ԿարևորՀասարակություն

Մինչև 50 տոկոս հավելավճար՝ 200 հազար դրամ աշխատավարձին

Այսօրվանից մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտագրումը։ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ ատեստավորումից առնվազն 20 օր առաջ կհրապարակվեն  ուղեցույցները: Բուն  ատեստավորման գործընթացը կանցկացվի սեպտեմբերին, իսկ հոկտեմբերից արդեն կարտացոլվի վարձատրության մեջ։ Կամավոր ատեստավորում անցած եւ 70 տոկոսի շեմը հաղթահարած ուսուցիչների 200 հազար դրամ աշխատավարձին կգումարվի 30-50 տոկոս հավելավճարը:

Սեդա Հայրապետյանն ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի է։ Կամավոր ատեստավորմանը մասնակցած մանկավարժներից մեկն է։ Անկեղծանում է՝ առաջին մոտիվացնող գործոնն աշխատավարձի հավելավճարն է եղել։ Գոհ է նաև ատեստավորման ընթացքից․

«Դպրոցական ծրագրի հիման վրա կազմված նյութ է։ Կարծում եմ, որ առաջին հերթին ուսուցիչը պետք է իր մասնագիտությանը տիրապետի այնքան, որ կարողանա նախ աշակերտներին բավարարել, ապա՝ մանկավարժական, հոգեբանական մոտեցումները»։

Ատեստավորմանը մասնակցած ուսուցիչների 50 տոկոսը չի հաղթահարել անցողիկ շեմը։ Սա արդեն մտածելու առիթ է՝ նկատում է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը։ Նաեւ ուշագրավ է համարում արդյունքների տարբերությունը՝ ըստ առարկաների։ Եթե մաթեմատիկայի ուսուցիչների շուրջ 87%-ն է հաղթահարել  նվազագույն շեմը, ապա քիմիայի ուսուցիչների՝ միայն 11%-ը։ Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյան․

«Չափազանց ցածր են հատկապես քիմիայի (11%) և աշխարհագրության (20%) ցուցանիշերը։ Իհարկե,  հնարավոր է, որ նաև թեստերի հետ կապված խնդիր լինի։ Համենայն դեպս՝ գոնե քիմիայի թեստից բավական մեծ դժգոհություններ կային, այդ թվում՝ մասնագիտական շրջանակների կողմից»։

Աննա Ստեփանյանն էլ հայերենի մասնագետ է։  Մեկ միավոր է պակասել, որ հավելավճարը 40 տոկոս կազմի, բայց 30 տոկոսից էլ դժգոհ չէ։ Կարևոր էր նաև ինքնաստուգումը։ Համոզվեց, որ բոլորը հարցերը հաղթահարելի են․

 «Զուտ մասնագիտական առումով էլ շատ հետաքրքիր էր՝ ինչ բարդության առաջադրանքներ պետք է լինեին, որ երկար տարիների մանկավարժը չկարողանար հաղթահարել։ Մասնակցեցի, կարողացա հաղթահարել։ Քանակն էր շատ, ժամանակը՝ քիչ»։

Հայոց լեզվի և գրականության ուսուցիչների շուրջ 41%-ն է հաղթահարել միավորների նվազագույն շեմը։  Արդյո՞ք ուղիղ կապ կարող է լինել ուսուցիչների ատեստավորման և դիմորդների  ընդունելության արդյունքների միջև։ Փորձագետը տեսնում է նման կապ․

«Այո, հնարավոր է։ Մենք նաև պետք է հասկանանք՝ քանի՞  ուսուցիչ ունենք գյուղական դպրոցից անցած։ Հաղթահարողներն այնքան քիչ են, որ հնարավոր է ՝ հայտնի դպրոցների ուսուցիչներ լինեն հիմնականում»։

Նախորդ տարի հանրակրթության ոլորտում ներդրվեց դպրոցների ուսուցիչների կամավոր ատեստավորման փորձնական ծրագիրը։ Այն, ըստ էության, մանկավարժների գիտելիքների ստուգման գործընթաց է, որը խրախուսվում է  աշխատավարձին ավելացող հավելավճարով։ Փորձնական ծրագիրն, ըստ էության, սպասելիքներն արդարացրեց, և կառավարության որոշմամբ կամավոր ատեստավորման նոր կարգ հաստատվեց։ Ըստ դրա՝ կամավոր ատեստավորում անցած եւ 70 տոկոսի շեմը հաղթահարած ուսուցիչների աշխատավարձը սահմանվեց  200 հազար դրամ, որին կգումարվի 30-50 տոկոս հավելավճարը։ Ատեստավորման նպատակը բոլորովին էլ լավ ու վատ ուսուցիչներին բացահայտելը չէ՝  ասում է կրթության փոխնախարար Ժաննա Անդրեասյանը․

« Լավ ուսուցիչ լինելու համար պետք է ունենալ թե անհրաժեշտ գիտելիքը, թե անհրաժեշտ մանկավարժական հմտությունները, նաև այն փորձառությունը, որը թույլ է տալիս ցանկացած դասարանում, ցանկացած դժվարության իրավիճակում որպես մանկավարժ ճիշտ դրսևորվել։ Կամավոր ատեստավորումն ունի մեկ նպատակ՝ պարզել դրա նվազագույն շեմը, իսկ նվազագույն շեմը իմացությունն է այն առարկայի, որը դասավանդում ես։ Եթե սկզբնական գիտելիքների շտեմարանը չի համապատասխանում այն առարկային, որը դասավանդում ես, եթե ֆիզիկա ես դասավանդում, բայց ֆիզիկա չգիտես, ապա քո մանկավարժական հմտություններն ու երեխաների հետ հետադարձ կապի ապահովումը չեն կարող համարվել բավարար պետության կողմից, և չեն կարող դիտվել որպես առանց խնդիրների իրավիճակ»։

Հայտագրման գործընթացը կշարունակվի մինչև հունիսի 7-ը։ Էլեկտրոնային մատյանում ակտիվացել է սյունակ, որտեղ ուսուցիչը կարող է նշել կամավոր ատեստավորմանը մասնակցելու ցանկության մասին։ Բուն ատեստավորման գործընթացը կիրականացվի սեպտեմբերին։ Հոկտեմբերից արդեն աշխատավարձերը կհաշվարկվեն՝ ըստ ատեստավորման  արդյունքների։

Back to top button