Հեպատիտի անհայտ ծագման հարյուրավոր մտահոգիչ դեպքեր՝ երեխաների շրջանում․ ի՞նչ վիճակ է Հայաստանում

Աշխարհում անհայտ ծագման սուր, ծանր հեպատիտների դեպքերը երեխաների շրջանում ավելացել են։ Միտումը մտահոգել է առողջապահական միջազգային մարմիններին, որոնք փորձում են պարզել խնդրի պատճառները։ Ի՞նչ վիճակ է այս առումով Հայաստանում։ Հայ մասնագետներն իրենց հերթին են որոշ դիտարկումներ արել՝ հիմք ընդունելով երեխաների շրջանում հիվանդացությունը։

«Հերացի» վերլուծական կենտրոնը «Մուրացան» հիվանդանոցային համալիրի ինֆեկցիոն ծառայության հետ համատեղ ամփոփել է ծանր հեպատիտների մասին առկա փաստերը։ Դիտարկման հիմքում աշխարհում ի հայտ եկած նոր մտահոգիչ միտումն է՝ երեխաների շրջանում ի հայտ են եկել հեպատիտների անհայտ ծագման հարյուրավոր դեպքեր։ Առաջին դեպքերը նկարագրվել են ապրիլին՝ Անգլիայում՝ նախկինում առողջ մինչև 10 տարեկան երեխաների շրջանում՝  «Ռադիոլուրին» ասում է «Մուրացան» հիվանդանոցային համալիրի տնօրեն Հռիփսիմե Ապրեսյանը։ Իսկ արդեն մայիսին Եվրոպական Միության 15 երկրում արձանագրվել է հիվանդության շուրջ 95 դեպք, ևս 145–ը գրանցվել է Միացյալ Թագավորությունում.

«Այստեղ բավականին բարձր ծանր ընթացքի հավանականությունով ընդհուպ մինչև  ամեն 10–րդի երեխային  հարկ էր եղել լյարդի տրանսպլանտացիա անել»։

Անհայտ ծագման սուր, ծանր հեպատիտներին բնորոշ գանգատներն են լյարդի բորբոքումը, արյան մեջ բարձր բիլիռուբինը, խիստ նկատելի դեղնություն։ Հիվանդ երեխաների գրեթե 80 տոկոսն այս գանգատներն ունեն՝ ասում է մասնագետը։ Կարող են լինել նաև ցավ որովայնում, փսխում, սրտխառնոց, փորլուծություն, ոմանց մոտ՝ կղանքի գունազրկում. 

«Հիմնական գանգատը, որն աչքի է ընկնում, դեղնությունն է»։ 

Անհայտ ծագման հեպատիտների պատճառները դեռ ուսումնասիրվում են։ Հռիփսիմե Ապրեսյանն ասում է՝ մեծ է հավանականությունը, որ պարզվի՝  դա ադենովիրուս է նոր դրսեւորմամբ, քանի որ հիվանդների 70 տոկոսի մոտ դա է հայտնաբերվել։ Սակայն հիվանդության հնարավոր պատճառները բազմաթիվ են.

«Օրինակ՝ քովիդից հետո օրգանիզմում որոշակի փոփոխություններ կարող են տեղի ունենալ, և  այդ նույն ադենովիրուսն ավելի ագրեսիվ ընթացք ունենա։ Հնարավոր է՝  ադենովիրուսի նոր շտամ է, որը նման ընթացք է ունենում։ Հնարավոր է  մի քանի վարակի համադրություն։ Դեռ վերջնականացված չէ, պարզված չէ, սակայն հավանականությունը բարձր է, որ դա ադենովիրուսային  ծագման լինի»։

Հայաստանում այս պահին մտահոգիչ այս վարակի նկարագրված դեպքեր չկան՝ շեշտում է «Ռադիոլուրի» զրուցակիցը։ Սակայն հնարավոր սցենարներին պատրաստ լինելու համար  առողջապահության նախարարությունն արդեն շրջաբերականներ է ուղարկել Հայաստանի բոլոր հիվանդանոցներին։ Բոլորը տեղակացված են և հետևում են ընթացքին՝ ասում է բժիշկն ու ավելացնում՝ պետք է զգոն լինել.

«Այսինքն՝ եթե  մենք ընդունում ենք հիվանդների, որոնք ունեն իմ նշած գանգատները, այն է՝ դեղնություն, փսխումներ, ցավ որովայնում և այլն, ապա  այս հիվանդների մասին շտապ հաղորդում է տրվում,  և հետագա ուսումնասիրությունը եթե հայտնաբերում է պատճառը, ապա դա սովորական դեպք է, չհայտնաբերելու դեպքում դրա մասին արդեն հաղորդվում է նախարարությանը» ։

Անհայտ ծագման սուր, ծանր հեպատիտները վարակիչ են, սակայն այս պահին մարդուց մարդու վարակման դեպքեր չեն արձանագրվել՝ ասում է «Մուրացան» հիվանդանոցի տնօրենը։  Երբ պարզվեն առաջացման պատճառները, այն ժամանակ էլ պարզ կլինի՝ վարակիչ է, թե՞ ոչ.

«Խոսքը վերաբում  է  վարակի գործոնին, բայց այս պահի դրությամբ մարդուց մարդուն վարակման դեպքեր դեռ չկան, ինչից է փոխանցվում  է օրգանիզմին հարուցիչը՝  պարզ կդառնա, երբ վերջնականացվի պատճառային գործոնը։ Այսինքն՝ եթե իմանանք, օրինակ, ադենովիրուս է,  հասկանալի կդառնա, որ վարակը փոխանցվում է այսինչ աղբյուրից։ Փաստը, որ սա վարակ է, հստակ է»։

Եթե երեխան ունի խնդիրներ, բայց բժիշկները հեպատիտ Ա, Բ, Ց, Դ, Ե վիրուսները բացառում են, այդ դեպքում հիվանդանոցները պետք է առաջնորդվեն  ԱՀԿ-ի սահմանած դեպքերի բնորոշումներով և դրանց մասին շտապ տեղեկացնեն ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն՝ որպես լյարդի բորբոքային հիվանդության չճշտված հեպատիտ՝ «Ռադիոլուրին» ասում է ՀՎԿԱԿ  վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության  վարչության բժիշկ–համաճարակաբան Մարո Հարությունյանը.

«Ուղարկել ենք ԱՀԿ–ի սահմանած դեպքի բնորոշումներ։ Երեք դեպք՝ հաստատված, հավանական և համաճարակային  կապակցված։  Հաստատված դեպք դեռևս կիրառելի չէ։ Հավանական դեպքը, որ 2021–ի հոկտեմբերի մեկից սուր հեպատիտով արյան շիճուկում տրանսամինազների մակարդակի 500 միջազգային միավոր  լիտրից բարձր և 16 տարեկանից ցածր տարիքի անձինք են։ Համաճարակային կապակցված դեպքերը ցանկացած տարիքի սուր հեպատիտ ունեցող  անձն է, որը հաստատված դեպքի հետ սերտ շփման մեջ է եղել 2021 թվականի հոկտեմբերից»։  

Որպեսզի Հայաստանը պատրաստ լինի երեխաների շրջանում անհասկանալի ծագման հեպատիտներին, երկրում գործող հիվանդանոցները պետք է հետեւեն նախարարի հրամանին, որով կարգավորվում են վիրուսային Բ, Ց հեպատիտների  համաճարակաբանական հսկողության սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմերը։ Հրամանով սահմանվում է, որ այդ նորմերի կատարումը պարտադիր է Հայաստանում գործող բոլոր բուժհիմնարկների համար, որոնք կազմակերպում են վիրուսային հեպատիտներ հայտնաբերումը և բուժօգնությունը.

«Այդ ամենը կազմակերպելով հուսով ենք ՀՀ–ում դեպքեր հայտնաբերելու դեպքում շուտ կանխարգելել»։

Առողջապահության նախարարությունից «Ռադիոլուրին» տեղեկացնում են՝  հիվանդանոցները տեղեկացված են աշխարհում առկա միտումներին եւ պատրաստ են անհրաժեշտ քայլերի, մասնագետները ևս պատրաստ են Հայաստանում դեպքեր արձանագրվելու դեպքում անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։ Մասնագետներն էլ իրենց հերթին են ծնողներին զգոնության կոչ անում՝  երեխաների մոտ վերոնշյալ ախտանշանների  դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ, անմիջապես դիմել մասնագետներին, ինչպես նաև խստորեն  հետևել հիգիենայի  կանոններին։ 

Ցուցադրել ավելի
Back to top button