ԿարևորՔաղաքական

Մայիսի 16-17-ը Մոսկվայում կկայանա սահմանազատման հարցով հանձնաժողովի նիստը. Միրզոյան

Հաջորդ շաբաթ Մոսկվայում նախատեսված է Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների նիստը, այսօր հայտնել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Ցանկանում եմ տեղեկացնել, որ մենք զրուցել ենք մեր ադրբեջանցի գործընկերների հետ սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովներ ստեղծելու հարցի շուրջ, և կարծես թե փոխվարչապետ (ՌԴ Ալեքսեյ) Օվերչուկի հետ պայմանավորվածություն կա, որ մայիսի 16-17-ը Մոսկվայում հանդիպում կլինի կոմունիկացիաների հարցով, և կա նաև պայմանավորվածություն, որ նույն օրերին Մոսկվայում կկազմակերպվի երկկողմ հանդիպում սահմանազատման և սահմանների անվտանգության վերաբերյալ»,- ասել է Միրզոյանը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը։

Ապրիլի 6-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի մասնակցությամբ Բրյուսելում կայացած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Բաքուն և Երևանը պետք է սահմանազատման համատեղ սահմանային հանձնաժողով կազմեին, որի առաջին հանդիպումը նախատեսվում էր անցկացնել մինչև ապրիլի վերջ։

Back to top button