ԿարևորՄիջազգային

Զանգվածային սպանություն՝ Նյու Յորքում․ կա 10 զոհ, 3 վիրավոր

Նյու Յորքի Բուֆալո քաղաքի սուպերմարկետներից մեկում տեղի ունեցած հրաձգության հետևանքով վերջին տվյալներով տասը մարդ է զոհվել, հայտնում է BBC-ն։ Ոստիկանությունը դեպքը ռասայական դրդապատճառներով հանցագործություն է համարում։ Դեպքի վայրում 18-ամյա երիտասարդ է ձերբակալվել։ Ոստիկանությունը դեռևս չի հրապարակում նրա անունը։

Կասկածյալը շաբաթ կեսօրին մտել է բանուկ սուպերմարկետ և կրակ բացել։ Ոստիկանության տվյալներով՝ նա օգտագործել է տեսախցիկ՝ հարձակումը առցանց հեռարձակելու համար:

«Մենք հետաքննում ենք այս միջադեպը որպես ատելության հանցագործություն և որպես ռասայական դրդապատճառներով բռնի ծայրահեղականության դեպք»,-մամուլի ասուլիսում ասել է Բուֆալոյի Հետաքննությունների դաշնային բյուրոյի ներկայացուցիչ Սթիվեն Բելոնգիան։

Բուֆալոյի ոստիկանության կոմիսար Ջոզեֆ Գրամագլիան հայտնել է, որ զոհերի մեծ մասը աֆրոամերիկացիներ են:

Եվս երեք մարդ՝ սուպերմարկետի բոլոր աշխատակիցները, վիրավորվել են։

Թոշակառու ոստիկանը, ով աշխատել է սուպերմարկետում որպես անվտանգության աշխատակից, փորձել է կրակել հարձակվողի վրա, սակայն սպանվել է։

Ոստիկանությունը հայտնել է, որ կրակողը զինված է եղել գերհզոր հրացանով և կրել է զրահաբաճկոն և սաղավարտ: Ոստիկանության լրացուցիչ ստորաբաժանումների դեպքի վայր ժամանելուց հետո նա փորձել է առերեսվել նրանց հետ, բայց հետո վայր է դրել զենքերը և բերման ենթարկվել։

Դատարանը նրա նկատմամբ նշանակել է դատաբժշկական փորձաքննություն։ Սպասվում է, որ հրաձիգը մի քանի օրից կներկայանա դատարան՝ առաջին կարգի սպանության մեղադրանքով։ Նրան սպառնում է ցմահ ազատազրկում՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման իրավունքի (Նյու Յորք նահանգում մահապատիժը վերացվել է)։

Back to top button