ԿարևորՏնտեսական

Սյունիքից՝ ԵԱՏՄ շուկա․ մինչ ապրանքը տեղ կհասնի, այդ երկրներից հյուրերն են հասել Կապան

Այս օրերին Սյունիքի մարզկենտրոն Կապանում անցկացվում է «Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ» թեմայով աշխատանքային  քննարկումը։ Նպատակն է զարգացնել  ԵԱՏՄ  անդամ երկրների միջև առևտրաշրջանառությունը, նպաստել մարզերի միջև ուղղակի կապերի հաստատմանը, այդ թվում՝ բիզնես ոլորտում փորձի փոխանակմանը։ ԵԱՏՄ երկրներից ժամանած հյուրերը եղել են նաև մարզի որոշ ձեռնարկություններում, տեղում ծանոթացել արտադրությանը։

«Տարածաշրջանների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացումը ԵԱՏՄ» թեմայով սյունիքյան աշխատաժողովը ԵԱՏՄ-ում առաջին անգամ է կազմակերպվում։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը համոզված է՝ սա ԵԱՏՄ տարածքում նմանատիպ միջոցառումների ավանդույթի հիմք է դառնալու։ Տերտերյանը կարևորում է հատկապես մարզերում արտադրվող ապրանքը միջազգային շուկա հասցնելը։

«Սյունիքը, հատկապես Կապանը դարձնենք առավել ակտիվ։ Մեր երկիրը միայն Երևանը չի, այլեւ մեր քաղաքներն են, շեներն են, գյուղերն են, որ մենք պետք է ամեն ինչի մեջ ներգրավենք։ Միանգամից շատ ակտիվ չի լինի, չի ստացվի, միանգամից մեծ արդյունք չի կարելի ակնկալել, բայց մեթոդական և այլ աշխատանքների շնորհիվ կարող ենք ամեն ինչի հասնել»։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հույս ունի՝ առևտրատնտեսական գործակցության ու գործարար կապերի այս նախաձեռնությունը նոր ակտիվություն կբերի Սյունիքին,  ու ինչու չէ՝ նաև  Հայաստանին։

«Սա շատ մեծ հնարավորություն է տալիս տնտեսական իմաստով՝ տարբեր բիզնեսների համար, սա բավականին տեղեկատվական մեծ հարթակ է, որպեսզի մարդիկ ծանոթանան, թե ինչպիսի  հնարավորություններ է տալիս ԵԱՏՄ շուկան մեր գործարարներին։ Մյուս կողմից՝ մեզ համար կարևոր է Սյունիքում այս օրերին նման միջոցառում կազմակերպելը, ու սա վերջինը չէ, մոտ ապագայում նմանատիպ քննարկումներ նույնպես կկազմակերպվեն»։ 

Աշխատաժողովում ԵԱՏՄ երկրներից ժամանած զեկուցողները ներկայացնում են ԵԱՏՄ-ի շուկայի հնարավորություններն ու հեռանկարները։ Սյունիքի արտադրողների համար այս քննարկումը  նաև ներկայանալու լավ հնարավորություն է։ Մեղրիի ներկայացուցիչ Շահանե Խաչատրյան․

«Կոնկրետ այսօր էքսպոյին ներկայացել ենք  և Խաչաց  տնով, և Մեղրիի մի քանի արտադրանքով, այսինքն՝ տարբեր ձեռներեցների արտադրանք ենք ներկայացնում՝ հավաքական Մեղրի անվան տակ։ Սա ոչ միայն գովազդ է մեզ համար, այլ հետագայում մեծ շուկա դուրս գալու, ճանաչելի լինելու հնարավորություն է»։

Բնական հումքից օճառ արտադրող ընկերության ղեկավար Սուրեն Բաբայանը դեռ չի պատկերացնում՝ ինչպես է իր արտադրանքը հասցնելու ԵԱՏՄ երկրներ, բայց   նրա ցուցասրահը հետաքրքրել է ԵԱՏՄ երկրների հյուրերին։  Կապանյան օճառները   հավանել է նաև ԵԱՏՄ ռազմավարական տնտեսական քաղաքականության վարչության պետ Ասկար Ջապարկուլովը։ Առաջին անգամ է Սյունիքում, ասում է՝ Մոսկվայում նայեց քարտեզը՝ Հայաստանի հարավ ու չնայած հեռավորությանը, տեղ հասավ ու համոզվեց՝ ԵԱՏՄ շուկան լայն դաշտ կարող է դառնալ Սյունիքի մարզի արտադրողների  համար։

Ասկար Ջապարկուլով․«Ինչ վերաբերում է Սյունիքին, ապա այն հրաշալի վայր է թե իր  բնությամբ, թե մարդկանցով։  Հայաստանի հարավային հեռավոր մարզում արտադրվում է այն ամենն, ինչ անհրաժեշտ է ԵԱՏՄ շուկային՝ օճառից մինչև երշիկեղեն, հագուստ։ Սա իսկապես շատ տպավորիչ է։ Հաստատ  եմ ասում՝ այստեղի արտադրատեսակները կարող են մրցունակ լինել ԵԱՏՄ շուկայում»։

Օրգանական գյուղատնտեսության բարձրարժեք մշակաբույսեր արտադրող Դավիթ Դավթյանի ցուցասրահի արտադրանքը շատ արագ սպառվեց։ Արտադրանքի 80 տոկոսն արտահանվում է Ռուսաստան։ Ասում է՝ նման հանդիպումները պիտի ձևական չլինեն պիտի հաջորդեն գործնական քայլերը։

«Թե ինչ տվեց համաժողովը, էս պահին չենք կարող ասել, տվեց ծանոթություն, տվեց շփվելու հնարավորություն, տվեց ապրանքը ներկայացնելու հնարավորություն։ Մնացածը արդեն, կարծում եմ, հետադարձ կապի միջոցով պարզ կլինի»։

Ինչպե՞ս լուծել հարկային ու տրանսպորտային խնդիրները, ինչպես արտադրանքը Սյունիքից հասցնել ԵԱՏՄ երկրներ՝  սյունեցի գործարարներին հետաքրքրող այս ու այլ հարցերը կազմակերպիչները խոստանում են եռօրյա համաժողովն ամփոփելիս  ներկայացնել կառավարությանը։ Նախատեսվում է մշակել ընթացակարգ, որը կհեշտացնի ապրանքների արտահանումը։ Խնդիր է նաեւ այն, որ ԵԱՏՄ երկրներում ծանոթ չեն Սյունիքի արտադրանքին։ Լուծումը նախանշվեց տեղում՝ առցանց հարթակ կստեղծվի, որտեղ արտադրողները կներակայացնեն իրենց ապրանքանիշը՝ նոր գործընկերներ գտնելու համար։

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ասում է՝ սա, բացի տնտեսական ազդակ լինելուց, կարևոր է նաեւ միջազգային հանրությանը մեր պատմամշակութային, ազգային արժեքները ներկայացնելու առումով։

«Հաշվի առնելով ներկայում տիրող աշխարհա–քաղաքական իրավիճակը, հաշվի առնելով նաև վերջին զարգացումները՝ համաշխարհային շուկայում, սա բացառիկ հնարավորություն է ԵԱՏՄ երկրների շուկան օգտագործելու։ Հնարավորություն է տալիս ձեռնարկատերերին՝ ուսումնասիրելու շուկան, ունենալ նոր նախաձեռնություններ և իրացնել»։

Բացի աշխատանքային քննարկումներից՝ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության,  Սյունիքի մարզպետարանի, Կապանի համայնքապետարանի  և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի համատեղ ջանքերով կազմակերպած համաժողովին ԵԱՏՄ երկրներից ժամանած հյուրերը եղել են որոշ ընկերություններում, ծանոթացել արտադրական պրոցեսներին, մասնակցել մշակութային միջոցառումների։

Ցուցադրել ավելի
Back to top button