ԿարևորՏնտեսական

Տնտեսական հարաբերությունները հասցնել քաղաքականի մակարդակին․ հայ–իրանական գործարար համաժողով

Իրանը ոչ միայն հարևան պետություն է, այլև առևտրային կարևոր և հուսալի գործընկեր Հայաստանի համար։ Այս օրերին Երևանում է իրանական կառավարական պատվիրակությունը։ Նախօրեին ստորագրվել են մի շարք կարևորագույն փաստաթղթեր, տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի 17-րդ նիստը: Այսօր սկսվել է հայ–իրանական գործարար համաժողովը։ Երկու կողմից էլ հնչում է նույն գնահատականը՝   տնտեսական հարաբերություններն էականորեն զիջում են քաղաքական հարաբերություններին։ Մինչդեռ  երկկողմ հետաքրքրությունների շրջանակն ընդգրկուն է՝ գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերից մինչև շինարարություն ու կենցաղային տեխնիկա։  

Փոխադարձ պայմանավորվածություններ էներգետիկ և տրանսպորտային բնագավառներում, մասնավորապես՝ «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման, Հյուսիս-հարավ էներգետիկ քառակողմ կապի և Պարսից ծոց — Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի կյանքի կոչման ուղղությամբ։ Հայ–իրանական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստի օրակարգային հարցերն են՝ ըստ Հայաստանի փոխվարչապետի։ Մհեր Գրիգորյանն ընդգծում է՝ տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման համատեքստում Իրանի Իսլամական Հանրապետության հետ Հայաստանի Հանրապետության երկաթուղային կապի հաստատումը հիմնական հարցերից մեկն է։  Հյուսիս– հարավ ծրագիրը  հնարավորինս արագ  ավարտին հասցնելու  համար ամեն ինչ արվում է՝ արձանագրում է Մհեր Գրիգորյանը.

«Տարածարշրջանային կարևոր նշանակություն ունի այդ ծրագիրը։ Այն շատ կարևոր է Հայաստանի էներգետիկ համակարգի, երկկողմ հարաբերությունների համար։ Շատ կարևոր է տարածաշրջանային էներգետիկ տրանզիտի համար։ Տեղի է ունենում ԵԱՏՄ միասնական շուկայի կանոնների իմպլեմենտացիա, ինչը նշանակում է, որ դա շատ կարևոր մի ենթակառուցվածք է, որը նաև Իրանին է հնարավորություն տալիս  մեր միջոցով միանալ միասնական շուկային»։

Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի էներգետիկայի նախարարների փետրվարյան հանդիպումն ու   Ադրբեջանի հայտարարությունը, թե  քննարկում է եղել «Հյուսիս–հարավ» էներգետիկ միջանցք բացելու հնարավորության մասին, արդյո՞ք նշանակում է, որ Հայաստանը դուրս է մղվում «Հյուսիս–հարավ» էներգետիկ միջանցքի ծրագրից․ հարցին ի պատասխան Իրանի էներգետիկայի նախարար Ալի-Աքբար Մեհրաբիանն ընդգծում է՝ Երևանում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որն ունի կետ՝ էլեկտրաէներգիան Իրան–Հայաստան–Վրաստան երթուղով փոխանցելու մասին.

«Մենք նաև Ադրբեջանի կողմից դեպի Ռուսաստան էլեկտրաէներգիայի գծերն ենք սինքրոնացրել ենք, նաև սինքրոնացնում ենք դեպի Վրաստան։ Սեզոնային առումով մենք տարբեր պայմաններում ենք գտնվում․ Ռուսաստանին անհրաժեշտ է, որպեսզի էլեկտրաէներգիային ավելի շատ փոխանցվի ձմռանը, իսկ մեզ Իրանում անհրաժեշտ է, որ ավելի շատ ամռանը ստանանք էլեկտրաէներգիա։ Ուստի՝ էներգետիկ ուղիների բազմազանությունը նպաստում է, որ մենք կարողանանք տարբեր կլիմայական պայմաններում մեզ անհրաժեշտ ծավալը ստանալ, իսկ ավելցուկը՝ արտահանել»։

Ռուս–ուկրաինական պատերազմի ու արևմտյան պատժամիջոցների ֆոնին գազի համաշխարհային պահանջարկի աճով պայմանավորված՝ Իրանի էներգետիկայի նախարարը  կարևորում է իրանական գազի տարանցման հնարավորությունները մեծացնելու հարցը՝ նկատելով, որ Իրանից Հայաստան գազի արտահանման ծավալները ավելացել են։

2006 թվականին  մեկնարկած Իրան –Հայաստան  3-րդ էլեկտրահաղորդման  գծի կառուցումը պետք է ավարտվեր  2009 թվականին։ Մինչ օրս, սակայն,  աշխատանքներն ավարտված չեն։ Պատճառներն օբյեկտիվ ու սուբյեկտիվ են՝ «Ռադիոլուր»–ին ասում է ՏԿԵ փոխնախարար Հակոբ Վարդանյանը.

«Կարող եմ փաստել, որ շինարարությունն ակտիվ փուլ է մտել 2018 թվականի փետրվարից։ Մինչև այդ  կատարվել էր աշխատանքների շուրջ 10 տոկոսը։ 2017թվականի դեկտեմբերին պայմանավորվածություն է ձեռք բերվել  ակտիվացնելու շինարարությունը»։

Ծրագրի ավարտից հետո կողմերը նախատեսում են  «գազ էլեկտրաէներգիայի դիմաց» փոխանակման ծավալներն ավելացնել։ Այս մասին նշվում է երկու երկրների ղեկավարների հանդիպման արդյունքներն ամփոփող հաղորդագրության մեջ։ Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Երևանի ՋԷԿ-ում արտադրվում և Իրան է մատակարարվում 3 կՎտժ էլեկտրաէներգիա։ Հայաստանից Իրան առաքվող էներգիայի տարեկան ծավալը մոտ 1,2 մլրդ կՎտ/ժ է։ Իսկ Իրանից Հայաստանը ներկրում է տարեկան 370-380 մլն խմ գազ։

Հայ–իրանական տնտեսական հարաբերություններն էականորեն զիջում են քաղաքական հարաբերություններին՝ ընդգծում են կողմերը։  Մինչդեռ տնտեսական երկկողմ հետաքրքրության ոլորտները տարբեր են՝ գյուղատնտեսության գրեթե բոլոր ճյուղերից մինչև շինարարություն, շինանյութերի արտադրություն ու կենցաղային տեխնիկա։ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ առևտրային կցորդ Վարդան Կոստանյանը նշում է՝ 2021–ին 103 մլն դոլարով առևտրաշրջանառությունն աճել է՝ կազմելով 503 մլն դոլար։ Աճի միտումը պահպանվել է  նաև այս տարվա առաջին եռամսյակում.

«Կարող եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ ընդհանուր առևտրաշրջանառության մեջ ավելի շատ ներմուծող ենք, քան արտահանող։ Այժմ շատ լուրջ աշխատում ենք բարտերային համակարգի վրա։ Երբ արդեն վերջնական համաձայնության կգանք, այդ դեպքում լայն հնարավորություն կընձեռի հայկական ապրանքների մուտքը դեպի իրանական շուկա։ Մեր հիմնական այցեքարտը կոնկրետ Իրանի հետ կապված համատեղ արտադրություն կազմակերպելն ու ԵԱՏՄ շուկա դուրս գալն է»։

Աշխարհաքաղաքական իրադարձություններով պայմանավորված՝ հայ–իրանական հարաբերությունների ու գործարար կապերի ամրապնդումն է կարևորում  էկոնոմիկայի փոխնախարար Արմեն Արզումանյանը։ «Ռադիոլուր»–ի հետ զրույցում նկատում է՝  փոխադարձ առևտրի ծավալների ավելացման մեծ ներուժ կա, մինչդեռ  Իրանը ներդրողների առաջին հնգյակում ներառված չէ.

«Մենք տնտեսական դիվանագիտության ինստիտուտն ենք զարգացնում, այս առումով տարիներ շարունակ փորձել ենք տարբեր երկրներում նոր  շուկաներ գտնել ու հայ արտահանողների համար բարենպաստ դիրքեր գրավել։ Իրանը գյուղմթերքի առումով մեծ պահանջարկ ունենք։ Աշխատանքներ իրականացվում են»։

ՊՏՀ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի դեկանն ընդգծում է՝ փոխադարձ առևտրաշրջանառությունն աճում է, իսկ ներդրումները՝ ոչ։ Դրական զարգացում, սակայն, կա՝ Իրանում հետաքրքրված են ճանապարհաշինարարության ոլորտով.

«Եթե իրանական կողմն այս ոլորտում իսկապես ներդրումներ իրականացնի, ապա դա չի նշանակում ներդրումներ միայն այս ոլորտում, դրանք կլինեն համալիր ներդրումներ։ Օրինակ՝ բիթումը, մազութը, որ օգտագործվում են ճանապարհաշինարարության մեջ, ցանկանում են բերել Հայաստան»։

Թե հայկական, թե իրանական կողմում կարծում են, որ առաջիկայում երկու երկրների տնտեսական համագործակցությունը կամրապնդվի։

Ցուցադրել ավելի
Back to top button