու լուծումներով, բայց նրա նկարներում գերիշխում են կնանկարները՝ իրենց հստակ բնավորությամբ։

Առասպելական-դիցաբանական սյուժեներից մինչև մեր օրերի հրատապ թեմաներ՝ ամփոփված են գեղանկարիչ Վիլիկ Զաքարյանի՝ կոմպոզիցիայի ակնհայտ վարպետի նկարներում։  Եթե շատ նկարիչների գործերում սկզբում գիծն է, հետո գույները, ապա Վիլիկի նկարներում գույնն է ու հետո գիծը՝ յուրահատուկ մոտեցմամբ։ Բայց նկարների թեմատիկայում կանայք են գերիշխում, ու Վիլիկի կանանց անհնար է  շփոթել։ Արվեստաբան Լևոն Լաճիկյանը հումորով նկատում է՝ Վիլիկի կանանց 50 կմ-ից կարող ես ճանաչել, նրանք ոչ Վարդուշ են, ոչ Հռիփսիկ, այլ կանայք, որոնք ունեն հստակ դիմագիծ ու ձեռագիր։ Վիլիկ Զաքարյանին զարմացնում է հաճախ տրվող այդ հարցը, թե ինչո՞ւ են կանայք իր նկարներում գերիշխում։

«Բայց կնոջից կատարյալ բան բնության մեջ ես չեմ տեսել։ Եթե դուք գիտեք՝ կարող եք ասել, ես կնկարեմ»։

«Ժամանակի ու տարածության միջով»՝ Վիլիկ Զաքարյանի՝  Նկարիչների միությունում բացված ցուցահանդեսի խորագիրն է։  Նոր կոնցեպցիայով ու լուծումներով նկարների մեջ նորություն են  շարժական կտավները։ Այսինքն՝ կտավին   դիմացից նայելիս բոլորովին այլ գույներ ես տեսնում ու պատկեր,աջից կամ ձախից՝ միանգամայն նոր նկար։

Նկարիչն ասում է՝ իրեն ափերից հանում են կեղծիքը, սուտը, երևույթների նկատմամբ ոչ արդարացի մոտեցումը: Բայց և նկատում է՝ խուսափել չենք կարող, դրանք  առօրյայի անբաժան մասն են, իսկ դրանցից պաշտպանվելու միակ ուժը ստեղծագործելն է: Իսկ եթե հոգով չես ապրում որևէ զգացողություն՝ լավ կամ վատ,   ստեղծագործել չես կարող: 

Գեղանկարչի համար անհասկանալի միտումներ կան արվեստում էլ։ Երբ, ասենք, ներկը որոշակի հեռավորությունից շաղ են տալիս կտավի վրա և ստացված անհասկանալի պատկերը որակում արվեստ, այնուհետև փորձում փիլիսոփայական մեկնաբանություներ անել:  Արվեստը պետք է ունենա  ողնաշար ու կառուցվածք, ներքին հարստություն ու գունային ներդաշնակություն: Ամենասխալ բանն է՝ պատմել, թե ինչի մասին է նկարը։ Նկարն ինքը պետք է պատմի իր մասին՝ ասում է Վիլիկ Զաքարյանը։ «Իմ վրձինը հենց բառերն են ու մտքերը։ Իսկ եթե ստեղծածն արդեն բառերով ես ներկայացնում, կտավը հասարականում է»։  

Վիլիկ Զաքարյանի նկարների մասին չպետք է պատմել, պարզապես պետք է դիտել ու գտնել այն պատկերները, որոնք առավել հոգեհարազատ են ձեզ։

Ցուցադրել ավելի
Back to top button