

Հայաստանը մտել է մի փուլ, երբ գրեթե ամեն օր բարձրաստիճան հանդիպումներ են կազմակերպվում միջազգային հարթակներում։ Թեև դրանք ուղեկցվում են Հայաստանի ներսում արտահայտվող դժգոհություններով և հանրահավաքներով, բայց բարձրաստիճան միջազգային հանդիպումներն արդեն հասունացնում են նոր գործնական աշխատանքներ՝ կապված հայ–ադրբեջանական հարաբերությունների և խաղաղության պայմանագրի հետ։
Եթե այս օրերին հանդիպումներն արտգործնախարարների մակարդակով են, ապա երկուշաբթի նախատեսվում են ավելի «բարձր» շփումներ։ Մինչդեռ Հայաստանի քաղաքագիտական շրջանակներում հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցություններում տեսնում են երրորդ կողմի նախապայմաններ։
Սահմանված ժամկետից՝ ապրիլի վերջից մոտ 2 շաբաթ ուշացումով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարություններին հաջողվել է ձևավորել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովները, որոնց կազմը, սակայն, առայժմ հայտնի չէ։
Հանձնաժողովների ստեղծման պայմանավորվածությունը Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք էր բերվել անցած ամիս Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ։ Դեռ օրեր առաջ Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան էդմոն Մարուքյանը բացահայտել էր՝ հանձնաժողովների ձևավորումը ուշանում է կողմերի միջև որոշ տարաձայնությունների պատճառով։ Այսօր արդեն հստակեցումներ կան հանձնաժողովների առաջին հանդիպման ժամկետների հարցում։ Այդ մասին Դուշանբեում խոսել է ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք ադրբեջանցի գործընկերների հետ շփվել ենք սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովների ստեղծման հարցով։ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկի հետ կա պայմանավորվածություն, որ մայիսի 16-17-ին նրանք ճանապարհային կոմունիկացիաների օրակարգով կհավաքվեն Մոսկվայում։ Ենթադրվում է, որ այդ օրերին կկազմակերպվի նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովների առաջին նիստը»։
Հայաստանի վերլուծական դաշտում այդ հանդիպումներից դեռ էական սպասելիքներ չունեն, քննարկումների վերաբերյալ կանխատեսում անել չեն շտապում։
Նախօրեին Դուշանբեում Միրզոյան-Լավրով-Բայրամով հանդիպման ժամանակ Ադրբեջանի արտգործնախարարը կարծիք էր հայտնել, որ «մոտ ապագայում հնարավոր կլինի առնվազն սկսել սահմանազատման գործընթացը»։ Իսկ Միրզոյանը եռակողմ հանդիպումից հույս ունի, որ այն քայլ կլինի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ։

Արարատ Միրզոյանն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարներին նաեւ ներկայացրել է Հայաստանի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ՝ կարևորելով խաղաղ գործընթացի առաջմղումը եւ շեշտելով՝ դա պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։ Այս համատեքստում ԵԱՀԿ ՄԽ լուծարման մասին Ադրբեջանի հայտարարություններին հակառակ և Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանի և Արևմուտքի հակասությունների ֆոնին Մինսկի խմբի քարտուղարությունից հայտարարում են․
«Մենք Մինսկի խումբը դիտարկում ենք որպես պատշաճ մարմին և տեսնում ենք անհրաժեշտություն ակտիվացնելու ջանքերը՝ կայուն խաղաղության հաստատման, տարածաշրջանի բարգավաճ զարգացման համար»։
Մոտ երկու ամիս առաջ Երևանը դիմել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար։ Կառույցից չեն հստակեցնում, թե ի՞նչ պատասխան են տվել Երևանի դիմումին։ Միայն բացահայտել են, որ համանախագահող երկրները, ինչպես և ԵՄ-ը, վերջին շաբաթներին ակտիվորեն համագործակցում են Բաքվի և Երևանի հետ: Կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ցանկացած աջակցություն ցուցաբերել թե՛ իր մանդատի շրջանակներում, թե՛ այլ համատեքստերում իր փորձի հիման վրա։
Արարատ Միրզոյանի ներկայացմամբ․
«Մենք պատրաստ ենք շարունակել բոլոր աշխատանքները գործող բոլոր ձևաչափերով՝ տրանսպորտային կոմունիկացիաների, տարածաշրջանում տնտեսական ենթակառուցվածքների հարցերով ու նաև «խաղաղության պայմանագրի» կամ, հավանաբար, ավելի ճիշտ կլինի ասել՝ երկկողմ հարաբերությունների կարգավորման մասին համաձայնագրի շուրջ։ Նաև այլ հարցերի լուծման ուղղությամբ՝ հումանիտար հարցեր, գերիների վերադարձ, հարցեր, որոնք վերջին շրջանում անլուծելի են մնացել»։
Այն դեպքում, երբ Ռուսաստանը և Արևմուտքը փորձում են տարածաշրջանում կայունությունը շուտափույթ հաստատել, Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը խոսում է հայ-ադրբեջանական շփման մեջ Թուրքիայի թաքնված նախապայմանների մասին։
«Առանց նախապայմանների հարաբերություններ արդեն չկան՝ իմ կարծիքով։ Եթե գնում ենք ամբողջական հաշտեցման, դա նշանակում է, որ կողմերն իրենց բոլոր հարցերը դնում են սեղանի վրա։ Այս իշխանությունն ուղղակի պատրաստ չէ, այս վիճակում ինքը չի կարող դա անել։ Այս իշխանությունը, որքան որ ինքը կա, կարող է ուղղակի շփումներ ունենալ։ Ես այդ շփումներին դեմ չեմ, թող գնան խոսեն, հաղորդակցությունը լավ բան է, բայց այդ հաղորդակցությունը ոչ մի բան թող պաշտոնապես չզիջի։ Հասկանա, որ դա ապագա սերունդը կամ մեկ ուրիշը պետք է խոսի և պաշտոնապես այդ հարցերը դնի սեղանի վրա՝ ճանաչում, ճանաչումից բխող կրթություն, մշակութային ժառանգություն, վերադարձի իրավունք, հայրենի օջախ, ելք դեպի ծով, սահմանի վերջնական ճշգրտում և այլն»։
Նախկին արտգործնախարարի պնդմամբ՝ ստեղծված իրավիճակում «միջազգային հանրություն» կոչվածը թույլ է տալիս միջազգային իրավունքի խախտումներ, եթե կա պնդում, որ «միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը»։
«Ես չեմ կարող մեկնաբանել, թե ինչ է նշանակում «միջազգային հանրություն»։ Կարող եմ ասել, որ միջնորդ պետություններն ի պաշտոնե իրավունք չունեն, չեն կարող որևէ բան ասել նշաձողի հետ կապված, որը կանխորոշում է բանակցային գործընթացը և վերջնական լուծումն այդ գործընթացի։ Նույնիսկ եթե նման ճնշում կա, ՀՀ դե յուրե լեգիտիմ պաշտոնյան նրա համար է, որ ներկայացնի Հայաստանի ազգային և պետական շահը ոչ միայն թշնամու դեմ, այլ նաև՝ աշխարհին։ Ոչ թե Հայաստանին ներկայացնի, թե ով ինչ է փսփսում իր ականջին»։
Այն դեպքում, երբ Հայաստանի ներքաղաքական վիճակը լարված է, և դժգոհությունը հենց իշխանությունների արտաքին քաղաքականության հետ է կապված, իշխանությունն առաջիկայում շարունակելու է բարձրաստիճան հանդիպումները և Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելուն ուղղված ջանքերը։
Մոսկվա կատարած իր վերջին պաշտոնական հանդիպումից մեկ ամիս չանցած՝ Փաշինյանը կրկին մեկնելու է Մոսկվա։ Այցը նախատեսված է երկուշաբթի՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում։ Այդ օրերին Մոսկվայում տարատեսակ հանձնաժողովների հանդիպումներից բացի նախատեսվում է նաև Փաշինյան-Պուտին ոչ ֆորմալ հերթական հանդիպումը։