ԿարևորՀասարակություն

«Մասնագիտական հայրենադարձություն»․ 300 սփյուռքահայ մասնագետ ցանկանում է աշխատել Հայաստանում

300 սփյուռքահայ մասնագետ ՀՀ պետական համակարգում աշխատելու ցանկություն է հայտնել։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացնում է «Ի գործ» ծրագիրը, որը յուրահատուկ հնարավորություն է, ինչպես գրասենյակում են ասում, «մասնագիտական հայրենադարձության» կազմակերպելու համար։ Ծրագիրը սփյուռքահայ մասնագետների համար մեկ տարի Հայաստանում ապրելու և Հայաստանի պետական համակարգում աշխատելու հնարավորություն է՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում մանրամասնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետ Հերմինե Հարությունյանը։

«Ծրագրի առաջին փուլը կանցնեն այն մասնակիցները, որոնք բավարարում են նվազագույն չափանիշերին․ դրանք են՝ բարձրագույն կրթությունը, մասնագիտական փորձառությունը և, իհարկե, հայ լինելու հանգամանքը։ Առաջին փուլը հաղթահարելուց հետո նրանք կհրավիրվեն առցանց հարցազրույցի, որից հետո կընտրվեն 50 լավագույն մասնակիցները, և նրանց կհրավիրենք հայրենիք աշխատելու»։

Մինչ ծրագրի մեկնարկը՝ Սփյուռքի գործերի հանձնակատարի գրասենյակը դիմում է պետական կառավարման մարմիններին և ամփոփում գերատեսչությունների  մասնագետների պահանջարկը ու դրա հիման վրա ընտրում այն մասնակիցներին, որոնք իրենց մասնագիտական գիտելիքները կտեղափոխեն հայրենիք։

«Պետական կառավարման համակարգի կողմից, օրինակ, այս տարի մենք ստացել ենք 250–ից ավելի մասնագետի կարիք–հայտ, իհարկե, ոչ ամբողջը, բայց մի մասը կկարողանանք բավարարել»,– մանրամասնում է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչը։

Այս տարի նախորդ երկու տարվա համեմատ ծրագրի հայտերը նվազել են, բայց փոխարենը զգալիորեն ընդլայնվել է երկրների աշխարհագրությունը։ Ռուսաստան, ԱՄՆ, Լիբանան, Ուկրաինա, Իրան, Ֆրանսիա՝ այս երկրների կողքին այս տարի առաջին անգամ ծրագրին դիմել են նաև սփյուռքահայեր Նիդերլանդներից, Հորդանանից, Բրազիլիայից, Արաբական Միացյալ էմիրություններից և Նոր Զելանդիայից։

«34 երկրից մոտ 300 հայտ ենք ստացել։ 3 տարի շարունակ Ռուսաստանն ամենաակտիվ երկիրն է եղել հայտատուների մեջ, այս տարի, նաև պատերազմով պայմանավորված, էլ ավելի ակտիվ է, ակտիվ են նաև ԱՄՆ–ն, Լիբանանը, հայտերի մեծ քանակ ունենք նաև Ուկրաինայից»,– ասում է Հերմինե Հարությունյանը։

Կազմակերպիչները ծրագիրը հաջողված են համարում․ արձանագրում են՝ այն ամեն տարի շուրջ 70 տոկոս հայրենադարձություն է ապահովում․ ծրագրի ավարտից հետո մասնակիցները որոշում են մնալ հայրենիքում և շարունակել մասնագիտական գործունեությունը։

Արևիկ Մարգարյանը ծնվել ու մեծացել է Հայաստանում, բայց կրթությունը շարունակել ՌԴ-ում՝ Սանկտ Պետերբուրգում, հետո նաև աշխատել Ռուսաստանում, իսկ 2021-ին «Ի գործի» շրջանակում եկել Հայաստան ու աշխատանքի անցել Էկոնոմիկայի նախարարությունում։ Ասում է՝ ուրախությամբ է համաձայնել ու եկել․ Հայաստանի պետական կառավարման համակարգում իր մասնագիտական գիտելիքները պետք կգան՝ կարծում է։

«Այդ ժամանակ Հայաստանը շատ ավելի ճգնաժամային հետպատերազմական իրավիճակում էր, և դա էր ամենակարևոր դրդապատճառը, որ ստիպեց ինձ տեղափոխվել Հայաստան, և այն գիտելիքները, որ ստացել եմ, վերադարձնեմ Հայաստանին»,– պատմում է ռուսաստանահայ Արևիկ Մարգարյանը։

Ծրագրի ավարտից հետո Արևիկը գուցե մնա ու շարունակի աշխատել Հայաստանում․ ասում է՝ կշեռքի նժարին մնալու հնարավորություններն ու հեռանկարներն ավելի «ծանր» են։ Ծրագրի կազմակերպիչներն էլ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում արձանագրում են՝ 2020թ մասնակիցներից շատերը շարունակում են աշխատել պետական համակարգում, նրանցից մեկն էլ Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սիսիան Պողոսյանն է։

Back to top button