ԿարևորՔաղաքական

Վեց կետ` բազմաթիվ հարցեր. ինչ է սպասվում սահմանների խնդրի քննարկման մասով

Պաշտոնական Երևանը գաղտնազերծել է Ադրբեջանին ուղարկված այն 6 կետերը, որոնք կազմել էին ի պատասխան խաղաղության պայմանագրի համար Ադրբեջանի կազմած 5 կետերի։ Բացահայտումը լիազորվել էր հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանին։ Հանրային հեռուստաընկերության եթերում նա նշել է, որ փաստաթուղթը կազմված է ռուսերեն և բանավոր է ներկայացրել փաստաթղթի թարգմանված տարբերակը։

Ընդդիմությունը նույնպես արդեն անդրադարձել է 6 կետերի գաղտնազերծմանը և հայտարարել հետագա անելիքների մասին։

Եթե Ադրբեջանի 5 կետերը բխում են միջազգային իրավունքից, որ պարտավոր է պահպանել, ասենք, ՄԱԿ անդամ ցանկացած երկիր, ապա Հայաստանի առաջ քաշած 6 կետը հիմնված են լուծում պահանջող առկա խնդիրների վրա։ Հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանի ներկայացմամբ՝ հայկական կողմը երրորդ կետում հստակ ձևակերպել է․

«Հայկական կողմի համար հիմնարար են ԼՂ հայերի անվտանգության երաշխավորման, նրանց իրավունքների և ազատությունների հարգման, ինչպես նաև ԼՂ վերջնական կարգավիճակի որոշման հարցերը։ Կարգավիճակի հարցը բարձրացրե՞լ է հայկական կողմը, թե չի բարձրացրել։ Բարձրացրել է»։

Անգամ այս հրապարակումից հետո ընդդիմադիրներները չեն փոխել իրենց կարծիքը և շարունակում են իրենց պնդումները Արցախի «հանձնման» մասին։ Ընդդիմադիր շարժման առաջնորդներից ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը մեկ հիմնավորում է ներկայացնում․

«6 կետը հրապարակելուց հետո առավել ևս պնդում եմ։ Կարո՞ղ է Նիկոլ Փաշինյանը կոնկրետ հայտարարել, որ Արցախը երբեք չի կարող լինել Ադրբեջանի կազմում, և իրենք այդ ճանապարհով լուծում չեն տեսնում։ Մնացածը մանիպուլյացիա է։ Այս նախադասությունը ինչո՞ւ չեն ասում»։

Ռազմագերիների վերադարձին և կոմունիկացիաների բացմանը վերաբերող ձևակերպումները տեղ են գտել Երեւանից Բաքվին ուղարկված փաստաթղթի 4–րդ կետում, 5–րդ կետով Հայաստանի պատրաստակամությունն է ձևակերպված խաղաղության բանակցություններ սկսելու և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու առումով։ 6-րդ կետով առաջ է քաշվում ԵԱՀԿ ՄԽ գործոնը՝ հիշեցնելով ու շեշտելով` համապատասխան բանակցությունների կազմակերպման համար հայկական կողմը դիմել է այդ ձևաչափին։ Իսկ դեռ առաջին կետով Հայաստանը պարտավորվում է հարգել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և չունենալ տարածքային պահանջներ դրա նկատմամբ:

Մինչ Երեւանը կբացահայտեր իր 6 կետերը, Բաքվից արդեն հնչել էր արձագանք, թե Ադրբեջանը մերժում է Հայաստանի առաջարկած 6 կետերը։ Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովը հայտարարել է, թե, ըստ բրյուսելյան հանդիպման արդյունքների, հայկական կողմը համաձայնել է խաղաղության համաձայնագրին եւ սահմանագծման գործընթացին։ Խալաֆովը հավելել է, թե խաղաղ պայմանագրերը կնքվելու են Ադրբեջանի 5 կետերից բաղկացած առաջարկությունների հիման վրա։

Հարաբերությունների կարգավորման գործընթացում, դեսպան Մարուքյանի համոզմամբ, ադրբեջանական կողմի պնդումները Հայաստանի տարածքում «անկլավներ» ունենալու մասին դեռ մեծ հարցականի տակ են․

«Պատասխանվել է մեր կողմից, որ ՀՀ ձեռքի տակ չկա որևէ փաստաթուղթ, որ մեր տարածքում կան անկլավներ։ Մինչդեռ Ադրբեջանի տարածքում եղած անկլավների վերաբերյալ կան իրավական հիմնավորումներ։ Բայց հիմա կսկսվի խոսակցությունը, կսկսվեն բանակցությունները, այդ բանակցությունների ժամանակ յուրաքանչյուր կողմ իր ձեռքի տակ եղածը կներկայացնի։ Մինչև այսօր, որ չեն ներկայացրել, ես չեմ կարծում, որ որևէ ձևով իրավական հիմնավորում ունենալու են, որ ներկայացնեն։ Կներկայացնեն՝ կքննարկենք։ Այսինքն՝ այս պրոցեսը նրա համար է, որ հասկանանք՝ կողմերը իրար նկատմամբ ինչ պահանջներ ունեն, և ինչպես են մեր սահմանները ճշտվելու։ Մենք մի բան գիտենք, որ Սոթք–Խոզնավար հատվածում, Տավուշի մարզի հատվածում, Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզում հենց հիմա ադրբեջանական զորքերը գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, և նրանք այդտեղից պետք է դուրս գան։ Սա եղել է ՀՀ միանշանակ պահանջը, և այդ պահանջը մնում է ուժի մեջ»։

Քարնեգի հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դե Վաալի կարծիքով` հակամարտող կողմերը պատրաստ չեն այսօր լիարժեք խաղաղության համաձայնագրի, այլ պատրաստ են նոր ճանապարհային քարտեզի, որը կարող է ուժի չկիրառման երաշխիք դառնալ: Դա հատկապես կարևոր է ԼՂ հայության համար` ասում է նա:

Իսկ սահմանագծման շուրջ սկսվող հայ-ադրբեջանական շփումներից առաջ, որոնց մեկնարկը հնարավոր է արդեն առաջիկա օրերին` Մոսկվայում, հայաստանյան ընդդիմությունը զգուշացնում է առաջին հերթին միջազգային հանրությանը, Ադրբեջանին և Թուրքիային․

«Որևէ պայմանավորվածություն մեր ժողովրդի կողմից, մեր կողմից հայտարարելու ենք առ ոչինչ։ Որովհետև այն պայմանավորվածությունները, որ ինքը ( Նիկոլ Փաշինյանը – խմբ․) փորձում է ձեռք բերել Ադրբեջանի հետ, դա խաղաղության պայմանագիր չէ։ Դա հայրենազրկման և Հայաստանի պետականությունը կորցնելու պայմանագիր է։ Մենք չենք ասում, որ Ադրբեջանին կամ Թուրքիային պատերազմ ենք հայտարարելու կամ չենք բանակցելու։ Բանակցելու ենք և՛ Ադրբեջանի հետ, բանակցելու ենք նաև Թուրքիայի հետ։ Բայց այդ բանակցություններին մենք գնալու ենք մեր օրակարգով»։

Տարբեր օրակարգերին առնչվող հերթական տարաձայնությունն է առաջացել հայաստանյան իշխանության և ընդդիմության միջև` կապված նաեւ Մադրիդյան սկզբունքների և Արցախի կարգավիճակի նշաձողի իջեցման խոսակցությունների հետ։ Այն դեպքում, երբ իշխանությունը պնդում է, որ Մադրիդյան սկզբունքներով «ջուրն են գցել» 16 տարվա բանակցային գործընթացն ու Արցախում անցկացված առաջին Հանրաքվեն՝ շրջանառության մեջ դնելով ապագայում նոր հանրաքվեի գաղափարը, ընդդիմադիրներն իրենց հերթին հակադարձում են օրինակներով և կրկին խոսում մանիպուլյատիվ ձևակերպումների մասին։ Իր հերթին դեսպան Մարուքյանը հիշեցնում է բանակցային շրջանը, երբ Հայաստանի հավանությամբ առաջ քաշվեցին Մադրիդյան սկզբունքները։

«Այդ ժամանակ կոալիցիոն կառավարության մեջ եղել են ՀՅԴ–ն, Քոչարյանը նախագահն է եղել, Սերժ Սարգսյանն էլ իշխանության մեջ է եղել` առանցքային դերակատար։ Այսինքն՝ այսօրվա ըմբոստության բոլոր սուբյեկտները եղել են այս համաձայնության մեջ և «OK» են եղել` կոպիտ ասած։ Ասենք՝ Դաշնակցությունը, որ մի եղել է ոչ մի թիզ հող չհանձնելու գծի մեջ, համաձայն է եղել, որ շրջանները պետք է հանձնվեն նույն մադրիդյան սկզբունքների համատեքստում, հետագայում անորոշ պլեբեսցիտի պայմանով։ Մենք մեր կողմից մեր արած հանրաքվեն համարե՞լ ենք առ ոչինչ, մենք մեր կողմից Արցախի ժողովրդի հանրաքվեով հռչակված անկախությունը դրե՞լ ենք քննարկման առարկա դարձրել»։

Որեւէ հարթակում առաջիկայում ընդդիմությունը և իշխանությունը փորձելո՞ւ են համադրել կամ հակադրել իրենց մոտեցումները, դեռ հստակեցում չկա։

Բայց ամեն դեպքում, մինչ իշխանությունները պատրաստվում են միջազգային մի շարք հանդիպումների, ընդդիմությունից Իշխան Սաղաթելյանը չի բացառում, որ հրապարակից վերադառնալու է խորհրդարան։ Առայժմ իր մասին է խոսում, իսկ դաշինքում ամբողջական որոշում չունեն։ Տրամադրությունը, ըստ Սաղաթելյանի, հետևյալն է․ խորհրդարան վերադառնալու են բացառապես իրենց օրակարգով։ Այսօր այդ օրակարգը փողոցում է, ասում է՝ եթե այդ օրակարգը լինի խորհրդարանում՝ կլինեն խորհրդարանում։

Ցուցադրել ավելի
Back to top button