ԿարևորՀասարակություն

3900 եվրո՝ Վոլոդյա Ավետիսյանին․ «Նուբարաշենը» չի քանդվում, պայմանները չեն բարելավվում, դատարանն արագ չի արձագանքում

Իրավունքի խախտումը ճանաչելը և վերացնելը բավարար չէ, անհրաժեշտ է փոխհատուցել խախտված իրավունքների համար։ Դիտարկումը ՄԻԵԴ-ում Վոլոդյա Ավետիսյանի իրավունքների պաշտպան Ռոբերտ Ռևազյանինն է, որի հայցը ՄԻԵԴ-ը բավարարել է մայիսի 3-ին և Հայաստանի Հանրապետությանը պարտավորեցրել Վոլոդյա Ավետիսյանին փոխհատուցել 3900 եվրոյի չափով:

«Այս գործով երկու իրավունքի խախտում էր արձանագրվել մեկը՝ անմարդկային վերաբերմունք և մյուսը՝ իրավական պաշպանության արդյունավետ միջոցի իրավունքի խախտում։ Այսինքն՝ արձանագրվել էր, որ Վոլոդյա Ավետիսյանը պահպանվել է  անմարդկային պայմաններում, չեն բավարարվել սահմանված այն քառակուսի մետրերը, որոնք պետք է նվազագույնը լինեն»։

Դեռ 2015թ. հունվարին հայցադիմում էր ներկայացվել Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարան այն մասին, որ 2013թ. սեպտեմբերից դատապարտյալը պահվում է անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող պայմաններում: Հիմնական խնդիրը սահմանվածից  փոքր տարածքն էր։ Կառավարությունը պնդել է, որ 32 և 35 քմ խցերում պահվել են 5-8 մարդ, սակայն դիտորդական խումբը ՄԻԵԴ-ին հայտնել է, որ 21.9 և 18.6 քմ մակերեսով խցերում պահվել է 7-12 մարդ, այսինքն՝ ամեն մարդուն բաժին ընկող տարածքը եղել է 1.5-2.7 քմ։ Հայաստանի կողմից ընդունված նորմը 4 քմ-ն է, ՄԻԵԴ-ի կողմից ընդունվածը՝ 3 քմ-ը։

Արդարադատության նախարարության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման բաժնի պետ Միշա Խուդավերդյանը ՄԻԵԴ-ի որոշումը մեկնաբանելը ժամանակավրեպ է համարում, սակայն նշում է․

«Ներկայում ունենք 10 քրեակատարողական հիմնարկ որոնք նախատեսված են 4500 անձանց համար, իսկ քրեակատարողական հիմնարկներում պահվում է շուրջ 2200 անձ։ Այս տվյալները ցույց են տալիս, որ ներկայումս գերբնակեցման խնդիր, ինչն արձանագրվել է ՄԻԵԴ որոշմամբ, չունենք»։

Այս դեպքը շուրջ 10 տարի առաջ է արձանագրվել։ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ հիմա էլ քրեակատարողական հիմնարկներում պայմանները նորմայից շատ են հեռու․

«Այսօր ևս ամենօրյա ռեժիմով դիտարկում ենք և նախարարությանն ենք ուղղում գրություններ, հրատապ հաշվետվություններ, որոնք վերաբերում են հենց պահման պայմաններին։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնականում, որտեղ, օրինակ, հացադուլավորների խցերը խայտառակ վիճակում են, և նույնիսկ լուսանկարներ ենք հրապարակել, ներկայացրել ենք հրատապ հաշվետվություններ և ստացել ենք նաև նախարարության արձագանքը, որն ընդունել է, որ  այդ խնդիրը կա և դրված է լուծման ժամանակացույցում»։

Միշա Խուդավերդյանը նշում է՝ վատ պայմաններին մասին տեղյակ են, լուծումը ճանապարհին է․ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի փոխարեն բացվելիք նոր հաստատության նախնական պլանն այս տարի պատրաստ կլինի, իսկ ֆինանսական միջոցներ տրամադրելուց հետո 3-4 տարվա ընթացքում շենքը կկառուցվի։

Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարության համաձայն՝ 2019-23 թվականներին պետք է փակվեին «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց», «Երևան-Կենտրոն», «Գորիս», «Հրազդան» և «Արմավիր» քրեակատարողական հինմարկները՝ նոր հիմնարկներ կառուցելու պայմանով։ Հները դեռ չեն փակվել, նորերն էլ չեն կառուցվել։

Այս դիտարկմանն ի պատասխան Խուդավերդյանը հայտնում է՝ ժամանակ է պետք․

«Հիմնարկի կառուցումը մեկ տարվա կամ երկու տարվա գործընթաց չէ։ Կախված է նախ մոդելի մշակումից, տարածքի ընտրությունից, այնուհետև՝ շինարարական աշխատանքներից, ինչու ոչ՝ նաև ֆինանսավորումից»։

Իրավապաշտպան Ռոբերտ Ռևազյանը նշում է, որ մինչև բարելավումները կլինեն, այժմ տեղի ունեցող խախտումները մնում են անարձագանք։ Դատարանների՝ արագ արձագանքելու հնարավորությունից զրկված լինելը խանգարում է դատապարտյալներին պաշտպտանել իրենց։ Մինչև, օրինակ, քննվում է անմարդկային պայմաններում պահվելու վերաբերյալ գործը, դատապարտյալն ազատ է արձակվում։

«Գործեր կան, որ հրատապություն են ուզում, մանավանդ, երբ հարցը վերաբերում է անմարդկային վերաբերմունքին։ Պետք է հաշված օրերի, որոշ դեպքերում՝ նույնիսկ հաշված ժամերի ընթացքում այդ գործը քննվի, կամ գոնե դատարանը հնարավորություն ունենա կասեցնելու գործընթացը, միջամտելու, կարգադրություն արձակելու, որ էդ անձին, օրինակ, էսինչ խցից անմիջապես հանեք տարեք էսինչ խուց։ Անձը դիմում է դատարան, ասում է՝ էս խցում ինձ ուզում են խոշտանգել, որովհետև, չգիտեմ, իքսի հետ պրոբլեմ ունեմ, իմ վիճակը լավ չի, գիշերը եկավ, աշխատակիցները գնացին, հսկողությունը թուլացավ՝ իմ նկատմամբ ճնշումներ են լինելու։ Դատարանը պետք է ունենա այդ իրավունքը, երբ դիմումը ստանա, ասի՝ հա, խնդիր կա, ասի՝ այս անձին տարեք, տեղափոխեք՝ որպես իրավունքի խախտման կանխարգելման միջոց»։

Նման իրավական կարգավորումներ դեռ չկան, նոր՝ ավելի բարվոք քրեակատարողական հիմնարկների կառուցման անհաստատ ժամկետները իրավապաշտպանին հույս չեն տալիս, թե նոր խախտումներ չեն լինի, լինելու դեպքում էլ հարցը կկարգավորվի Հայաստանում, և կարիք չի լինի դատական ատյանները սպառելով հասնել մինչև ՄԻԵԴ։

Back to top button