

ՀԱՊԿ հոբելյանական 30-ամյակի առիթով մայիսի 16-ին Մոսկվայում սպասվում է անդամ երկրների առաջնորդների հանդիպումը, իսկ զանգվածային լրատվամիջոցների համար հայտարարություններ կանեն ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քանի որ Հայաստանն այժմ նախագահում է կազմակերպությունում: ՀԱՊԿ-ի ղեկավարների հանդիպման շրջանակներում չի շրջանցվի ուկրաինական թեման: Սպասվում են մի շարք երկկողմ հանդիպումներ, այդ թվում Պուտին- Լուկաշենկո զրույցը:
Ի՞նչ արդյունավետությամբ է գործում ՀԱՊԿ-ը, ու արդյո՞ք ամբողջությամբ արդարացնում է իրեն վերապահված անվտանգության գործառույթները։
Մի քանի օրից՝ մայիսի 16-ին, Մոսկվայում նախատեսված է ՀԱՊԿ-ի հոբելյանական 30-ամյակի առիթով գագաթնաժողովը՝ տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նախատեսվում է կազմակերպության անդամ երկրների ղեկավարների նախ ընդհանուր հանդիպում, ապա նաև առանձին շփումներ աշխատանքային նախաճաշի ձևաչափով»,- մանրամասնել է Պեսկովը։
ՀԱՊԿ ռազմաքաղաքական կառույցի անդամները վեցն են՝ Ռուսաստան, Բելառուս, Հայաստան,Ղազախստան, Ղրղզստան և Տաջիկստան: 1992-ին ստեղծված կազմակերպությանը միանալու պայմանագիրը ստորագրել են բոլոր այս երկրները, նաև՝ Ուզբեկստանը, որը, սակայն, 2012-ից դադարեցրել է անդամակցությունը։ Ավելի ուշ՝ 1993-ին, ՀԱՊԿ-ին միացել են Բելառուսը, ինչպես նաև Վրաստանն ու Ադրբեջանը։ Բայց արդեն 1999 թվականին Թբիլիսին ու Բաքուն դուրս են եկել կառույցից։
Ի՞նչ արդյունավետությամբ է գործում ՀԱՊԿ-ը, ու արդյո՞ք ամբողջությամբ արդարացնում է իրեն վերապահված անվտանգության գործառույթները։ Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը «Ռադիոլուրի» հետ զրույցում կարծիք է հայտնում՝ դաշինքը պետք է ընդունել նախ որպես Ռուսաստանի գործիք։
«Պետք է հասկանանք, որ ՀԱՊԿ-ը ներկայացնում է Ռուսաստանը։ Այսինքն՝ այստեղ կենտրոնում Ռուսաստանն է, որը փորձում է անդամ երկրներին իր կողմը միավորել ի հակակշիռ ՆԱՏՕ-ի, որպեսզի ցույց տա, որ ինքը նույնպես ինչ-որ բլոկ ունի։ Երկար ժամանակ ՀԱՊԿ-ը գործողությունների ժամանակ չէր կարողանում դրսևորվել։ Երևի պատճառներից մեկն էլ այն էր, որ այդ երկրները չգնան ՆԱՏՕ, քանի որ ՌԴ-ին հիմա մտահոգում է, որ իր ազդեցության ոլորտում ՆԱՏՕ-ն չծավալվի»:
Իր գործունեության երեսուն տարվա ընթացքում, ըստ քաղաքագետի, ՀԱՊԿ-ը մեկ անգամ է դրսևորվել անվտանգության իր գործառույթին համապատասխան․դա այս տարեսկզբին Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին արձագանքն էր։ Ղազախական լարվածությունը թուլացնելու գործում, որպես ՀԱՊԿ նախագահող երկիր, նաև Հայաստանը պատրաստակամություն հայտնեց ներգրավվել։ Նման պարտաճանաչություն, սակայն, չգրանցվեց Արցախի դեմ 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո, երբ հակառակորդը ներխուժեց Հայաստանի Հանրապետության տարածք։ Այդ ժամանակ Հայաստանն անգամ դիմեց ՀԱՊԿ-ին․ Ադրբեջանի կողմից ՀՀ տարածք ներթափանցումը, սակայն, դիտարկվեց սահմանային միջադեպերի շրջանակում։
Այս հարցն, ըստ Ստեփան Դանիելյանի, ունի ֆորմալ և իրական կողմեր․
«Ֆորմալ մասն այն է, ըստ նրանց, քանի որ Հայաստանի սահմանները ֆիքսված չեն, ապա, որպեսզի կարողանան պաշտպանել Հայաստանին, առաջարկում են սահմանազատման ու սահմանագծման գործողություններ տեղի ունենան, որ իրենք իմանան, թե որտեղ է սկսվում սահմանը, որ եթե ներթափանցում տեղի ունենա՝ հասկանան, որ դա ագրեսիա է Հայաստանի նկատմամբ։
Ոչ ֆորմալ մասում ամեն ինչ ավելի բարդ է՝ Թուրքիան Ադրբեջանի ու Միջին Ասիայի երկրների հետ ռազմական համագործակցություն է ձևավորում ։ Զուգահեռ երկու գործընթաց է գնում՝ մի կողմից ՀԱՊԿ-ը ՌԴ գլխավորությամբ, մյուս կողմից Թուրքիան, որը Շուշիի հռչակագրով Ադրբեջանի հետ նման պայմանագիր կնքեց, ինչպիսին ՀԱՊԿ-ն էր։ Հիմա ռազմական համաձայնություններ է կնքում․․․ Ղազախստանի հետ արդեն կնքել է։ Այս կողմում ռուս-թուրքական հարաբերությունների խնդիրն է առաջանում»։
Հենց թվարկված հարցերն են պատճառը, որ Մոսկվան աչք է փակում Հարավային Կովկասում իրավիճակի որոշ նրբությունների վրա՝ կարծում է քաղաքագետն ու նկատում՝ վիճակն ինչ-որ պահի կարող է բերել ռուս-թուրքական լարվածության, ինչն այս պահին պետք չէ Մոսկվային, քանի որ ռուս-ուկրաինական պատերազմը թեժ փուլում է։
ՀԱՊԿ-ի 30-ամյակի գագաթնաժողովին քննարկվելիք հարցերի շրջանակում, անշուշտ, նաև ռուս-ուկրաինական պատերազմի թեման է։ Այդ քննարկումները որոշակիորեն ձևական բնույթ կկրեն՝ կարծում է քաղաքագետը, քանի որ, նրա ձևակերպմամբ, ՀԱՊԿ-ի ներգրավում այդ գործընթացում դժվար թե տեղի ունենա՝ կազմակերպության թյուրքալեզու երկրները չեն միջամտի։
Եթե զուգահեռներ տարվեն ռազմաքաղաքական երկու կառույցների միջև, ապա, ըստ Ստեփան Դանելյանի, զորքերի քանակի, ֆինանսների ու պատրաստվածության առումով Հյուսիսատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն, ավելի հզոր է, սակայն միջուկային զենքի տեսանկյունից Ռուսաստանն է զորեղ։ Այս թեման, սակայն, վտանգավոր է, քանի որ միջուկային զենքի կիրառումն աշխարհի ավարտ կնշանակի, թեև Մոսկվան բազմիցս ասել է, որ եթե պետության գոյության սպառնալիք լինի ապա կօգտագործի միջուկային զենքը։
«Պետության գոյության սպառնալիք կարող է լինել ոչ միայն ուղղակի միջամտության ժամանակ, այլ ,օրինակ, այնպիսի տնտեսական սանկցիաների, որոնք կարող են փլուզել։ Եթե այդ վիճակը Ռուսաստանը համարի ռազմական ագրեսիա իր նկատմամբ և միջուկային զենք կիրառի կամ ենթադրենք միջուկային զենք կիրառի ՆԱՏՕ-ի անդամ Լեհաստանի վրա, արդյո՞ք ԱՄՆ-ներից պատասխան կլինի։ Հանուն Լեհաստանի, օրինակ, ԱՄՆ-ը միջուկային զենք կկիրառի՞ Ռուսաստանի նկատմամբ, թե՞ կհասկանա, որ նույնն էլ կարող է անել Ռուսաստանը, օրինակ, Վաշինգտոնի ու Նյու Յորքի ուղղությամբ։ Եթե գնա դրան՝ երկրագունդն է ոչնչանում, եթե չգնա՝ ՆԱՏՕ-ն է փլուզվում, քանի որ կնշանակի, որ ԱՄՆ-ը չի կարողանում պաշտպանել իր դաշնակիցներին, այդ դեպքում ո՞րն է ՆԱՏՕ-ի իմաստը»։
Այն, ինչ մենք այսօր տեսնում ենք՝ նոր աշխարհակարգի ձևավորում է։ Թե ինչ ընթացք կունենա դա՝ դժվար է ասել, սակայն հստակ է, ըստ քաղաքագետի, որ այն դեռ մի քանի տարի կտևի։ Ու այս առումով ռազմաքաղաքական կառույցների դերը պակաս կարևոր չէ։