ԿարևորՀասարակություն

Կենդանաբանական այգու ամուրյան վագրը կքնեցվի

Կենդանաբանական այգու 21-ամյա ամուրյան վագրը կքնեցվի, որոշումը կայացվել է Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցած Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհրդի հերթական նիստում։

Այգու տարեց կենդանիներից մեկը՝ վագրը, ունի առողջական բազմաթիվ խնդիրներ՝ երիկամների, ենթաստամոքսային գեղձի, բերանի խոռոչի, ինչպես նաև առկա են պարկելախոցեր, նորմալ չի սնվում, դժվարությամբ են գործում հետին վերջույթները։

Մասնագիտական քննարկման արդյունքում միաձայն որոշվել է կենդանու տառապանքները դադարեցնելու նպատակով քնեցնել նրան՝ հիմնվելով կենդանաբուժական խորհրդակցության վերջնական եզրակացության վրա։

Օրակարգային են եղել այգու նոր բյուջեի քննարկումն ու հաստատումը, նոր կառուցվածքի հետ կապված անհրաժեշտ միջոցառումների և այլ ընթացիկ հարցերի քննարկումը։

Քննարկվել է նաև Հայաստանի երեք բուհերի՝ ԵՊՀ, ՀՊՄՀ, ՀԱԱՀ, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի հետ հուշագրեր կնքելու հարցը, ինչը հնարավորություն կտա ուսանողներին փորձ ձեռք բերելու, գործնական գիտելիքներ ունենալու և, ի վերջո, հետազոտական աշխատանքներ իրականացնելու համար։

Խորհրդի քննարկման ընթացքում կարևորվել է Կենդանաբանական այգու աշխատակիցների վերապատրաստումը։

Back to top button