ԿարևորՏնտեսական

Հայաստանում գնաճը ներմուծվող է․ գլոբալ թանկացման նոր թռիչքը մսի շուկայում է

Ռուս–ուկրաինական պատերազմը շարունակում է խառնել տնտեսական «խաղաթղթերը» ոչ միայն առանձին երկրներում, այլեւ գլոբալ տնտեսական հաշվարկներում։  Գների ռեկորդային թռիչքներ են արձանագրում, վերջինը՝ մսամթերքի շուկայում։

Վերջին շրջանում տնտեսական կանխատեսումները շարունակում են ավելի «մռայլվել», ու «գնաճի նոր տեղումներ»  սպասվում են նաեւ մեր երկրում։  Խորհրդարանում այսօր տնտեսական որոշ հաշվարկներ են հնչել։ Ռուսաստանի հետ Հայաստանի առևտուրը  հավանաբար կկրճատվի՝ հայտարարել է այս   բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը։ Փոխարենը նաեւ շեշտվել է՝ որքան էլ գների բարձրացումը մտահոգում է, այնուամենայնիվ, Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որտեղ երկնիշ գնաճ չի արձանագրվել։  

Մինչ հանրության շրջանում գների բարձրացման հետ մեկտեղ ավելանում են դժգոհությունները, խորհրդարանում համեմատում են տարածաշրջանի երկրների տվյալները ու շեշտում՝ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որտեղ երկնիշ գնաճ չի արձանագրվել։

Խորհրդարանական ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյան․ «Ռուսաստանում գնաճը 16․7 տոկոս է կազմում, Բելառուսում՝ 15․9 տոկոս, Ղազախստանում  և Ղրղզստանում ՝ 13․2 տոկոս, Հայաստանում ՝ մոտ  8 տոկոս։ Երբ մեր հարևան երկրների գնաճն ենք դիտարկում, ապա Թուրքիայում՝ 70 տոկոս է գնաճը, Իրանում ՝ 35․6 տոկոս է, Վրաստանում ՝ 12․8 տոկոս է, 12․2 տոկոս է գնաճը»։

Աշխարհաքաղաքական զարգացումները փոխում են տնտեսական աճի ու գնաճի պատկերը, ԿԲ-ներն էլ՝ իրենց կանխատեսումները։ Հայաստանի գլխավոր դրամատունը մեկ անգամ արդեն կտրուկ նվազեցրել է կանխատեսվող աճի ցուցանիշը՝ 5․3-ից 1․6 տոկոսի։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը նոր կանխատեսումներից չի խոսում, բայց սպասելիքներն առանձնապես դրական չեն.  

«Պարենի գները բարձր մակարդակի վրա են լինելու, էներգակիրների գները՝ ևս։ Մեր կանխատեսման սցենարում հիմնականում եղել է աշխարհաքաղաքական լարվածության որոշակի էական ժամանակահատվածի պահպանում», — ասում է Խաչատրյանը։

Հայաստանի դեպքում գնաճը ներմուծվող է՝ ասում է ԿԲ ներկայացուցիչը․ այն երկիր է հասնում ներմուծվող ապրանքի հոսքի հետ, իսկ ներմուծումն ավանդաբար գերակշռում է արտահանմանը։ Իսկ երբ միջազգային շուկաներում թանկացում կա, դրանց ուղիղ արտացոլումը մենք զգում ենք մեր գրպանին։

 Փոքր-ինչ հուսադրող են ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO)-ի վերջին դիտարկումները․ վերջին 1 տարում մոտ 30 տոկոսով թանկացումից, ապա այս մարտին ռեկորդային թռիչքից հետո ապրիլին համաշխարհային շուկայում պարենը, մասնավորապես, հացահատիկն ու ձեթը փոքր-ինչ էժանացել են, սակայն նոր ռեկորդ է սահմանել մսամթերքը, հատկապես թռչնամիսը, ինչին հանգեցրել են Ուկրաինայից արտահանման խափանումները և հյուսիսային կիսագնդում թռչնագրիպի բռնկումները։

Վերադառնանք Հայաստան․ մեր տնտեսությունը լուրջ կախվածություն ունի հատկապես ՌԴ–ի շուկայից։ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը կանխատեսում է՝ Ռուսաստանի հետ առևտուրը կկրճատվի, իսկ այդ երկրի տնտեսական անկման որոշ սցենարներով 6-7, որոշներով՝ 10-15 տոկոս ռիսկերը կարող են հասնել մեզ։

«Մենք ունենք 2.5 մլրդ դոլարի միջազգային առևտուր Ռուսաստանի հետ, որտեղ 800 միլիոն դոլարի կարգի արտահանումն է, 1.7 միլիարդ դոլարի՝ ներմուծումը: Վերջին 1,5 ամսվա դինամիկ զարգացումների պարագայում առկա տվյալները դեռ քիչ են հեռու գնացող ենթադրություններ անելու համար, բայց, ամենայն հավանականությամբ, առևտուրը կկրճատվի», – նշում է Հովհաննես Խաչատրյանը։

«Ամբերդ»  հետազոտական կենտրոնի հրավիրյալ փորձագետ Մերի Հովսեփյանը «Ռադիոլուրին» ասում է՝  իրենց հետազոտական կենտրոնի փորձագիտական գնահատականներով՝ ՌԴ տնտեսության 1 տոկոս անկումը ՀՀ-ում կարող է հանգեցնել 0․7 տոկոսային կետով անկման.

«Սա նշանակում է, որ եթե վատատեսական սցենարի դեպքում Ռուսաստանի տնտեսության  անկումը 6-10 կազմի, ապա Հայաստանում տնտեսական անկումը 4-6 տոկոս կարող է կազմել»։

Լուրջ փորձագիտական գնահատումներ պետք չեն՝ հասկանալու, որ ռուս-ուկրաինական լարվածության ստեղծած համաշխահային տնտեսական լարվածությունից տուժելու են բոլոր երկրները, իսկ համաշխարհային տնտեսության անկումը կանխատեսվում է 1,5 տոկոսի շրջանակում։ Հայ փորձագետները գլոբալ փորձություններից ելքի բանալին գտել են՝ դիվերսիֆիկացնել երկրի տնտեսությունը՝ ավելի բազմազան կապեր ստեղծելով, նվազեցնել կախվածությունը՝ սեփական արտադրանքն ավելացնելով։  Միայն թե նաեւ նկատում են՝ բանալին կա, բայց դեռ կողպեքում չի պտտվում։   

Ցուցադրել ավելի
Back to top button