ԿարևորՔաղաքական

Նիստը՝ հոբելյանական, խնդիրները՝ պատերազմական․ Հայաստանը ՀԱՊԿ–ում թվարկել է իր դժգոհությունները

 ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Մոսկվայում հոբելյանական գագաթնաժողովին  քննարկել են ռազմական  գործակցությունը խորացնելու, ավանդական և նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին արդյունավետ դիմակայելու հետ կապված հարցերը։ Մոսկովյան հանդիպումը հոբելյանական է՝ նվիրված ՀԱՊԿ 30-ամյակին:

6 պետության ղեկավար և կառույցի քարտուղարը նախ ներածական ելույթներով են հանդես եկել, ստորագրել 2 փաստաթուղթ և փակ ձևաչափով քննարկել առանցքային հարցեր։  Բացի գագաթնաժողովից՝ կազմակերպության անդամ երկրների առաջնորդներն աշխատանքային նախաճաշի ձևաչափով շփումներ և երկկողմ բանակցություններ են ունեցել: ՀԱՊԿ-ում ղեկավարող Հայաստանն օրակարգային հարցերի կողքին բարձրաձայնել ու շեշտել է իր դժգոհությունն ու տարակուսանքը՝ ինչո՞ւ լռեց անվտանգային լուրջ գործառույթներ ստանձնած կազմակերպությունը, երբ իր ինքնիշխան տարածքի սահմաններն են թշնամաբար հատում։

6 պետություններից 5-ն այս կամ այն չափով գոհ են իրենց իսկ ներկայացրած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքից։ Կառույցի աշխատանքի, անվտանգության բուն գործառույթների ի կատար ածման հետ կապված հստակ վերապահումներ ունի Հայաստանը, ինչն էլ Հայաստանի վարչապետը բարձրաձայնեց ՀԱՊԿ 30–ամյակին նվիրված հոբելյանական նիստի ընթացքում։

Եթե Ղազախստանը շնորհակալություն է հայտնում կառույցին՝ այս տարվա հունվարին իր երկրում անկարգությունները կանխելու համար, իսկ Բելառուսը միասնական աշխատանք է պահանջում իրեն և Ռուսաստանին հետաքրքրող ուղղություններով այդ թվում եւ միջազգային հարթակներում, ապա Հայաստանը հիշեցնում է 2020–ի 44–օրյա պատերազմն ու հաջորդած սահմանային բախումները՝ անցյալ տարվա հենց այս օրերին ադրբեջանական զինված ուժերը ներխուժեցին ՀՀ ինքնիշխան տարածք։

Վարչապետը հիշեցրեց՝ Հայաստանը դիմել է կառույցին 2010 թվականին ստորագրված փաստաթղթի հիման վրա՝ ճգնաժամային իրավիճակներում ՀԱՊԿ ուժերի նախատեսված արձագանքը ստանալու համար։  Բայց ի հայտ եկան կազմակերպության գործունեությանն առնչվող մի շարք «բայց»-եր։

Փաշինյանի ներկայացմամբ՝ կազմակերպությունը չարձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանի Հանրապետությունը։

Պաշտոնական Երևանը բազմիցս նշել է, մասնավորապես, նաև ՀԱՊԿ քարտուղար Ստանիսլավ Զասի հետ ուղիղ հանդիպումներում, որ ՀԱՊԿ-ում որոշումների կայացման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության պահանջներին։ Եվ հենց դա է պատճառը, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահության առանցքային առաջնահերթություններից է ճգնաժամային արձագանքման մեխանիզմների ամրապնդումը։

ՀԱՊԿ-ի 5 գործընկերներին Փաշինյանը հիշեցրեց՝ Հայաստանն այս կառույցի ներսում բազմիցս զգուշացրել ու բարձրաձայնել է Հայաստանի դեմ ագրեսիվ տրամադրված պետությանը ՀԱՊԿ անդամ-պետությունների կողմից զենք վաճառելու անթույլատրելիության մասին։ Ընթացքը լռությունն էր, հետեւանքն այն, որ այդ զենքն իր վերջո ուղղվեց Հայաստանի և Հայաստանի ժողովրդի դեմ՝ շեշտեց Փաշինյանը։

Հայաստանի վարչապետն անկեղծացավ և փոխանցեց նաև Հայաստանի ու հայ ժողովրդի տարակուսանքը 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ գործընկերների արձագանքի, իսկ ավելի ճիշտ ասած՝ արձագանքի բացակայության առնչությամբ։ Ընդգծվեց միայն ՌԴ և ՌԴ նախագահ Պուտինի առանձին դերակատարումը պատերազմը կանգնեցնելու գործում։

Սա հնչեց, թերեւս, ի պատասխան Բելառուսի նախագահի ակնարկների, թե կառույցի անդամ պետությունները միասնական չեն գործում միջազգային հարթակներում՝ միմյանց շահերը պաշտպանելու հարցում։

Մատնանշված թերություններով և բացթողումներով հանդերձ՝ Հայաստանը պատրաստակամություն հայտնեց շարունակել աջակցել ՀԱՊԿ կայացմանն ու ամրապնդմանը։ Ի դեպ, հենց Հայաստանի նախագահության ընթացքում էր, որ կառույցը տարեսկզբին արագորեն արձագանքեց Ղազախստանի նախագահի դիմումին և չկրկնեց Հայաստանի դիմումի ճակատագիրը՝ խաղաղապահ առաքելություն ուղարկեց այդ պետություն։

ՀԱՊԿ-ում Հայաստանը կնախագահի 2022–ին, հաջորդիվ նախագահությունը կփոխանցվի Բելառուսին։ Արդեն հիմա այդ երկրի ղեկավարը մտածում է իր իրականացնելիք ծրագրերի մասին։ Ամենակարևորը, ըստ Լուկաշենկոյի, չի կարելի թույլ տալ միջազգային նոր ճարտարապետություն՝ առանց ՀԱՊԿ-ի։

Ուշագրավ է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովի նախօրեին անսպասելի հայտարարություն էր արել Բելառուսի պաշտպանության նախարարը, նշել, թե կազմակերպությունն առաջիկա տարիներին կընդլայնվի եւ կընդգրկի տասնյակ երկրներ: Թե ո՞ր երկրների հաշվին պետք է ընդլայնվի ՀԱՊԿ-ը՝ Բելառուսի պաշտոնյան չի ասել:

Իսկ մինչ հնարավոր ընդլայնումը՝ ՀԱՊԿ-ը դեռ իր խնդիրների ընդլայնված օրակարգով է զբաղված։ Դրան զուգահեռ՝ նաեւ այլ ռազմական կառույցների հետ գործակցությունն է։

ՀԱՊԿ ղեկավարները վերահաստատել են ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը․  ՀԱՊԿ երկրների ղեկավարները կարևորում են մայրցամաքում լարվածության թուլացումը, հաստատում են ՆԱՏՕ-ի հետ գործակցելու իրենց պատրաստակամությունը՝ շեշտում են համատեղ հայտարարության մեջ, որը տարածել է Կրեմլի պաշտոնական կայքը։

«Գիտակցելով Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու մեր պատասխանատվությունը՝ մենք ընդգծում ենք մայրցամաքում լարվածության նվազեցման կարևորությունը և հաստատում ենք մեր պատրաստակամությունը գործնական համագործակցություն հաստատել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ»,- ասվում է փաստաթղթում։  
 

Back to top button