ԿարևորՀասարակություն

4,7 մլրդ դրամ՝ ճանապարհներին նոր որակ, համայնքներին նոր շունչ հաղորդելու համար․ Սյունիքի հարցն առաջնահերթ է

Աղվանի-Տաթև միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանան գյուղը շրջանցող հատվածի շինարարական աշխատանքները մեկնարկում են։ Կառավարությունը դեռ մարտի 17-ի նիստում էր անհետաձգելի համարել այս հատվածի կառուցումը։

Ճանապարհը կառուցելու հարցը երկար նախապատմություն ունի․ նախ կառավարությունը հայտնեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ից և հատկապես դեկտեմբերի 18-ից հետո ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակով պայմանավորված Սյունիքում առաջացել է խնդրահարույց վիճակ։ Սա կարգավորելու, ավելի անվտանգ և բարվոք ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու անհրաժեշտությունից ելնելով՝ կառավարությունը հրատապ նախաձեռնեց մարզի մի շարք խնդրահարույց տարածքների այլընտրանքային ճանապարհների հիմնանորոգման աշխատանքներ։ Դրանց հետևանքով Վերին Խոտանանի տարածքով մեքենաների հոսքը շատացավ։ Գյուղի վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյանն է «Ռադիոլուրին» պատմում․

«Գորիս-Կապան ճանապարհը փակվել է, հիմնական ճանապարհը մեր գյուղով է անցնում։ Հիմա գյուղը շրջանցող ճանապարհ են սարքում, և վերանորոգվող ճանապարհում նոր փոսային աշխատանքներ, նոր ասֆալտ, արդեն 10 օր է՝ սկսել են աշխատել, վերանորոգում են անում։ Ճանապարհը գյուղի համար լավ կլինի, ծանրաբեռնվածությունը մի քիչ կնվազի, իսկ մեծ մեքենաների համար գյուղը մի քիչ դժվարանցանելի է, էդ նոր ճանապարհը ավելի հարմար կլինի, ու ավելի հեշտ կանցնեն»։

Անցյալ տարի շինաշխատանքներ են տարվել նաեւ Տաթև-Աղվանի ավտոճանապարհի 43 կմ հատվածում, այդ թվում՝ Վերին Խոտանան գյուղի տարածքում։ Այդ ճանապարհը, սակայն, այսօր բարվոք վիճակում չէ։ Գյուղի վարչական ղեկավար Ռաֆայել Գրիգորյան

«Վերանորոգումից հետո հիմա տեղեր կան, որ քանդվել են, լավ վիճակ չի, բողոքներ շատ կան։ Գյուղացիների համար մայթեր չկան, անասունների հետ կապված՝ տանել-բերելը խնդիրներ է առաջանում, որ մեքենաները գալիս-գնում են։ Ու որ սարքել են, ջրահեռացման հետ կապված խնդիրներ ունենք, ինձ թվում՝ է հիմա կվերացնեն, ու նորմալ կլինի»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում շեշտում է՝ ճանապարհային խնդիրներն օրակարգում են։  

Առաջացած խնդիրների մասին մենք խոսել ենք, եթե հիշում եք, նախորդ տարի մի քիչ արտակարգ ռեժիմով այդ ժանապարհը կառուցվեց, բայց պիտի նաև արձանագրենք, որ երբ մենք նախագծում էինք, չէինք նախատեսել, որ այդ ճանապարհով պետք է բեռնատափոխադրումների ամբողջ ծավալը տեղափոխվի։ Ճանապարհն իր նախագծային տվյալներով ավելի շատ որպես միջհամայնքային և տուրիստական նշանակության ճանապարհ էր նախատեսված, դրա համար այնտեղ պրոբլեմներ են առաջացել, կաշխատենք բերել պատշաճ որակի»։

Այսպիսով՝ կառավարությունը փորձում է և գյուղի ճանապարհներին առաջացած խնդիրները լուծել, և գյուղը շրջանցող ճանապարհ կառուցել։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշում է՝ նախագծային փուլում կարծում էին, թե ճանապարհը գյուղից դուրս բերելով խուսափում են այն դժվարանցանելի դարձնող 16 ոլորաններից՝ դրանք հասցնելով 6-ի, ապա այժմ՝

«Շինարարները կարողացել են ավելի լավ լուծում գտնել, և մենք այսօր գործող 16 ոլորանի փոխարեն կունենք 3 ոլորան։ Մենք ոչ միայն ճանապարհը բնակավայրից դուրս ենք բերում և բեռնատարների համար հեշտացնում, այլեւ դա նաև որպես ճանապարհ բավական մատչելի կլինի»։

Գործադիրի նիստում ճանապարհային այս խնդրի կողքին տասնյակ այլ ճանապարհահատվածների կառուցման եւ հիմնանորոգման նախագծեր են հաստատվում։ Կառավարությունը հավանություն տվեց ՏԿԵ նախարարության նախագծին, որով 4,7մլրդ դրամ է հատկացվում ճանապարհային խնդիրների լուծմանը՝ այդ թվում շինարարության, նախագծման, փորձաքննության ծառայություններ եւ այլ աշխատանքների։ Ֆինանսավորումն ուղղվելու է 2021-ին սկսված 7, նոր սկսվող 3 և նախագծվող 3 ծրագրի։

Back to top button