ԿարևորՀասարակություն

Մեկնարկում է ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը 2022 թվականի մայիսի 16-ից մինչև հունիսի 7-ը հայտարարում է հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելություն:   

2022 թվականին ատեստավորումը կիրականացվի 5-12-րդ դասարաններում՝ բոլոր առարկաները դասավանդող ուսուցիչների համար:

Անկախ դասավանդած առարկաների քանակից՝ ուսուցիչը կարող է ատեստավորման հայտ ներկայացնել միայն մեկ առարկայից՝ իր ընտրությամբ։

Ատեստավորմանը մասնակցելու համար ուսուցիչները մինչև  հունիսի 7-ը՝ ժամը 18։00-ը, հայտերը պետք է ներկայացնեն «Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ»-ի էլեկտրոնային մատյանում՝ matyan.emis.am:

Հայտարարությամբ նշված ժամկետի ավարտից հետո հնարավոր չի լինի հայտ ներկայացնել, քանի որ  էլեկտրոնային  համակարգում  նշման  հնարավորությունը փակվելու  է:


Առարկաներ

«Մայրենի», «Հայոց լեզու», «Գրականություն» և «Հայ գրականություն» առարկաներ դասավանդող ուսուցիչները կատեստավորվեն միայն «Հայոց լեզու» առարկայից, «Մայրենի լեզու (քրդերեն)» և «Մայրենի լեզու և գրականություն (քրդերեն)» առարկաներ դասավանդող ուսուցիչները՝ միայն «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկայից, իսկ «Հայոց պատմություն» և «Համաշխարհային պատմություն» դասավանդող ուսուցիչների համար կկազմվի մեկ թեստ՝ ներառելով երկու առարկաները: «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն» առարկաները կներառվեն մեկ թեստում։

5-12-րդ դասարաններում դասավանդվող «Մայրենի», «Հայոց լեզու», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ» և «Երկրաչափություն», Բնագիտություն, Հայրենագիտություն, Ֆիզիկա, Քիմիա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն, Հայոց եկեղեցու պատմություն, Ինֆորմատիկա, Հասարակագիտություն, «Ասորերեն լեզու», «Եզդիերեն», «Մայրենի լեզու (քրդերեն)» առարկաների ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի թեստավորման եղանակով՝ Գնահատման և թեստավորման կենտրոնի կողմից:

Բնագիտություն և Հայրենագիտություն առարկաները դասավանդող ուսուցիչներն ատեստավորման համար պետք է ընտրեն բարձրագույն կրթության իրենց որակավորմանը համապատասխան առարկան:

Նախնական զինվորական պատրաստություն, Ֆիզկուլտուրա, Երաժշտություն, Կերպարվեստ, Տեխնոլոգիա առարկաները դասավանդող ուսուցիչների ատեստավորումը կիրականացվի ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր:

Ֆիզկուլտուրա առարկայից ատեստավորումը կկազմակերպվի «Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ» հիմնադրամը,  Երաժշտություն, Կերպարվեստ, Տեխնոլոգիա առարկաներից՝ «Խ.Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը, իսկ Նախնական զինվորական պատրաստություն  առարկայից՝  «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան հիմնադրամը:

«Հայոց  պատմություն» և «Համաշխարհային պատմություն» առարկաները դասավանդող  ուսուցիչների ատեստավորումն իրենց ընտրությամբ կարող է իրականացվել նաև ոչ թեստային եղանակով՝ ընդգրկելով գործնական աշխատանքներ, բաց և փակ հարցեր։ Ատեստավորումն այս դեպքում կիրականացնի ոլորտային մասնագետներից կազմված հանձնաժողովը՝ Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում։

Ուսումնական հաստատությունում նախարարության կողմից երաշխավորված դպրոցական բաղադրիչով առարկաներ դասավանդող ուսուցիչը կարող է ատեստավորվել տվյալ բնագավառի՝ ատեստավորման ցանկում ընդգրկված առարկաներից որևէ մեկով՝ իր ընտրությամբ:

Պահանջվող փաստաթղթեր

Ատեստավորման հայտ ներկայացնելիս պահանջվում է հետևյալ տեղեկատվությունը՝

  1. ուսուցչի անուն, ազգանուն, հայրանուն,
  2. ուսումնական հաստատության գտնվելու վայրը (մարզ, տարածաշրջան),
  3.  դասավանդվող առարկան, որից պատրաստվում է ատեստավորվել,
  4. անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը,
  5. ուսուցչի էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարը:

Հայտերի լրացման մանրամասների համար՝ կից ուղեցույցը

Գործընթացը կիրականացվի՝ համաձայն ՀՀ կառավարության 2022 թվականի  ապրիլի 28-ի «Ուսուցիչների կամավոր ատեստավորման, կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 596-Ն որոշման դրույթների:

Back to top button