ԿարևորՀասարակություն

ՄԻՊ-ն այսօր հավաքներում արձանագրել է ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր

Ավտոերթի միջոցով իրականացվող կարծիքի արտահայտման և խաղաղ հավաքի իրավունքների երաշխավորման հարցում ոստիկանության գործելակերպի մասով՝ այսօր Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումն արձանագրել է անձանց բերման ենթարկելու ընթացքում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման դեպքեր։ Շարունակել է խնդրահարույց մնալ բերման ենթարկելիս օրինական պահանջի հստակ ներկայացման պրակտիկան։

Արձանագրվել է ոստիկանության ծառայողի կողմից ավտոերթի մասնակցի նկատմամբ վիրավորական, արժանապատվությունը նվասացնող արտահայտություն անելու դեպք։ Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ շեշտում է, որ ըստ Ոստիկանության կարգապահական կանոնագրքի, ոստիկանության ծառայողը պարտավոր է ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ։

Այսօր և նախորդ շաբաթ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի և թեժ գծին ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ ոստիկանության ծառայողների կողմից ավտոերթի մասնակից անձանց տրանսպորտային միջոցները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերջիններիս չեն վերադարձվել։

Ընդ որում, շուրջ վեց տրանսպորտային միջոցի մասով դրանք չեն վերադարձվում արդեն մի քանի օր և մեքենաների սեփականատերերին չի ներկայացվում այն հիմնավոր պատճառաբանությունը, որով դրանք պահվում են հատուկ պահպանվող տարածքում։

Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ տրանսպորտային միջոցների հատուկ պահպանվող տարածք տանելը և այն դրանց օրինական տիրապետողներին չվերադարձնելը չի կարող իրավաչափ համարվել այն պայմաններում, երբ բացակայում է նախաձեռնված քրեական վարույթը և այդ վարույթի ընթացքում համապատասխան դատավարական ակտը՝ տրանսպորտային միջոցն առգրավվելու վերաբերյալ։

Իսկ Ոստիկանության ծառայողների բանավոր տրված այն հիմնավորումները, որ այդ մեքենաները տարվել են հատուկ պահպանվող տարածք և վերցվել արգելանքի որևէ հանցագործության կասկածանքով՝ առանց նախաձեռնված որևէ քրեական վարույթի, քրեական գործի հարուցման համար նյութերի նախապատրաստության շրջանակում՝ հիմնավոր և իրավաչափ չէ։

Նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, և այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։ Նշվածի վերաբերյալ Պաշտպանը համապատասխան գրություն կուղարկի նաև իրավասու պետական մարմիններին պարզաբանումներ տրամադրելու և անձանց սեփականության իրավունքի անհամաչափ միջամտությունը դադարեցնելու պահանջներով։

Ոստիկանության Շենգավիթի բաժանմունքում այսօր արձանագրվել է փաստաբանի մուտքն արգելելու դեպք, որը մոտ 20 րոպե անց Պաշտպանի աշխատակազմի միջամտության արդյունքում հարթվել է։ Ոստիկանության նույն բաժնում Պաշտպանի արագ արձագանքման խմբերի կողմից արձանագրվել է դեպք, երբ անձին բերման են ենթարկել 9:30-ի սահմաններում, մինչդեռ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանի» ուսումնասիրությամբ պարզվել է, որ անձին բերման ենթարկելու ժամ արձանագրվել է 10:00-ն:

Դեռ ավելին, բաժնից դուրս գրելու ժամ է արձանագրվել 13:00, մինչդեռ 13:40-ի սահմաններում անձը դեռևս գտնվում էր ՀՀ Ոստիկանության Շենգավիթի բաժնում: Պարզաբանել են, որ անձին տեղափոխում են Ոստիկանության մեկ այլ բաժին, քանի որ մեկ այլ դեպքի առթիվ նախապատրաստել են նյութեր:

Արձանագրվել է նաև, որ Ոստիկանության ծառայողները փորձում էին անհիմն անազատության մեջ պահել նույն անձի փաստաբանին և որպես պատճառ նշվում էր փաստաբանի կողմից կատարված տեսաձայնագրումը։ Պաշտպանի արագ արձագանքման խմբերի միջամտության արդյունքում փաստաբանը դուրս է եկել բաժնից:

Նույն բաժնում արձանագրվել է նաև, որ «Ոստիկանության ստորաբաժանում բերված անձանց հաշվառման մատյանում» Ոստիկանության ծառայողներին չներկայացված չորս անձանց տվյալները չեն լրացվել:

Պաշտպանը նշվածի վերաբերյալ կրկին զգուշացնում է, որ անթույլատրելի է անձին սահմանված ժամկետից ավելին վարչական ձերբակալման հիմնավորմամբ ապօրինի պահելը, ավելին՝ դա ենթադրաբար թաքցնելու նպատակով գրանցամատյանում սխալ ժամ նշելը։

Անթույլատրելի է նաև փաստաբանի մուտքը ոստիկանության բաժին՝ վստահորդին տեսակցելու նպատակով խոչընդոտելը, իսկ առավելապես ոչ իրավաչափ և օրինականության հետ աղերս չունեցող է փաստաբանի՝ Ոստիկանության բաժնից ելքը սահմանափակելու փորձը այս կամ այն հիմնավորմամբ։

Նշված դեպքով Պաշտպանը համապատասխան գրությամբ դիմելու է իրավասու մարմիններին անձանց պատասխանատվության կանչելու պահանջով և հետամուտ է լինելու գործի քննության ընթացքին։

Հավաքների ընթացքի վերաբերյալ ՄԻԵԴ իրավունքի մասով՝

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից զարգացրած իրավունքում հստակ արձանագրված է, որ խաղաղ հավաքների ընթացքում ոչ բռնի գործողությունները, ինչպես օրինակ՝ ճանապարհների ժամանակավոր փակումը, այդ թվում՝ ֆիզիակական արգելապատնեշների կամ այլ կերպ դրանք արգելափակելու միջոցով, պետք է օգտվեն Կոնվենցիայի 11-րդ հոդվածով երաշխավորված հավաքների ազատության իրավունքի պաշտպանությունից։

Դատարանը շեշտել է, որ ցանկացած հավաք հասարակական վայրում կարող է որոշակի անհարմարություններ առաջացնել այլոց առօրյա կյանքի համար, ներառյալ հանգեցնել երթևեկության խաթարման, և որ հավաքի մասնակիցների կողմից բռնության գործողությունների բացակայության պայմաններում կարևոր է, որ պետական ​​մարմինները որոշակի հանդուրժողականություն ցուցաբերեն խաղաղ հավաքների նկատմամբ, որպեսզի հավաքների ազատության իրավունքը զուրկ չլինի որևէ բովանդակությունից։

Միևնույն ժամանակ, դատարանը տարիներ ի վեր զարգացրել է մոտեցում, ըստ որի, այլոց առօրյա կյանքի ու օրինական գործունեության համար հավաքի մասնակիցների կողմից կանխամտածված կերպով այնպիսի լուրջ խոչընդոտների ստեղծումը, որոնք էականորեն գերազանցում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի նորմալ իրացման պայմաններում պատճառվող խոչընդոտների մակարդակը, կարող են դիտարկվել որպես «դատապարտելի արարք» (“reprehensible act”), որպիսի վարքագծի դեպքում կիրառված տույժերը/պատիժները կարող են հիմնավորված լինել։

Միևնույն ժամանակ դատարանը վերահաստատել է մի շարք գործերով, որ խաղաղ հավաքին մասնակցելու ազատությունն այնքան կարևոր է, որ անձը չի կարող որևէ տույժի ենթարկվել օրինական հավաքին մասնակցելու համար, եթե անձը չի կատարում հակաօրինական արարք։ Դատարանը նաև շեշտել է, որ կարևոր է, որ հավաքների կազմակերպիչներն ու մասնակիցները, հետևելով օրինականության պահանջներին, հարգեն ժողովրդավարական խաղի կանոնները, որում իրենք ևս դերակատար են։

Ուստի, ավտոերթի միջոցով խաղաղ հավաքի իրավունքի իրացման համար Ոստիկանության կողմից պետք է ձեռնարկվեն պատշաճ և անհրաժեշտ միջոցներ, ի թիվս այլնի, ուղղորդելով երթին և նախազգուշացնելով երթևեկության հնարավոր խոչընդոտների մասին՝ նպատակ ունենալով մի կողմից երաշխավորել ավտոերթի բնականոն ընթացքը, իսկ մյուս կողմից՝ ապահովել, որ այլ անձանց պատճառվող անհարմարությունները ողջամտորեն հասցվեն նվազագույնի, ի թիվս այլնի ապահովելով, որ իրավիճակը չհանգեցնի երթևեկի տևական ու համատարած արգելափակման։

Ավտոերթի միջոցով իրենց կարծիքն արտահայտող հավաքի մասնակիցներն էլ պարտավոր են ենթարկվել ոստիկանության օրինական պահանջներին, որոնք ի թիվս այլնի, կարող են միտված լինել ճանապարհային բնականոն երթևեկության ապահովմանը։ Ոստիկանությունը պարտավոր է նաև բավարար ժամանակ տրամադրել ավտոերթի միջոցով անցկացվող հավաքի մասնակցիներին՝ իր օրինական պահանջները կատարելու համար։

Back to top button