Ծովահայեր

Նախապատմական շնաձկան ատամ ու օվկիանոսային կենդանիների հետքեր՝ Հայաստանում. «Ծովահայեր»

Ինչպիսի՞ն է եղել մեր երկրի տարածքը միլիոնավոր տարիներ առաջ, ովքե՞ր, կամ ավելի ճիշտ կլինի ասել, ի՞նչ կենդանիներ են ապրել մոլորակի այն անկյունում, որտեղ հիմա մենք ենք ապրում։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ գտնելու համար ուղևորվեցինք Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտ։

Մեզ դիմավորեց կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանն ու ոգևորությամբ հայտնեց, որ ինստիտուտի հնեաբուսաբանության կազմում ստեղծվում է հնեաբուսաբանական թանգարան։

«Բայց քանի որ ավելի շատ նմուշներ ունենք, բուսաբանականին զուգահեռ ցուցադրում ենք նակինում Հայաստանի ծովային և օվկիանոսային կյանքը և դրանցում ներկայացված նախապատմական կենդանիների, ձկների, մասնավորապես՝ շնաձկների և այլ օվկիանոսային կենդանիների հետքեր»։

Կենսաբանական գիտությունների դոկտոր Իվան Գաբրիելյանի հայտնաբերած նմուշների շարքում նույնիսկ նախապատմական շրջանի շնաձկան՝ մեգալադոնի ատամ կա, որն ապրել է մեր երկրում՝ շուրջ 70 միլիոն տարի առաջ։ Թե ինչ կարող է այն վկայել մեր երկրի պատմական տարածքի մասին՝ գիտնականն է պատմում։

«Քանի որ Խորհրդային միության սահմանազատման հետևանքով Հայաստանի կավճի ժամանակաշրջանի հիմնական տեղավայրը հայտնվել էր սահմանից այն կողմ՝ Նախիջևանում, մենք որոշեցինք Հայաստանի Հանրապետության ներկայիս տարածքում ուսումնասիրություններ կատարել և գտնել կավճի ժամանակաշրջանի ֆլորա։ Դա մեզ հաջողվեց, զուգահեռ նաև այլ շերտերում՝ ծովային նստվածքներում, գտանք բազմաթիվ երկփեղկանի խխունջներ, ծովային ոզնիների քարացուկներ, ինչպես նաև այս շնաձկան ատամը»։  

Հետզոտությունները պարզել են, որ գտնված ատամը պատկանել է մոտ մեկ ու կես մետր երկարությամբ մի փոքրիկ շնաձկան, հիմա փորձում են պարզել տեսակը։ Գևորգ Փաշայանն է զբաղվում շնաձկան ինքնությունը պարզելու գործով, իսկ կենսաբանական գիտություններրի դեկտոր Իվան Գաբրիելյանն էլ չի բացառում, որ սա կլինի նոր տեսակ գիտության համար։

Իվան Գաբրիելյանն ասում է, եթե չհաշվենք պալեոզոյան շրջանը, ապա պատմական ժամանակահատվածի չորս հինգերորդը մեր երկրի տարածքում գերիշխել են ջրերը և գերակշռել են ծովային կենդանիները։ Այդ մասին փաստում են ինստիտուտի պահոցներում եղած գտածոները։ Դրանց շարքում օվկիանոսային մի կենդանու դրոշմ կա, որն ապրում է օվկիանոսի 1 կմ և ավելի խորություններում։ Այն փաստում է, որ այդ ժամանակաշրջանում մեր երկրի տարածքը գտնվել է օվկիանոսի՝ 1 կիլոմետր խորությամբ հատակին։

«Սա հալոզաուրիդե (halosauride) խմբին պատկանող խորջրյա ձուկ է, մեզ նվիրել է Անահիտը՝ Խնձորուտից, ով այս 30 կիլոգրամանոց քարը ուսապարկում դրած սարից իջեցրել է Եղեգնաձոր քաղաք։ Երբ ես այն տեսա և ասացի, թե գիտության համար ինչպիսի թանկարժեք գտածո է, Անահիտն այն անշահախնդիր նվիրեց մեզ։ Այնուհետև ձկնաբան Սամվել Պիպոյանն ուսումնասիրեց ձկան պատկանելությունը և գտավ, որ սա հալոզաոիդե խմբի ձուկ է»։   

Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանակության ինստիտուտի պահոցների հարուստ նյութին հնարավոր չէ ծանոթանալ մեկ օրում, շուտով սակայն ինստիտուտի հնեաբուսաբանության կազմում ստեղծվող հնեաբուսաբանական թանգարանն իր դռները կբացի այցելուների առջև և շատ բան կպատմի մեր երկրի տարածքի՝ միլիոնավոր տարիների անցյալի մասին։

Back to top button