ԿարևորՀասարակություն

Մրցակցություն՝ տեղական շուկայում, պահանջարկ՝ դրսում․ Մեգերյան կարպետում ինքնատիպ ցուցադրություն է  

Վրույր Հակոբյանը ճարտարապետ է՝ հետաքրքրված հատկապես ինդուստրիալ արվեստով։ Նրա հեղինակած «Կամար» աշխատանքը եզակի է իր տեսքով․ կահույքի այս կտորը նախագծվել  և ստեղծվել է Prof Style նախագծի շրջանակում, այժմ «Կամար»-ն արդեն Մեգերյան Կարպետ սրահում է, ներկայացված է ցուցահանդես – վաճառքին․

«TV ստենդը (հեռուստացույցի սեղան) նախագծման փուլում ստացավ «Կամար» անվանումը, ես ի սկզբանե նպատակ ունեի նախ այնպիսի կահույք նախագծել, որպիսին քիչ է արտադրվում Հայաստանում և երկրորդ՝ դրան փոխանցել մաքսիմալ հայկական շունչ։ Դա է պատճառը, որ անունից սկսած՝ տեսքով ավարտած, այն հայկական է, փայտը  և նռան կարմիր գույնը նույնպես դրա մասին են խոսում»,-ասում է Վրույր Հակոբյանը։

Հայկական արտադրության խթանմանն ուղղված Prof Style նախագիծն իրականացնում է տեղական առաջատար արտադրող Profal ընկերությունը՝ գործակցելով անհատ դիզայներների ու ճարտարապետների հետ։ Նախագծի մասնակիցները նախ ներկայացրել են կահույքի յուրօրինակ էսքիզներ, որոնցից 9-ը մասնագիտական քննարկումներից հետո անցել են արտադրական փուլի։  Արդյունքում ցուցահանդես-վաճառքին ներկայացված են ձեռագործ արտադրության սեղան, աթոռ, հեռուստացույցի սեղան, բազկաթոռ և կահույքի հավաքածուներ։

Ցուցահանդեսի առաջին նմուշը ծնունդով Սիրիայից Սարգիս Ղուկասյանի նախագծած սեղանն է, որի վրա կարելի է նկատել շան թաթի հետքեր։ Լոֆթ ոճի սեղանի հեղինակ Սարգիսն ասում է՝ նման նախագծերն արտասահմանում շատ են, ուրախ է, որ Հայաստանում ևս նման փորձ եղավ՝ համախմբելու հայրենական եզակի արտադրանքը։ Իսկ դրա պահանջարկը սկսել է մեծանալ՝ նկատում է արտադրողը․

«Կարծում եմ, որ հայկական դիզայներական աշխատանքն ունի մեծ պոտենցիալ՝ պահանջարկ ունենալու, որովհետև նախ մենք քայլեր ձեռնարկում  ենք այդ ուղղությամբ, և երկրորդ՝ այդ քայլերը կարծես տալիս են արդյունք, այս նախագիծը դրա վառ ապացույցն է»,-ասում է Սարգիս Ղուկասյանը։

Նախագիծն իրականացրած Profal ընկերության գլխավոր տնօրեն Էդգար Ավետիսյանի խոսքով՝ հայ կահույքագործների աշխատանքն ամենից շատ պահանջարկ ունի միջինարևելյան երկրներում, հատկապես՝ Սաուդյան Արաբիայում և Արաբական միացյալ էմիրություններում։ Նման նախագծերը հնարավորություն են տալիս ներքին սպառողին ներկայացնել հայկական եզակի նմուշներ և ձևավորել պահանջարկ ներքին շուկայում՝ ասում է։

«Ներքին մրցակցությունը բարդ է իրականում, որովհետև մենք բիզնես գործունեություն ծավալող, արտադրող ազգ ենք, շատերն են թեկուզ փոքր, բայց, օրինակ, հենց կահույքի արտադրության զբաղվում, դրա համար ներքին շուկան փոքր է, բայց մրցակցությունը բավականին մեծ է։ Ես կարծում եմ, որ շեշտադրումը հայ արտադրողը պետք է մեծամասամբ որակի վրա դնի, որպեսզի մեծանա  արտահանելու հնարավորությունը։ Ժամանակին, երբ մենք դռներ ու պատուհաններ սկսեցինք արտահանել Միացյալ Նահանգներ, ամերիկացին պատկերացնել անգամ չէր կարող, որ նման փոքր երկրում նման որակի արտադրություն կա, շատերը գալիս էին գործարանը տեսնելու։ Նման արդյունքի հասնելու մեծ պոտենցիալ ունի հայ վարպետն այսօր»,-ասում է Էդգար Ավետիսյանը։

Նախագծի հեղինակները վստահ են՝ այն շարունակական կլինի ու տարեցտարի ավելի շատ դիզայներների ու ճարտարապետների կմիավորի։

Back to top button