ԿարևորՀասարակություն

Կրթության ճգնաժամ

Սրբուհի Վանյան

Արցախի Հանրային ռադիո

Երկրում առկա ցանկացած հիմնախնդրի ինչպես արմատը, այնպես էլ լուծման հնարավորությունը, տանում է կրթության ոլորտ։ Այս պարզ ճշմարտությունը կարծես թե հասկանում և ընդունում են բոլորը, բայց, արդյո՞ք, ամեն ոք անում է իրենից կախվածը՝ համակարգում առկա խնդիրների լուծման համար։ Տարբեր մակարդակներով կրթության ոլորտի հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպվում են պարբերաբար, բայց անցնու՞մ են դրանք միջոցառում լինելուց այն կողմ։

Թերևս այդ պատճառով է, որ հիմնախնդիրները տեղափոխվում կամ տարածվում են դեպի մյուս բնագավառները, վերադառնալով մեզ թույլ մասնագետի, ցածրակարգ սպասարկման, անառողջ հասարակության կամ չզարգացող տնտեսության տեսքով։  Կրթության հիմնախնդիրներին ընդհանրապես, և հանրակրթությանը, մասնավորապես, համակարգային լուծումներ են պետք՝ համոզված է Արցախի Հանրապետության ԿԳՄՍ փոխնախարար Միքայել Համբարձումյանը։ Եվ առաջին հերթին պիտի այդ հիմնախնդիրների նկատմամբ հանրային ընկալումներն ու մոտեցումը փոխվեն։

«Նախ պետք է հասկանալ խնդրի ընկալումները․ հասարակության կողմից ընկալումները տարբեր են։ Կրթության շահառուները 3-ն են․ ուսուցիչ, աշակերտ, ծնող։ Այս երեքի մոտ էլ հիմնախնդրի տարբեր ընկալումներ կան։ Միայն այս 3 կողմի ընկալումների միասնականության, համընդհանուր մոտեցման դեպքում գնացքն առաջ կշարժվի»։

Ինչո՞ւ՝ քանի որ պահանջները կամ ընկալումները ձևավորում է հասարակությունը։ Իսկ մեր հասարակությունը, վերջին տասնամյակներում, կրթության նկատմամբ, մեղմ ասած, ոչ ճիշտ վերաբերմունք է ցուցաբերում։ Ըստ փոխնախարարի, դա գալիս է նաև նրանից, որ համապատասխան կրթություն ու մասնագիտական որակներ չունեցող անձինք հայտնվում են ոչ համապատասխան տեղերում՝ հասարակության մեջ ձևավորելով կարծիք, որ հաջողակ և պահանջված լինելու համար կիրթ լինելը նախապայման չէ։

«Սա է խնդիրը։ Այն ձևավորվել է 90-ականներին, մնացել որպես կարծրատիպ։ Այս կարծրատիպը կոտրելու ժամանակն է։ Պետք է նաև մարդկանց հաջողությունների փորձերը ցույց տալ, անպայման պետք է կրթվել, իսկ այդ կրթությունը պետք է լինի շարունակական։ Կրթության ցիկլը մեկ օր չէ, այն անընդհատ է և հաճախ տևում է մի ամբողջ կյանք»։

Այն, որ այդ կարծրատիպերի քանդման գործը դարձյալ ուսուցչի ուսերին է, անվիճելի է։ Բայց առանց համակարգային և, հատկապես, առանց պետական մոտեցման՝ այդ նպատակին դժվար է հասնել։Այդ մասին վերջերս կայացած գիտագործնական կոնֆերանսում խոսել է նաև Ստեփանակերտի դպրոցներից մեկի տնօրենը՝ Արթուր Մինասյանը։ Ըստ նրա, կրթության համընդհանուր ճգնաժամ է․ սովորելու մոտիվացիայի բացակայություն։ Այդ ճգնաժամի առաջացման տարբեր պատճառներ կարելի է բերել, բայց դրանից դուրս գալու ելքը մեկն է՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։

«Ընդհանուր առմամբ արտահայտվում է կրթության համընդհանուր ճգնաժամ։ Այդ ճգնաժամին տրվում են տարբեր հիմնավորումներ, ֆինանսական խնդիրներ, շենքային պայմանների բացակայություն, կրթական ծրագրերի անկատարություն, ծնողների անտարբերություն, մասնագետների մանկավարժա-մեթոդական հմտությունների բացակայություն, կամ ցածր պատրաստվածություն և այլն։ Մեր կարծիքով, այդ ճգնաժամն ավելի խոր արմատներ ունի։ Պետք է ընդունենք, որ կրթությունը մշտապես կախված է եղել տվյալ հասարակարգի արժեքային համակարգից։ Ցավոք սրտի, կրթությունը երկրորդ պլան է մղվել։ Դրա խոսուն վկան մեր նախարարության շենքի պատկերն է, որին նայելով էլ պատկերացում է կազմվում ոլորտի նկատմամբ ընդհանուր վերաբերմունքի մասին»։

Տնօրենն ասում է, որ ուսուցչի ու աշակերտի երկխոսությունը հաճախ չի ստացվում, և դրա պատճառներն է բացատրում․

«Կրթության ճգնաժամի գլխավոր պատճառներից մեկը հասարակության մեջ անհատապաշտության միտումների զարգացումն է․ միայն սեփական ես-ի վրա կենտրոնանալու հանգամանքը խաթարում է ամբողջ կրթության համակարգը։ Մարդը կորցրել է կապը մեծ արժեքների, գաղափարների հետ։ Տեսնում է միայն իրեն, դարձել է փոքր դիստանցիայի էակ։ Դպրոցում ուսուցիչը խոսում է մեծ գաղափարների մասին, ընդհանուր շահի, հայրենասիրության, անձնազոհության, երեխան էլ մտածում է իր ես-ի մասին։ Այդ է պատճառը, որ ուսուցչի ու աշակերտի երկխոսությունը չի ստացվում»։

Կրթության համակարգը պետք է լուծի երկարաժամկետ խնդիրներ։ Դրա համար համակարգի ռազմավարությունը պետք է փոխվի, կարծում է նա։ Եվ շեշտը պիտի դրվի բազմակողմանի զարգացած, լայն աշխարհայացքով անհատի կերտման վրա։Մանկավարժի մասնագիտությունը չպետք է մյուս մասնագիտությունների համեմատ դիմորդի համար այլընտրանք լինի։ Ուսուցչի հեղինակությունը բարձրացնելու համար ԿԳՄՍ փոխնախարաը մի քանի բաղադրիչ է առանձնացնում․ որպեսզի համապատասխան որակներով և գիտելիքներով կադրերը հայտնվեն դպրոցում, անհրաժեշտ է հստակ և խիստ պահանջներ առաջադրվեն և աշխատանքային պայմաններ ու ուսուցչի աշխատանքի արժանապատիվ վարձատրություն ապահովվեն։ Այս պայմանների բացակայության պատճառով լուրջ խնդիրներ են առաջանում բնագիտական ցիկլի առարկաների ու համակարգում տղամարդ- մանկավարժների ներգրավվածության հետ կապված։ Միքայել Համբարձումյանի համոզմամբ, վերանայման կարիք ունի նաև ուսումնասիրվող առարկաների ցանկը․ հասարակագիտական, հումանիտար ուղղվածության ու բնագիտական ցիկլի առարկաների համամասնությունը պետք է վերանայվի։

«Սովետական ու հետսովետական շրջանում հասարակական գիտությունները կազմում էին 20 + 1 ժամ էթնիկ պատմություն, իսկ 2005 թվականից հետո հասարակական գիտությունները 15 ժամով ավելացրին։ Եվ բոլորը տեխնիկական գիտությունների հաշվին։ Գծագրությունը, որ չափ էր զարգացնում՝ հանեցին, աստղագիտությունը՝որ երևակայություն էր զարգացնում, նույնպես, աշխատանք առարկան չկա ։ Այս բալանսը պիտի վերականգնվի»։

Միքայել Համբարձումյանը արդյունավետ չի համարում նաև դպրոցներում կիրառվող գնահատման համակարգը։ Կարծում է՝ այն լրացուցիչ խնդիրներ է առաջացնում․

«Ժամանակն է փոխել գնահատման համակարգը։ Գնահատականը ընդամենը մի ժամանակահատվածի որոշակի պրոցես է գնահատում, իսկ գնահատականի օբյեկտիվությունը լղոզված հասկացություն։ Պետք է դա փոխել և առաջին հերթին պետք է անհատական գնահատման մեթոդներին անցնել։ Երեխայի մոտ առաջընթացը պետք է գնահատվի»։

Արդարացրե՞լ է իրեն 12-ամյա կրթությունը, այս մասին խոսելիս, փոխնախարարն ասում է, որ կարևոր չէ, թե քանի տարի ենք սովորում․ կարևորը ծրագրի բովանդակությունն է և այն, ինչ արդյունքում տալիս է այդ ծրագիրը․ ինչ ենք սովորեցնում երեխաներին, և այդ գիտելիքը նա որքանով է կարողանալու կիրառել կյանքում։Գտնվելով ՀՀ կրթական համակարգի հետ նույն դաշտում, բնականաբար, Արցախի կրթական ոլորտում համակարգային փոփոխություններ կատարել չեն կարող․ որոշ օրենքներ կամ ծրագրեր կիրառվում են տեղի առանձնահատկությունները հաշվի առնելով ընդամենը։Կրթության բոլոր հիմնախնդիրներին մեկ ռեպորտաժում անդրադառնալ, իհարկե, հնարավոր չէր․ և ասելիքն է շատ, և, հատկապես՝ անելիքը։ Պարզ է մի բան․ մեր բոլոր մյուս հիմնախնդիրների արմատները կրթության ոլորտում պիտի փնտրենք, կամ, որ ավելի ճիշտ է, մեր՝ կրթության նկատմամբ վերաբերմունքի մեջ։

Back to top button