ԿարևորՀասարակություն

Բրբանքում բացվել է «Հայկական առևտրային» ցուցահանդեսը

2022թ մայիսի 4-ից 10-ը «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագրի ներքո կայացել է Հայ գործարարների պատվիրակության այցը Կալիֆորնիա՝ Լոս Անջելես։

Այցը կազմակերպվել է «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի, «Հայ-ամերիկյան գործարար խորհուրդ»-ի կողմից և տեղի է ունեցել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության և Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմը հովանու ներքո։

Այցի շրջանակներում գործարարների պատվիրակությունը մայիսի 5-ին այցելել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսություն, որտեղ հանդիպել է Գլխավոր հյուպատոսության անձնակազմի հետ։ Գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ն․ Սարոյանը ողջունելով գործարարներին, կաևորել է համանման այցերը, որոնք կոչված են խթանելու հայ-ամերիկյան գործարար կապերի զարգացումը, ԱՄՆ ներմուծվող հայկական արտադրանքի ծավալների մեծացմանը։ Ն․ Սարոյանը պատասխանել է հյուրերի հարցերին, որոնք վերաբերում էին հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններին։

Մայիս 6-ին Գլենդեյլի քաղաքապետարանի և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել է հայ գործարարների պատվիրակության հանդիպումը Գլենդեյլի գործարար համայնքի, քաղաքապետարանի տնտեսական համագործակցության դեպարտամենտի հետ։ Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Գլենդեյլի քաղաքապետ Ա․ Քասախյանը, Կալիֆորնիայի սենատոր Է․ Պորտանտինոն, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին, Գլենդեյլի քաղաքային խորհրդի անդամներ Ա․ Նաջարյանը և Դ․ Բրոթմանը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Գլենդեյլի կորեական և ֆիլիպինցի գործարար համայնքի ներկայացուցիչներ։

Մայիսի 8-ին Բրբանք քաղաքում՝ Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարանի տարածքում բացվել է «Հայկական առևտրային» ցուցահանդեսը։ Ցուցահանդեսի բացմանը ողջույնի ելույթներով հանդես են եկել Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդ՝ արքեպիսկոպոս Հ․ Տերտերյանը, Գլխավոր հյուպատոսության արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար Ն․ Սարոյանը, Գլենդեյլի քաղաքապետ Ա․ Քասախյանը, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մ․ Մանուկյանը, «Հայ-ամերիկյան գործարար խորհուրդ»-ի նախագահը։ Ցուցահանդեսին ներկայացված էին շուրջ 3 տասնյակ հայ ատրադրողների ապրանքներ և ծառայություններ։

Մայիսի 9-ին Հյուսիսային Ամերիկայի Հայ Առաքելական Եկեղեցու Արևմտյան Թեմի առաջնորդարանի՝ Սրբ․ Ղեվոնդաց եկեղեցու դահլիճում տեղի է ունեցել «Ամերիկա-Հայաստան գործարար կամուրջ» խորագիրը կրող համաժողովը։ Համաժողովին ելույթներով հանդես են եկել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին, «Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդ»-ի նախագահ Մ․ Մանուկյանը, «Հայ-ամերիկյան գործարար խորհուրդ»-ի նախագահ Ա․ Ղազարյանը, ամերիկահայ հեղինակավոր գործարարներ, մեքսիկա-ամերիկյան գործարար կառույցների ներկայացուցիչներ։

Մայիսի 11-ին տեղի է ունեցել հայ գործարար պատվիրակության հանդիպումը Լոս Անջելես մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարիա Սալինասի և պալատի ղեկավար կազմի հետ։ Հանդիպումը, որն ուներ աշխատանքային նախաճաշի ձևաչափ, տեղի է ունեցել Լոս Անջելեսի քաղաքային ակումբում։ Հանդիպումը կազմակերպել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։ Հանդիպմանը իր աջակցությունը և հովանավորությունն է ցուցաբերել «Կորդոբա» կորպորացիայի կառավարող գործընկեր, «Հայաստան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Մարիա Մեհրանյանը։ Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսության խորհրդական Վ․ Պահլավունին, Լոս Անջելես մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Մարիա Սալինասը, «Կորդոբա» կորպորացիայի կառավարող գործընկեր, «Արմենիա» հիմնադրամի նախագահ Մարիա Մեհրանյանը, Հայ-ամերիկյան գործարար խորհուրդի նախագահ Ա․ Ղազարյանը։ Այնուհետև ներկայացվել է «Enterprise Armenia» կազմակերպության կողմից Հայաստանի ներդրումային գրավչությանը նվիրված կարճ տեսահոլովակ, մասնակիցների միջև տեղի է ունեցելմտքերի փոխանակում։

Back to top button