ԿարևորՀասարակություն

Գերիների հարցում Բաքուն սեփական խոսքի տերը չէ․ միջազգային դատական ատյաններում գործերը դեռ քննության փուլում են

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի թեման Հայաստանի բոլոր պաշտոնական հանդիպումների ու զրույցների առանցքում է։ Որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ մոտեցումը միանշանակ է գործընկեր բոլոր երկրների կողմից։ Մինչդեռ պաշտոնական Բաքուն այս հարցում չի պահում սեփական խոսքը։ «Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել»,- նախօրեին Նիդերլանդներում ընդգծել է Հայաստանի վարչապետը։ Իսկ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի գրասենյակից «Ռադիոլուրին» փոխանցել են՝ միջազգային դատական ատյաններում հայ ռազմագերիների իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը դեռ քննության փուլում են։

Պաշտոնական Բաքուն չի պահում սեփական խոսքը։ Հայաստանի վարչապետը Նիդերլանդներում իր գործընկերոջ  հետ հանդիպմանը հերթական անգամ արձանագրում է՝ Ալիևը խոստացել էր գերիների հերթական խմբին ազատ արձակել, սակայն մինչ օրս դա տեղի չի ունեցել։

«Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ Ադրբեջանի ղեկավարը խոստացավ, որ գերիների հերթական խմբին ազատ կարձակի, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել։ Ես կարծում եմ, որ հնարավոր չէ խաղաղության մասին խոսել՝ արհամարհելով հարցի հումանիտար կողմը։ Միջազգային հանրությունը պետք է այս իրավիճակի մասին իմանա, և ես պետք է կոչ անեմ և խնդրեմ, որ շարունակվեն քայլերը, հորդորները Ադրբեջանին, որ պետք չէ մարդկանց քաղաքական առևտրի առարկա դարձնել»,– ասել է Նիկոլ Փաշինյանը։

Հայ ռազմագերիների վերադարձին աջակցելուն պատրաստ լինելու մասին Փաշինյանի հետ հանդիպումից հետո խոսել է Նիդերլանդների վարչապետը։ Մարկ Ռուտենը վստահեցրել է՝ իրենք  հայ գերիներին Ադրբեջանից ապահով հայրենիք վերադարձնելու կողմնակիցն են:

Հայ ռազմագերիների վերադարձի թեման նաև Բլինքեն-Ալիև զրույցի առանցքում էր։ Նախօրեին ԱՄՆ պետքարտուղարն Ադրբեջանի նախագահի հետ հեռախոսազրույցում շեշտել է՝ պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության բանակցությունները դրական հանգուցալուծման հասցնելուն։  «Թվիթեր»-ի իր էջում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը նաեւ վերահաստատել է․ «ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել նաև գերիների վերադարձի հարցում»։

Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հայրենիք վերադարձի թեման Հայաստանի բոլոր պաշտոնական հանդիպումների առանցքում է։ Հիշեցնենք դրանցից վերջինները։ Վիլնյուս՝ մայիսի 6․ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի առաջացրած հումանիտար խնդիրների և գերիների հայրենադարձման անհրաժեշտության մասին Վիլնյուսում Լիտվայի իր գործընկերոջ հետ խոսել է ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը։ Վաշինգտոն՝ մայիսի 6․ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բոբ Մենենդեսի հետ պաշտոնական հանդիպմանը նույն թեման բարձրաձայնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Որ հայ ռազմագերիները պետք է անհապաղ վերադարձվեն՝ մոտեցումը միանշանակ է միջազգային բոլոր հարթակներում և բոլոր պաշտոնական հանդիպումներում։ Եվ չնայած դրան՝ միջազգային դատական ատյաններում դեռ էական զարգացում չկա՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ  ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը։ Բոլոր դատական գործերը և Հայաստանի ներկայացրած դիմումներն առայժմ քննության փուլում են։

«Ապրիլի վերջին ևս մեկ զինծառայող էր հայտնվել Ադրբեջանի զինված ուժերի տարածքում։ Միակ նորությունն այն է, որ այդ զինծառայողի իրավունքների պաշտպանության համար ևս, ինչպես նախկինում՝ մյուս գերեվարված զինծառայողների համար, այս դեպքում ևս միջանկյալ միջոց կիրառելու համար  ներկայացրել ենք միջանկյալ միջոց կիրառելու պահանջ, որն Ադրբեջանը կոմունիկացրել է Ադրբեջանին և ժամանակ է տրամադրել անձի վերաբերյալ կոնկրետ տեղեկատվություն և փաստաթղթեր ներկայացնելու համար»,– ասում է Լիպարիտ Դրմեյանը։

Դրմեյանը հիշեցնում է՝ ՀՀ-ն ՄԻԵԴ միջպետական 2 գանգատ է ներկայացրել, որոնք վերաբերում են 2020թ․ 44–օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո մի շարք խախտումների, այդ թվում՝ գերեվարված զինծառայողների և քաղաքացիական անձանց իրավունքների խախտումներին։

«Բոլոր հարցերն այս երկու գանգատներում բարձրաձայնված են, անդրադարձ կա, իհարկե, նաև նրանց արդար դատաքննության իրավունքի խախտումներին։ Այս պահին բոլոր այդ գանգատները քննության փուլում են, որևէ նոր զարգացում այս պահին չունենք»։

150 հայրենադարձված, 38 պաշտոնապես հաստատված գերի և ևս 200 անհետ կորած անձ ունենք՝ «Ռադիոլուր»–ին ասում է ՄԻԵԴ–ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավարը։ 38 գերիներից 37–ի նկատմամբ Ադրբեջանն արագացված ընթացակարգերով դատական գործընթացներ է սկսել՝ նրանց վերագրելով շինծու մեղադրանքներ՝ ահաբեկչություն, լրտեսություն, զինված խմբավորումների ձևավորում, սահմանի  ապօրինի հատում։ Եվս 80 գերու վերաբերյալ հայկական կողմը բազմաթիվ փաստեր ունի, նրանց գերեվարված լինելը, սակայն, Բաքուն պաշտոնապես չի հաստատել։

«Ոչ բոլոր դեպքերում է, որ Ադրբեջանը պատասխանել է այդ հարցադրումներին, այս պահին դեռևս 38 անձ, որոնց վերաբերյալ ադրբեջանական կողմից կան հաստատումներ,  շարունակում են մնալ Ադրբեջանում: Մնացած բոլոր անձինք, որոնց վերաբերյալ Ադրբեջանը պատասխաններ չի ներկայացրել, բայց կան փաստեր՝ լուսանկարներ, վիդեոներ կամ այլ տիպի ապացույցներ, որոնք ներկայացվել են Եվրոպական դատարան քննվելու է բռնի անհետացած անձանց իրավունքների խախտման շրջանակում: Փաստացի, Ադրբեջանը մինչ օրս չի հայտնում որևէ տեղեկատվություն այդ անձանց գտնվելու վայրի մասին: Մեր և անհատ փաստաբանների կողմից, սակայն, հիմնավորվում է, որ ինչ-որ պահի այդ մարդիկ գտնվել են Ադրբեջանի ԶՈՒ հսկողության ներքո»,– ասում է Դրմեյանը:

Հայաստանը նաև Եվրոպական դատարան է ներկայացրել 300 անձի վերաբերյալ դիմումներ, որպեսզի ռազմագերիների և Ադրբեջանում պահվող այլ քաղաքացիական անձանց իրավունքները պաշտպանելու նպատակով միջանկյալ միջոցներ կիրառվեն։ Դրանցից  բավարարվել է 291-ը։ Ստացվում է, որ ՄԻԵԴ –ի կողմից բավարարված 291 դիմումներից Բաքուն  հաստատում է 38 –ը, լռում 253–ի վերաբերյալ, իսկ միջազգային հարթակներում հայտարարում, թե Ադրբեջանում գերիներ չկան։

Back to top button