Ժամանակի վկան

Հայոց վերջին արքան՝ Աղթամարի թագավոր Սմբատ Արծրունի-Սեֆեդինյանը․ Պետրոս Թովմասեան․ «Ժամանակի վկան»

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտը՝ «Մեսրոպ Արք․ Աշճեան» մատենաշարով, 2022 թ. մարտին հրատարակեց Պետրոս Մովսէս Թովմասեանի «Աղթամարի Թագաիորը՝ Սմբատ Արծրունի-Սեֆեդինեան (1465-1471) Հայոց վերջին արքայ» աշխատությունը։

Գրքի հեղինակը և Իրինա Բարսեղյան-Կրպեյանը հանգամանալից անդրադառնում են Աղթամարի թագավոր Սմբատ Արծրունուն։

Իրաքահայ պատմաբան Պետրոս Թովմասեանը շեշտում է հայոց մեջ պետականակերտության գաղափարի առկայության և իրացման կարևորությունը, ինչպես նաև Աղթամարի թագավորության պատմական մեծ նշանակությունը։

Ծիծաղախիտ Վանա ծովի
Փոքրիկ գյուղից առափնյա,
Ծովն է մըտնում գաղտագողի
Ամեն գիշեր մի տըղա:

Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի «Ախթամար» բանաստեղծության առաջին քառատողն է։ Հիմնվելով հին հայկական հեքիաթի վրա՝ բանաստեղծը տվել է կղզու անվան ստուգաբանությունը։ Լճի ալիքներում խեղդվող տղան չի հասնում իր սիրած աղջկան՝ Թամարին, և նրա շուրթերին սառում է «Ա՜խ, Թամար» խոսքը։ Այդ պահից սկսած կղզին կոչվում է Ախթամար (Աղթամար)։

Վանա լճի Աղթամար կղզին բնակեցված է եղել նախաուրարտական շրջանում, որի վկայությունն են կիկլոպյան ամրոցների հետքերը։

Աղթամարը Հայոց Ռշտունիների և Արծրունիների նախարարական տոհմերի կենտրոնն է եղել, ինչպես նաև կաթողիկոսանիստ քաղաք։

927 թվականին Աղթամար կղզի տեղափոխվեց նաև հայոց կաթողիկոսը, որը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին կաթողիկոսանիստ կենտրոն դարձնելու Արծունիների առաջին փորձն էր։ Շուրջ քսան տարի՝ 927-947 թվականներին Աղթամարում գահակալեցին Ամենայն Հայոց կաթողիկոս Հովհաննես Ե Դրասխանակերտցին, Ստեփանոս Բ Ռշտունին, Թեոդորոս Ա Ռշտունին, և Եղիշե Ա Ռշտունին։

Կաթողիկոսական աթոռը կղզում հիմնադրվեց 1113 թվականին Արծրունիների Խեդենիկյան իշխանության օրոք։

Խեդենիկ Բ Արծրունին արու զավակ չուներ, նա իր դստերը՝ Մարիամին ամուսնացրեց Արծրունյաց տոհմից Սեֆեդին իշխանի հետ, որին կտակեց Աղթամար կղզին։ Այս ամուսնությամբ հիմք դրվեց Արծրունյաց-Սեֆեդինյան իշխանական ընտանիքին, որը ժառանգեց Աղթամարի կաթողիակոսական աթոռը մինչև 16-րդ դարը։

Սեֆեդին անվան ծագումը գրքում տալիս է հեղինակը, բացատրելով, որ արաբերենից «սեյֆ» նշանակում է «սուր», իսկ «դին»-կրոն, այսինքն՝ «կրոնի սուրը կամ պաշտպանը»։ Այս տոհմի անդամներից էր նաև ժամանակի քաղաքական մեծ դեմք Զաքարիա Գ կաթողիկոսը։

Կարակոյունլուների գերիշխանության տարիներին կարևոր պատմական իրադարձություններ տեղի ունեցան՝ 1441 թվականին Հայոց Հայրապետական Աթոռի հաստատումը Ս․ Էջմիածնում և 1465 թ․ Հայկական թագավորության վերականգնման փորձը Վասպուրականի Աղթամար կղզում։

Այս իրադարձությունները նախապատրաստեցին Սմբատ Արծրունի-Սեֆեդինյանին Աղթամարի թագավոր օծելուն։

Սմբատ Արծրունու թագավոր օծվելու պահը պատկերված է բացառիկ մի ձեռագրում։ Նա, որպես միջնադարյան հայ անկախ պետականության և կաթողիկոսության հիմնադիր թագավորներից մեկը, բարձր գնահատականների է արժանացել պատմիչների ու հետագա ուսումնասիրողների կողմից։

Աղթամար կղզում թագավորություն հիմնելու համար կային ներքին և արտաքին նպաստավոր պայմաններ, որոնք ճիշտ օգտագործեցին ժամանակի քաղաքական և հոգևոր գործիչները։

Չնայած փոքր տարածքին, Աղթամարի թագավորությունը դասական իմաստով թագավորություն էր։

Գրքում ուշագրավ անդրադարձներ կան Սմբատ Արծրունի-Սեֆեդինյան թագավորի ժառանգներին, մի քանի արժեքավոր ձեռագրերի, որոնցից է, օրինակ՝ Ներսես Եպիսկոպոսի 1472 թ․ գրած ձեռագիրը և այլն։ Հեղինակն անդրադարձավ նաև գրքի կառուցվածքին և թեմատիկ բաժանումներին։

Աղթամարի Արծրունյաց թագավորությունը թեև կարճատև ընթացք, սակայն մեծ պատմական նշանակություն ունեցավ հայոց պատմության հետագա ժամանակաշրջանների համար։

Ինքնիշխանության, պետական մտածողության սաղմերը փոխանցվելով սերնդեսերունդ, հետագա դարերում տվեցին պտուղներ, և Վասպուրականում կերտվեցին հայ ազատագրական պայքարի ու գաղափարախոսության նոր հաղթանակներ։

Back to top button