Երաժշտական եռանկյունի

Կամերային երաժշտության կենտրոն՝ Հովեր երգչախումբ․ «Երաժշտական եռանկյունի»

Կամերային երաժշտության կենտրոնի մասնաճյուղերից մեկը Հովեր երգչախումբն է, որն այս տարի նշեց իր գործունեության 30-ամյակը:

«18 տարի մենք աշխատել ենք ազատ ստեղծագորածական դաշտում՝ հաղթահարելով բազմաթիվ կազմակերպչական, նյութական և ստեղծագործական խնդիրներ և միայն դրանից հետո մենք եկանք պետական կոլեկտիվի կարգավիճակին, առանց ինչի մեծ կոլեկտիվների գործունեությունը ՀՀ-ում պարզապես հնարավոր չէ», — ասում է երգչախմբի հիմնադիր խմբավար Սոնա Հարությունյանը:

Հովեր երգչախումբը անցել է հետաքրքիր ճանապարհ՝ լեցուն իրադարձություններով, փառատոներով և բազմաթիվ երկրներում հյուրախաղերով: Տարիների ընթացքում ձևավորվել է հսկայական երգացանկ և միայն այդ կոլեկտիվին բնորոշ բեմական ներկայացման ձևաչափ:

«Ինձ միշտ հետաքրքիր են նոր տիրույթներ և դա վերաբերվում է ոչ միայն դասական երգչախմբային երաժշտությանը, այլ նաև՝ ժամանակակից: Հատկապես ինձ հետաքրքիր են հայ հեղինակներ, նոր լուծումներ, նոր տեսլականներ: Ինչ վերաբերվում է բեմից ներկայացնելու առանձնահատկություններին, ապա՝ այո, երգիչների շարժումները բխում են ստեղծագործության բովանդակությունից, հաճախ թելադրվում տեմպով և եղանակով: Հատկապես վերջին՝ Վահե Շարաֆյանի շարքը ներկայացնելիս մենք հրավիրեցինք թատերական ռեժիսոր Նարինե Մալյանին, որը բեմադրեց ամբողջ ծրագիրը»:

Մեր զրույցի երկրորդ մասնակիցը Կամերային երաժշտության կենտրոնի մասնաճյուղի ղեկավար Անուշ Քոչարյանն է:

«Դուք հայտնի եք որպես լրագրող, գրող, ինչպես ստացվեց որ հրավիրվեցիք աշխատանքի, որի բնույթը ավելի մոտ է տնօրենի, արտիստիկ մենեջերի գործառույթներին»:

«Դա ստացվեց ինքնաբերաբար և կարծես թե այլ կերպ չէր էլ կարող լինել: Ես հաճույքով եմ զբաղվում բոլոր կազմակերպչական խնդիրներով, համակարգում երգչախմբի գործունեությունը, կապերը և թղթաբանությունը: Ինձ գրավում է հատուկ ստեղծագործական մթնոլորտը և կոլեկտիվի մեջ եղած մարդկային և մասնագիտական հարաբերությունների բարձր նիշը»: Հաղորդման ընթացքում հնչում են ստեղծագործություններ՝ Հովեր երգչախմբի կատարմամբ :

Back to top button